ԵԹԵ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ.... 


 

Հետագայում Հայաստանի նորոգ պատմությունը գրողները կարող են այս փաստն արձանագրել` այսպիսով «անմահացնելով» կուսակցությանը, որը կարողացավ խորհրդարան մտնել, սակայն այդպես էլ որևէ դերակատարություն չունենալ երկրում: Ավելի ճիշտ, կուսակցությունն այդ դերակատարման մասին չի էլ մտածել ի սկզբանե, որովհետև գերխնդիր չի եղել քաղաքական ակտիվությունը: Ավելին, այստեղ զտարյուն քաղաքական գործիչ կարելի է համարել միայն նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին, իսկ ահա կուսակցության առաջնորդը, ինչպես արդեն գրել ենք բազմիցս, կիսաօլիգարխիկ երևույթ է` «քաղաքական շարմով»…

Ի՞նչն է հիմա «Ազատ դեմոկրատներին» դրդել գնալու մի նոր քաղաքական ավանտյուրայի` հենց սկզբից գիտենալով, որ թեկնածուն դատապարտված է պարտության: Խայտառա´կ պարտության, որովհետև եթե ԱԴ-ն, ըստ հանրային հարցումների, ունի մեկ տոկոսից ցածր վարկանիշ, ապա հազիվ թե նրա թեկնածուն գերազանցի կուսակցությանը, մանավանդ որ Անուշ Սեդրակյանը քաղաքականության ու երկրի համար անհայտ կերպար է: Ճիշտ է, ՀԱԿ-ի շրջանակներում այս տիկինը երբեմն-երբեմն մասնակցում էր «մատյան գնդի» գործողություններին և փորձում դառնալ ՀԱԿ-ի Հեղինե Բիշարյանը, սակայն նրա ներուժը չբավականացրեց` անգամ Բիշարյան դառնալու: Պետք է ենթադրել, որ որևէ միջազգային կառույց «Ազատ դեմոկրատներին» գրանտ է խոստացել` կին թեկնածու առաջադրելու և այս ճանապարհով ժողովրդավարական երևութականություն ստեղծելու համար:

Եթե գրանտների խնդիր ու կեղծ ժողովրդավարական պատկերացումներ հաստատելու նկրտում չկա, ինչու՞ է այդ կուսակցությունը ներքաշվում նախընտրական պայքարի մեջ: Կարելի է քննարկել երկու տարբերակ. առաջինին անդրադարձանք` սնուցող միջազգային կազմակերպությունները, որոնք կամենում են իրենց ստեղծած ուժին պահել քաղաքական դաշտում` այսպես նաև պարտակելով Քոքոբելյանի տխրահռչակ ներկայությունը: Երկրորդ տարբերակն այն է, որ մեր իշխանություններն են «դաբրո» տվել «Ազատ դեմոկրատներին»` այս կուսակցության միջոցով նաև փոշիացնելու ընդդիմադիր զանգվածի տրամադրությունները:

Քաղաքական վերլուծաբաններից մեկը գրել էր, թե Հայաստանում շատ տխուր ու կանխատեսված նախագահական ընտրություններ են սպասվում: «Տխուր» ասվածին համաձայն չենք, որովհետև արդեն իսկ ամեն ինչ դառնում է զվարճալի, գրեթե` երգիծական… Այսինքն, քաղաքական զարգացումներում մենք ոչ թե դեպի առաջ ենք գնում, ոչ թե ձգտում ենք նոր սկզբունքներ կիրառել, այլ դոփում ենք տեղում` ծիծաղելին ու երգիծականը դարձնելով մեզ համար առաջնային… 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ