«Ձեր աչքի գերանը թողած...»


Եթե խնդիրներ են բարձրացվել, բնականաբար, կան և ակնկալիքներ: Ինչպես Սաքունցն է փաստում. - Մենք տեսնում ենք, որ հնարավոր է երկխոսություն, բայց այդ հնարավորությունը կարող է իրականություն դառնալ, նորից եմ ասում, կոնկրետ գործողությունների և մի քանի հատ... ասացինք չէ՞, որ հրապարակային վերաբերմունք պետք է լինի: Ի՞նչ նկատի ուներ նա` «մի քանի հրապարակային վերաբերմունք» ասելով` դժվար է կռահել: Բայց արդյո՞ք լավագույն հրապարակային վերաբերմունքը նրանց Պաշտպանության նախարարություն հրավիրելը չէր, այն էլ` առաջին փոխնախարարի նախաձեռնությամբ (ինչպես մի քանի անգամ շեշտեց Ա. Սաքունցը): Ձեզ կարծես անակնկալի բերեցին «Ավանգարդի» հարցերը. -«Բանակում ծառայած երիտասարդների» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որտեղ դուք մեղադրվում եք դրսից դրամաշնորհ ստանալու, դրսի պատվերով մեր բանակը վարկաբեկելու համար: Շեշտված էր այն հանգամանքը, որ նախաձեռնության անդամներից ոմանք, այդ թվում` Արսեն Խառատյանը, չեն ծառայել բանակում, բայց փորձագիտական վերլուծություններ են անում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Դուք ակամա հաստատեցիք այդ փաստը` արդարանալով, թե` - Պաշտպանության առաջին փոխնախարարը հայտնեց, որ ողջունում է քաղաքացիական հասարակությունը, կոնկրետ «Բանակն իրականում» նախաձեռնությունը (փոխնախարարը չի կարող ողջունել ձեր խուճապահարույց վայնասունը- Հ. Գ.) և գտնում է, որ այդ գրանտները դա իրապես շատ անհրաժեշտ է: Այդ գրանտների հաշվին նաև որոշակի փորձաքննություններ են իրականացվում և դա բավական լուրջ ներդրում է Պաշտպանության նախարարությունում և բանակում ռեֆորմների առումով: (Ուշադիր լինենք` փոխնախարարը խոսում է ոչ թե այսպիսի` բանակն ապակայունացնելու նպատակով մսխվող դրամաշնորհների, այլ բարեփոխումներին նպաստող դրամաշնորհների մասին-Հ. Գ.): Սա ձեզ որպես պատասխան, թե ինչպես է մտածում առաջին փոխնախարարը նմանատիպ հայտարարությունների վերաբերյալ: Բայց մենք ինքներս մեր մտահոգությունն ասացինք, որ նման հայտարարություններն ամենևին չեն ստեղծում վստահություն քաղաքացիական հասարակության կողմից: Բոլոր դեպքերում այնպես էր տպավորությունը, որ նա չի ողջունում նմանատիպ սև PR-երը ( ՞¬Հ. Գ.): Իսկ ինչ վերաբերում է ծառայում են թե չեն ծառայում կներեք, դա այն մակարդակի հարց չէ, որ այստեղ խոսենք: Ի՞նչ կապ ունի ծառայած են, թե չէ: Կառավարության մի մասն էլ ծառայած չի: Վա´տ է, որ չեն ծառայել: Այդ պատճառով նույնիսկ ոչ ընդդիմադիր մամուլն է քննադատում Կառավարությանը: Իսկ դուք կհանդուրժե՞ք քննադատություն: Ավելին, եթե «Ի՞նչ կապ ունի ծառայած են, թե չէ», ուրեմն ինչո՞ւ եք պահանջում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիների` ԶՈՒ պարտադիր զինծառայության մասին տվյալներ»: Այսինքն` որ պաշտոնյաների որդիներն են ծառայել` ներառյալ ծառայությունից ազատման հիմքերը »: Ժողովուրդը կասեր` «ականջդ բերանիցդ որքա՞ն է հեռու»: Մեր հաջորդ հարցը ևս անցանկալի անակնկալ էր. - Մենք տեղեկացանք, որ ցույցերից մեկի ժամանակ ձեզ է մոտեցել զոհված զինծառայողներից մեկի եղբայրը և բացատրություն պահանջել, թե ո՞վ է թույլ տվել` օգտագործել իր եղբոր նկարը: Եվ, առհասարակ, զոհվածների նկարները գետնին փռելն անհարգալից վերաբերմունք չէ՞ նրանց հիշատակի հանդեպ: Ի պատասխան այս հարցին` Ա. Սաքունցը հաստատեց, որ մենք բավական իրազեկ ենք և խոսել արտոնեց գործընկերոջը` Լևոն Բարսեղյանին. - Ինձ է մոտեցել, ասեք: Նախ` մեր երեկվա պիկետի ժամանակ ոչ մի նկար գետնին չի դրվել, բացառությամբ այն դեպքը, երբ Վ. Գասպարիին քաշքշեցին ոստիկանները և, կարելի է ասել, կիսով չափ գցեցին գետնին, կիսով չափ էլ նա պառկեց` որպես բողոքի նշան (Այսինքն` կողմերի ցանկությունները համընկե՞լ են, որ Գասպարին պառկի գետնին- Հ.Գ.): Ինձ մոտեցել է Արտակ անունով ներկայացած մի երիտասարդ, բարեհամբույր տրամադրել իր համարը, իմն էլ վերցրել: Ասաց` սա իմ եղբոր նկարն է, ի՞նչ իրավունքով եք օգտվել դրանից: Բացատրեցի, որ բոլոր նկարները, որ օգտագործում ենք պիկետի ժամանակ, ստացվել են ծնողների համաձայնությամբ: Որոշ նկարներ ստացվել են ծնողների համաձայնությամբ, որոշ նկարներ էլ ծնողների համաձայնությամբ` ինտերնետից: Խնդրեցի իրեն անմիջապես կապվել ծնողների հետ: Տասը րոպե անց զանգեց, վերադարձավ և մեր գործընկերներից Սեդային հայտնեց, որ ծնողներս թույլ են տվել, դուք էլ վերցրել եք ինտերնետից: Ես սկզբում համաձայն չէի, բայց եթե ուզում եք, որ պիկետի ժամանակ լինի այդ նկարը ևս, ես դեմ չեմ: Ասաց ու հեռացավ: Պարոնա´յք. գոնե մարդկանց վիշտը հարգեք: Բավակա´ն է անմաքուր ձեռքերով (իմա` նպատակներով) նրանց մորմոքը խորացնեք: Բավական է խուճապ հրահրեք: Ամենակարևորը, մի տարփողեք, թե հանուն մեր պետության, առավել ևս` հանուն բանակում առողջ մթնոլորտի եք այդ ամենն անում: Բայց` կարող եք դրան էլ նպաստել, եթե ցանկանաք: Ընդ որում` թեկուզ նույն դրամաշնորհներով: Ախր Բանակը նաև ձեր ապահովության երաշխիքն է. ուզում եք կտրել ձեր իսկ ծանրությունից ճկվող ճյո՞ւղը: Չե´ք կարող: Շարունակեք ձեր դրամաշնորհակերությունը, բայց առանց ինքնահնար վայնասունի: Ասում եք հանուն ժողովրդի: Բա ինչո՞ւ չեք լսում այդ նույն ժողովրդին, որն ասում է` «Ուտելիս չեն խոսում»: * * * Ինչևէ, հանդիպումը կայացավ փոխնախարարի նախաձեռնությամբ, բայց, հավանաբար, այն ևս հօգուտ ձեր գրանտների «կաշխատի»: Մենք էլ մեծ հաճույքով կհրավիրեինք ձեզ զրույցի, եթե կհստակեցնեիք մի շարք հարցերի պատասխանները:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ