ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Օրերս հայտնի դարձավ, որ ոստիկանության Գյումրիի բաժնում համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, թե համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում` նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում: Նույն օրն առավոտյան Գյումրիի քաղաքապետարանի կողմից ավտոտնակը կնքվել և ի պահ է հանձնվել նշված ընկերության պահակին` մինչև հետագա տնօրինման հարցի լուծումը: Սակայն ժամեր անց պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կաղապարակնիքը, և ավտոմեքենան փախցրել են:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:
Նշենք, որ այս մեքենայի շուրջ օրերս մեծ աղմուկ էր բարձրացել. Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման վերջին օրերին այս մեքենան ընդամենը 100 հազար դրամով օտարվել ու գնվել էր քաղաքապետի եղբոր` Գևորգ Ղուկասյանի կողմից: Իհարկե, վաղուց շարքից դուրս եկած մեքենայի արտաքին տեսքին նայողը կմտածեր, թե 100 հազար դրամը գերազանցում է մեքենայի իրական արժեքը: Բայց սա արդեն հնաոճ մեքենա է, անտիկվար արժեք, ուստի նշանակված գումարը չափազանց քիչ էր: Սակայն Գևորգ Ղուկասյանը պնդում է, որ ինքը մեկ անգամ արդեն այդ մեքենայի համար վճարել էր 358 հազար դրամ: Այսինքն, մեքենան գնվել է 458 հազար դրամով… Գևորգ Ղուկասյանը չի ժխտում, որ մեքենան հենց ինքն էլ տարել էր, քանի որ այն իրեն էր պատկանում…
Իհարկե, չափազանց ուրախալի է, որ նորընտիր քաղաքապետ Բալասանյան Սամվելը սկսել է ուսումնասիրություններ կատարել, ծանոթանալ ավագանու կայացրած որոշում ներին, անտեղի ծախսված միջոցներին, օտարումներին: Նա համոզված է, որ սա դեռ գործի սկիզբն է, ուստի առաջիկայում շատ մեծ բացահայտումներ կլինեն: Բայց ցանկալի կլիներ, որ քաղաքապետը ստուգումների ծիրի մեջ բերեր նաև իր կողմից սեփականաշնորհված գարեջրի գործարանի խնդիրը: Ահռելի տարածքը սեփականաշնորհվել է ընդամենը 400 հազար դրամով, երբ գործարանի իրական արժեքը կարող էր լինել մոտ 2 մլն դոլարին համարժեք դրամ: Այն ժամանակ նա ԱԺ պատգամավոր էր, ՕԵԿ անդամ, իշխանական ուժի ներկայացուցիչ, ուստի ավագանին կարող էր որոշում կայացնել ու նրան գրեթե անվճար տալ ահռելի տարածքն ու գործարանը: Հիմա, հանուն սոցիալական արդարության և ազնվության, Բալասանյանը պիտի նաև իր գործարանի համար վճարի ողջամիտ գումար, որպեսզի չստացվի այն տպավորությունը, թե նա միայն հետապնդում է իր իսկ ոճով աշխատածներին: