ԵՐԻՑՅԱՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ


Օրեր առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանդես գալով իր երկրի պետական պաշտոնյաների առջև, իրեն հատուկ պոռոտախոսությամբ ասել էր, որ եթե սողանքը Վրաստանում լիներ, ապա իրենց նախարարը դրա հետևանքները կվերացներ երկու ժամում, իսկ Հայաստանը այն վերացրեց երկու շաբաթում... Ահա թե ինչ է նշանակում պետական կառավարում: Հեռուստաէկրաններից հաղորդված, վրացական տպագիր մամուլում արտացոլված այս ելույթը, պարզվում է, կասկածի տակ է առնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով հայտարարում է, թե ինքը չի հավատում, որ բարեկամ երկրի նախագահը նման հայտարարություն կաներ: - Դա պետք է վերագրել լրատվամիջոցների թյուրըմբռնումներին: Ահա այսպես է ասել մեր նախարարը: Զարմանալի է, որ հաղորդված տեքստը, որի ամեն մի բառը հստակորեն հնչել է, ուզում է ժխտել մեր նախարարը` անհասկանալի ռևերանսներ անելով Վրաստանի նախագահին: Գուցե սա իր կուսակցությունից եկող սովորություն է...