1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


2008¬ի ֆինանսատնտեսական ճգնաժամը, կարծես հաղթահարվել է, բայց աշխարհում, թե Հայաստանում դեռևս խոսում են դրա հետևանքների վերացման կարևորութ յան մասին: Ըստ երևույթին, աշխարհի տնտեսություններին ճգնաժամի հետևանքներից ուշքի գալ չի հաջողվելու, քանի որ տնտեսագետներն ու ֆինանսական շուկայի փորձագետներն սկսել են խոսել գլոբալ ճգնաժամի երկրորդ փուլի անխուսափելիության ու մոտալուտ գալստյան մասին: Մեր պարագայում նույնպես անհանգստությունը բնական է ու տեղին. մեծ չեն երաշխիքները, որ նոր ֆինանսատնտեսական պատուհասի պատճառելիք դժվարությունները հնարավոր կլինի իրավիճակային լուծումներով հաղթահարել: Մեծամասամբ անփորձությամբ պայմանավորվող խուսանավումների ժամանակները հաստատ արդեն անցյալում են մնացել, ու ակնհայտը չտեսնել-չլսելու տալու «քաղաքականությունը» արդեն լրիվ կորցրել է կենսունակությունը: Թերևս այդ պատճառով է, որ գործադիրը ձգտում է անհնարին թվացողը իրականություն դարձնել` հաջորդ տարվա բյուջեում ամրագրելով հարկերի հավաքագրման` անպատկերացնելի թվացող ցուցանիշներ: Պարզվում է, որ մեր տնտեսությունն ուսումնասիրող միջազգային փորձագետները Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում առաջնային են համարել հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշները: Այսինքն, եթե մոտալուտ ֆինանսատնտեսական աղետի մասին կանխատեսումներն իրականանան, ու դրա ալիքը Հայաստան հասնի, ապա հայրենի տնտեսվարողներին ոչինչ չի մնա, քան հարկերը պարտաճանաչ կերպով վճարելով` նպաստել ճգնաժամի շուտափույթ հաղթահարմանը: Այլ հարց է, որ կարող է մեր այնպիսի իրավիճակ ստեղծվել, որ Հայաստանի աճող ու անհաղթահարելի թվացող արտաքին պարտքը անսպասելիորեն վերանայվի: Այսպես, մեր երկրի արտաքին պարտքը շուտով կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարի սահմանագիծը, և հավանական է, որ միջազգային տնտեսական կառույցների միջնորդությամբ այս թիվը մեղմվի: Այս պարագայում ճգնաժամը միմիայն կարող է նպաստել մեր երկրի հանդեպ ուշադրության կենտրոնացմանը: Որքանո՞վ կիրականանա այս կանխատեսումը, դեռևս դժվար է ասել, բայց անվիճելի է, որ Հայաստանի արտաքին պարտքի մեղմման հավանականությունը մեծ է: Սակայն, ըստ կանխատեսումների` տնտեսական դժվարությունների նոր ալիքն ամենայն հավանականությամբ երկար է «հյուրընկալվելու» ամենուր: Այսինքն, անկախ նրանից, թե հատկապես ո՞ր փուլում կհաջողվի արտաքին պարտքի մեղմման հարցերը լուծել, հարկավոր է` ինչպես փորձագետներն են խորհուրդ տալիս, հատկապես հարկերի հավաքագրումը գերխնդիր դարձնելով, դիմակայել հաջորդ տարվա գլխավոր անակնկալին: