ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ


Երևան ու Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, պարզվում է, այս անգամ տարածաշրջանային իրենց այցը կամենում էին նշանավորել ոչ դատարկ ձեռքերով: Նրանք ամեն կերպ կամենում էին համոզիչ դարձնել այն փաստարկը, որ բանակցությունների գործընթացին Թուրքիայի ներգրավվածությունը կարող է օգտակար լինել: Բնականաբար, պաշտոնական Երևանը կտրուկ դեմ է արտահայտվել նման առաջարկությանը` համոզված, որ այսպես արդեն իսկ որոշ ուժեր կամենում են բանակցություններում գերակա դարձնել ադրբեջանական շահերը: Այս ամենին գումարվում է նաև այն, որ պաշտոնական Բաքուն Հայաստանին առաջարկել է միանգամից անցնել պայմանագրի մշակմանը` չանդրադառնալով սկզբունքներին: Այս հարցում ևս Հայաստանն իր կտրուկ դիրքորոշումն է արտահայտել: Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով կազանյան հանդիպումից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ներկայացրած առաջարկությունների առթիվ Բաքվի պատասխաններին, ասել է. - Ադրբեջանցիները Լավրովի` տարածաշրջան կատարած այցից հետո բազմիցս հայտարարել են, վերջին անգամ դա արվել է երկու օր առաջ Բաքվում: Ի՞նչ են նրանք ասում: Մեզ սկզբունքները պետք չեն, եկեք անցնենք հիմնական համաձայնագրի տեքստի մշակմանը: Իսկ ի՞նչ է սա նշանակում: Պարզապես ադբեջանցիները պատրաստ չեն ընդունել համանախագահների առաջարկները և դրա հիման վրա գնալ կարգավորման: Այստեղ հեծանիվ չես հորինի: Մշակված սկզբունքները երկար տարիների համատեղ ջանքերի արդյունք են: Դրանք հղկվել են նախագահների, նախարարների մակարդակով բազմաթիվ հանդիպումների ընթացքում: Երբ դու տասը փոփոխությամբ գալիս ես արդեն գործնականում համաձայնեցված տեքստի, ապա դա, ես կասեի, ոչ թե պարզապես անհարգալից է հակամարտության մյուս կողմերի, այլև միջնորդների, Մինսկի խմբի համանախագահների հանդեպ: Բաքվում լավ են գիտակցում, որ նման կերպ վարվելով` կարող են անընդհատ ձգձգել հարցի քննարկումը` օգտագործելով նաև ՄԱԿ-ի ամբիոնը: Արդեն պաշտոնական Բաքուն հնչեցրել է իր որոշումը` ՄԱԿ-ի ԱԽ-ի ամբիոնից Ղարաբաղյան հարցն անընդհատ հնչեցնելու մասին: Իհարկե, հազիվ թե Ադրբեջանին հաջողվի օգտագործել Միավորված ազգերի կազմակերպությունում իր նպաստավոր դիրքը` Ղարաբաղի հարցն իր օգտին լուծելու հարցում: Սակայն այսօր արդեն չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն վաղուց հաշտվել է Ղարաբաղը կորցնելու մտքի հետ, մանավանդ որ` օրավուր ավելանում է թիվը նրանց, ովքեր պնդում են, թե անհրաժեշտ է ճանաչել այս փոքրիկ երկրի անկախությունը: Պարզապես Իլհամ Ալիևը չի կամենում նախագահական ընտրություններից առաջ գրանցել իր պարտությունը: Նա հասկանում է, որ եթե հիմա Բաքուն արհեստական պատնեշներ չստեղծի, ապա հնարավոր կդառնա ԼՂ անկախության ճանաչումը, իսկ սա նշանակում է, որ Մեհրիբան Ալիևան այլևս չի կարողանա ամուսնուց ժառանգել նախագահական գահը, որին պատրաստվում է բազմել առաջիկա ընտրություններից հետո: Իլհամ Ալիևը նաև նկատում է, որ իր երկրում անվերջ սրվում է քաղաքական իրավիճակը, այսօր արդեն ոտքի է կանգնել նախիջևանյան կլանը` ցանկանալով ամեն կերպ խոչընդոտել Ալիևի ընտանիքի հաղթարշավը: Ժամանակին ճանապարհ բացելով հայր Ալիևի համար, այսօր նախիջևանցիներն այլևս չեն կամենում երկրի կառավարչի ղեկին տեսնել կրտսեր Ալիևի ընտանիքին: Այս մասին խոսվել է վերջերս Գաբալայում կայացած մի խումբ բարձրաստիճան նախիջևանցիների հավաքի ժամանակ: Ուրեմն, Ալիևը հիմա ամեն ինչ պիտի անի, որպեսզի կարողանա մինչև ընտրություններ պահել իր դիրքերն ու կեղծիքների ճանապարհով` Մեհրիբանին դարձնել նախագահուհի: Ահա ինչու էր նա օգնության կանչել Թուրքիային` Մեթյու Բրայզայի միջոցով համանախագահների ականջին փսփսալով, թե բանակցությունների արդյունավետությանը կնպաստեր Թուրքիայի աջակցությունը և ներգրավվածությունը: Ժողովուրդն ասում է. «Աղվեսն իր պոչը վկա կբերի», իսկ ահա Իլհամն էլ ամեն ինչում Թուրքիային է «վկա բերում»` այսպես կամենալով ամրապնդել իր թիկունքը: Բայց նա չի հասկանում, որ այժմ Թուրքիան ևս ծանր կացության մեջ է. Ֆրանսիան և մի շարք պետություններ խստացրել են իրենց վերաբերմունքը Անկարայի և հատկապես Էրդողանի հանդեպ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ