Ո՞վ է քեզ թույլ տվել` գեշ լինել 


 

Մոտավորապես այս ցասումն է Չինաստանի քաղաքացի Ցզյան Ֆենգին մղել` դատական պատասխանատվության կանչելու սեփական կնոջը, ում արտաքինը դուր չի եկել ամուսնուն:

Մինչ ամուսնանալը` Ֆենգը կրքոտ սիրել է այդ կնոջը, որի գեղեցկությունը միշտ հիացական հայացքների է արժանացել:

Սիրահար զույգը շուտով ամուսնացել է, ծնվել է նրանց առաջնեկը: Եվ Ֆենգի ընտանեկան երջանկությունը հանկարծ խաթարվել է: Նորածին նրանց դստրիկը ապշեցնելու չափ տգեղ էր: Նրա դիմագծերը նման չէին ո´չ հորը, ոչ էլ գեղեցիկ մորը: Չինացին սկսել է կասկածել կնոջ հավատարմությանն ու փորձել է հարցուփորձով պարզել, թե իրականում ով է այդ երեխայի իսկական հայրը: Կինը ստիպված էր խոստովանել, որ մինչ ամուսնու հետ ծանոթանալն ինքը 100 հազար դոլար է ծախսել` պլաստիկ վիրահատության համար: Հյուսիսային Կորեայից հրավիրված վիրաբույժը հիմնովին փոխել էր նրա արտաքինը:

Չինացին է´լ ավելի է գազազել նման խաբեությունից և առանց երկար-բարակ մտածելու` ամուսնալուծվել է: Եվ` ոչ միայն ամուսնալուծվել: Իր «վերաձևված» կնոջ դեմ նա հայց է ներկայացրել` կողակցին մեղադրելով, որ իր ընտանիք է մուտք գործել խաբեությամբ: Չինական արդարադատությունն ընդունել է հայցվորի փաստարկները և կնոջը պարտավորեցրել է նախկին ամուսնուն 120 հազար դոլար վճարել` որպես խաբեության փոխհատուցում: