ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԱՔՈՒՆ ԲԻԶՆԵՍՆ ՈՒ ԴՐԱ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


 

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը «ֆենոմենալ» երևույթ է: Ծնված լինելով 1961 թվականին, միայն 50 տարեկան հասակում է ստացել բարձրագույն կրթության դիպլոմ` ավարտելով ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունն էլ սկսել է 28 տարեկան հասակում` աշխատելով Մասիսի նավթի բազայում` որպես ավագ օպերատոր:

1993-1997թթ. ղեկավարել է նավթամթերքների ներկրմամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունը: 2000-2007թթ. եղել է «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն: Թե ինչպե՞ս է առանց բարձրագույն կրթության մարդը դարձել տնօրեն, ինչպե՞ս է ղեկավարել ընկերությունը` դժվար է ասել: Եթե մենք ապրելիս լինեինք 1930-ական թվականներին, կարելի էր ենթադրել, որ տարածված անգրագիտության պայմաններում «պարտիայի կոչով» մարդուն գործուղել էին տնօրեն լինել: Բայց 21-րդ դարում, առանց կրթության, ՓԲԸ ղեկավարելը, ճիշտ որ, բացառիկ երևույթ է:

Բարձրագույն կրթություն չունենալն էլ չի խանգարել, որ Ստեփանյանը 2007 թվականին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնա և ընդգրկվի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում: 2012թ. մայիսի 6-ին էլ Ազգային ժողովի  պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակար գով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Հայտնի է, որ պատգամավորն իրավունք չունի բիզնեսով զբաղվել, վճարովի այլ պաշտոն ունենալ: Բայց, արի ու տես, որ այս մարդը գրեթե ընդհատակյա հիմունքներով շարունակել է իր բիզնեսն ու հայտնվել մի շատ տհաճ պատմության մեջ, երբ ցանկացել է բառացիորեն «քցել» մի բանկի:

Տիգրան Ստեփանյանը ՎՏԲ-Հայաստան բանկից վարկեր է վերցրել ու... հրաժարվել վճարել` հավանաբար մտածելով, թե ԱԺ պատգամավորին ամեն ինչ կարելի է: Բանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ`

- Սկսած 2011 թվականի նոյեմբերից, ՎՏԲ-Հայաստան բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին` բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին: Քանի որ, բանկի հաճախորդ Տիգրան Ստեփանյանը գիտակցաբար չի կատարել բանկի առջև ունեցած իր պարտավորությունները, 2012 թվականի ապրիլին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել դատարան` պարտքի բռնագանձման պահանջի վերաբերյալ: Արդյունքում հայցը բավարարվել է, դատական որոշումը հրապարակվել է 2012 թվականի օգոստոսին և օրինական ուժի մեջ մտել 2012 թվականի սեպտեմբերին: Դատական վիճաբանություններից հետո ս.թ. սեպտեմբերի 10-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ դիմում է ներկայացրել դատարան Ազգային Ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով:

Պատկերացնենք, ի՞նչ կլիներ, եթե պատգամավորի փոխարեն` շարքային քաղաքացին այդպես վարվեր: Նրան շատ վաղուց դատապարտած կլինեին, առգրաված կլինեին ողջ ունեցվածքը... Բայց պատգամավորի դեպքում բանկն իրեն շատ քաղաքակիրթ ու ամոթխած է պահել և միայն հիմա խնդիր դրել սնանկ ճանաչելու մասին: Չի բացառվում, որ սա հերթական «հնարք» է, որի նպատակն է Տիգրան Ստեփանյանին ազատել բանկին ունեցած մեծ պարտքերից...

Իսկ թե ո՞րն է այդ դեպքում բանկի շահը` միայն բանկում կարող են իմանալ...