Կաշառքը` թալիսման


 

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի առողջապահության նախարարության որոշմամբ հղիներին տրվում է ծննդօգնության պետական հավաստագիր, համաձայն որի նրանք ստանում են հղիության ընթացքի հետազոտություններն ու ծննդաբերությունն անվճար անցկացնելու իրավունք: Բայց որոշ հիվանդանոցներ շարունակում են գումարներ շորթել:

Վերջերս նմանատիպ դեպքի է առնչվել նաև ծանոթներիցս մեկը` Անի Գ.-ն, ով հարազատների ու ծանոթների խորհրդով որոշել էր ծննդաբերել մայրաքաղաքի հայտնի հիվանդանոցներից մեկում: Բայց արի ու տես, որ խորհրդատուներն էլ սխալվել էին:

- Ինձ դեռ նոր էին բարձրացրել ծննդասենյակ, եկավ հերթապահներից մեկը, բուժքույր էր երևի, ձևականորեն հարցրեց որպիսությունս, ապա անցավ իր բուն թեմային. «Գիտե՞ս, ազիզ ջան, էստեղ ամենակարևոր գործը մենք ենք անելու, մենք ենք քեզ օգնելու, չմոռանաս մեր մասին: Բժշկի դերը երկրորդական է, բայց չգիտես ինչու ընդունված է, որ պապաներն իրենց շնորհակալությունը հայտնում են հենց նրան…»,- պատմում է Անին:

Անիի պատմությունն ասես կրկնությունն է մայր դարձող բազմաթիվ կանանց «գլխով անցածի»:

- Փառք Աստծո, երեխաս բարեհաջող աշխարհ եկավ, բայց իր կյանքի առաջին վայրկյաններին` մայրական քնքշանքից էլ առաջ, կաշառքի սուր հոտը զգաց: Առաջին ծանոթս, ընդամենը րոպեներ առաջ ծնված երեխայիս տարավ բաց լուսամուտի մոտ ու երկար պահեց այնտեղ` այն հույսով, որ հեռվում կանգնած հարազատներս կնկատեն ու իր հասանելիքը կուղարկեն: Խոսում էր, ինքն իրեն փնթնփում. «Մեզ ո՞վ կհիշի, սրանց համար չարչարվենք, որ էս կերպ հատուցեն, մենակ սա չի, է˜, սաղ են էսպիսին»:

«Զանգեցի, որ ամուսինս փող ուղարկի, այլապես անհնար էր: Վերցնելով գումարը, տիկինը հայտարարեց, որ քիչ է: Ինձ տեղափոխում էին հիվանդասենյակ: Երեխաս նրա գրկում էր: Արցունքներս անխնա գլորվում էին, վախենում էի, լարվել ու դողում էի, հանկարծ չվնասի մանկիկիս, սարսափելի էր…»,- շարունակում է Անին:

Երեք օր շարունակ, մինչև հիվանդանոցից դուրս գրվելը, նորաթուխ մորը համակած երջանկության հետ մեկտեղ Անին զգաց պարզ, բայց ցավալի մի իրողություն. «Մանկան ճիչն անգամ առանց կաշառքի չի ելնում աշխարհ»:

- Ջերմություն ունեի, իսկ բժշկի նշանակած ջերմիջեցնողը բուժքույրը չէր տվել: Փող չէի տվել, ինքն էլ «մոռացել» էր դեղը տալ: Ջերմությունս գնալով բարձրանում էր: Բուժքույրը խնդրեց կատարվածի մասին բժշկին ոչինչ չասել… անցավ,- խոստովանում է Անին:

Նրանք խիղճ չունեն: Առանց գումար շորթելու ոչինչ չեն անում: Կաշառքը ասես նրանց թալիսմանը լինի:

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ