ՄԵՆՔ «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ԷԼ ՉՈՒՆԵՆՔ 


 

«Ավանգարդն» իր իրազեկ աղբյուրներից տեղեկացել է, որ գաղտնի մի գործարքի արդյունքում Հայաստանը «Ռուսգազարդ»-ին է վաճառել իր բաժնեմասը, այսինքն` 20 տոկոսը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում այս գործարքի մասին լուրերը հերքելու փոխարեն` ասացին, թե բանակցություններ են վարվում «Գազպրոմի» հետ` գազի գնի վերաբերյալ: Մինչդեռ մեզ տեղեկացրել են, որ Ռուսաստանը շատ վաղուց գազի գինը հասցրել է $240-ի` 1 խմ-ի համար: Հայաստանը այդ նույն ժամանակահատվածում ստացված գազի համար վճարել է $180: Եվ ահա պարտքերը փակելու համար Հայաստանը վաճառել է իր մասնաբաժինը: Իսկ պարտքի վճարման գին է սահմանվել 63 մլրդ դրամը:

Այս ամենից կարելի է հետևություն անել, որ ապրիլի 1-ից 1խմ-ի համար Հայաստանը պետք է վճարի 240 դոլար, ինչն էլ նշանակում է, որ բնակչությանը տրվող գազի սակագինը ևս թանկանալու է:

Ժամանակ առաջ մենք աղմուկով բացեցինք հայ-իրանական գազատարը, որի շուրջ հիմա լռություն է իշխում, ոչ ոք չի ուզում պատասխանել այն հարցին, որ եթե ունենք այդ գազատարը, ինչու՞ ենք ենթարկվում ռուսաստանյան քմահաճույքներին և ինչու՞ ենք գազի դիմաց աստիճանաբար մեր ռազմավարական նշանակության կառույցները հանձնում այդ երկրին: Գուցե հայ-իրանական գազատարը բլե՞ֆ է, գուցե այն իրականության մեջ չկա՞: Այդ դեպքում, առավել ճիշտ չի՞ լինի, եթե մեր իշխանություններն ազնվաբար հայտարարեն այդ մասին, և, ինչպես միշտ` մենք կհասկանանք մեր իշխանություններին ու կներենք...

Կներենք` թեկուզ անզորության պատճառով: