ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԸ ԹԱՆԿ Է 


 

Զարմանալի բան է կատարվում Լեռնային Ղարաբաղում. Հայաստանի հետ գտնվելով միևնույն տնտեսական դաշտում, այստեղ, սակայն, հեղուկ վառելանյութը և գազը շատ ավելի թանկ են. դրանք գերազանցում են հայաստանյան միջին գներին: ԼՂՀ ԱԺ-ում այս հարցը բարձրացվել է, պատգամավորներն իրենց դժգոհությունն են հայտնել, սակայն այդպես էլ որևէ ողջամիտ պատասխան չի հնչել:

Ղարաբաղում հեղուկ գազի ու բենզինի ներկրմամբ զբաղվում են երեք-չորս հոգի, և նրանց բոլորի համար ներկրման աղբյուրը Հայաստանն է: Հետևաբար, ինչպես տեսնում ենք, օգտվելով գրեթե պատերազմական վիճակից, շրջափակումից, որոշ ղարաբաղյան գործարարներ որոշել են կողոպտել սեփական ժողովրդին և գերշահույթներ ապահովել: Եթե թանկ են բենզինն ու գազը, բնականաբար թանկ են նաև ուղևորափոխադրումները: Ստեփանակերտում 1կմ-ի համար տաքսի ծառայությունները սահմանել են 140 դրամ սակագին, ինչը ողջ աշխարհում ամենաբարձր գինն է: Թե ո՞վ է զբաղվելու այս հարցով և ո՞վ է վերջապես կարգուկանոն սահմանելու այս ոլորտում` հայտնի չէ: Արցախի կառավարությունն էլ, մեր կառավարության նման, շատ հարցերի պարզապես չի կամենում պատասխանել` այսպես ճանապարհ բացելով ամենաթողության առջև...