ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՎԻ ԵՎ ՍՊԻՏԱԿԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ


(Երիտասարդությունը երկրի դոմինանտ ուժն է) Հայաստանի համար վերջին հարյուրամյակի ամենամեծ նվաճումը Անկախությունն է` բացարձակ և անժխտելի արժեք յուրաքանչյուրիս համար: Թե ինչպիսի դժվարութ յուններ կրեցինք համակարգային փոփոխության արդյունքում` հայտնի է բոլորիս: Այնուամենայնիվ, կարողացանք ոչ միայն պահպանել Անկախությունը, այլև այն այսօր էլ տանում ենք զարգացման և ամրապնդման ճանապարհով: Այս գործում անմասն չէ երկրի վաղվա օրը կերտող երիտասարդությունը, որն իր մասով պատասխանատու է երկրի նվաճումները պահպանելու համար: ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, կարևորելով մեր երկրի ձեռքբերումները, չի շրջանցում նաև բացթողումները, որոնք կարող են վերացվել միայն համախմբված ջանքերի շնորհիվ: - Պետությունը կենդանի օրգանիզմ է: Բնականաբար, այդ 16 տարիներին եղել են նվաճումներ, նաև` բացթողումներ: Օբյեկտիվորեն խոսելով դրանց մասին` պետք է ասեմ, որ առաջին ձեռքբերումը ժողովրդի անկախ ապրելու իրավունքն էր, երկրորդը` ազգային անվտանգության համակարգի կայացումն էր: Ստեղծեցինք բանակ, որը պսակվեց նաև փառահեղ հաղթանակներով, Արցախի ազատագրումով: Բնականաբար, ձեռքբերում եմ համարում նաև անցումը ազատ տնտեսական համակարգին, շուկայական հարաբերութ յունների ձևավորումը: Դրական եմ համարում սահմանադրական բարեփոխումները. հստակ ուղի նախանշվեց պետության դատական, գործադիր, օրենսդիր իշխանությունների տարանջատման սկզբունքների համար, առանց որոնց մենք չենք կարող խոսել պետության կայացման մասին: Ի վերջո, ձեռքբերում էր նաև եվրոինտեգրումը: Մեր երկրի թեկուզ աննշան, բայց առկա դրականը սակայն տեսանելի չէ իրեն ընդդիմադիր հռչակող «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի համար: «Անկախ ամեն ինչից» Անկախությունը բարձրագույն արժեք համարող պատգամավորը գտնում է, որ առ այսօր ստեղծված բազմաթիվ օրենքները ձևական բնույթ են կրում: - Երկրում չի ապահովվում ազատ մրցակցային պայմաններ, հարկահանությունը ստվերային կողմեր ունի: Այս տարիների ընթացքում ունեցանք կորուստներ` կապված բնակչության թվի նվազման և ծնելիության անկման հետ: Իհարկե, բացթողումները չեն վրիպում նաև հանրապետականի ներկայացուցչի աչքից, սակայն նա վարակված չէ քրոնիկ հոռետեսությամբ և գտնում է, որ բոլոր երկրներում առկա և դեռևս չլուծված մի շարք խնդիրներ բնորոշ են նաև Հայաստանին: Դրանք «աղքատության բարձր մակարդակն է, կոռուպցիան, ստվերը, քաղաքացիական հասարակության անկատարությունը»: - Կարծում եմ` ներկայիս կառավարությունը մեր ընդդիմադիր գործիչների, ինչու չէ, նաև հասարակության հետ կարող է այնպես անել, որ 5 տարի հետո ունենանք ավելի նորմալ պատկեր: Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիրներ են վերապահված մեր երիտասարդությանը և արդո՞ք նա ունակ է պահպանել թանկ գնով ձեռք բերած նվաճումները: Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ` ներկայիս 35-40 տարեկան մարդիկ եղել են ղարաբաղյան շարժման ակունքներում, սակայն այդ նույն արժեքային համակարգը չեն կրում ներկա երիտասարդները. - Կցանկանայի, որ երիտասարդությունը լինի ավելի ծայրահեղ, քանի որ այն միշտ նրա ուղեկիցն է եղել և ոչ այնքան պրագմատիկ, որչափ այսօր է: Արմեն Մարտիրոսյանի համար հավանաբար գոյություն չունի ժամանակաշրջանի սահմանազատում: Ծայրահեղական դրսևորումներն, ինչ խոսք, ժամանակի պահանջ էին, բայց այսօր, երբ համեմատաբար խաղաղ պայմաններում ձեռք բերածի պահպանումն ավելի կարևոր է, արդյո՞ք 90-ականների ծայրահեղականության անհրաժեշտությունը կա: Չէ՞ որ այսօր պահանջներն այլ են, ժամանակները` այլ, և ներկայիս սերունդն իրավունք ունի անկախ Հայաստանի քաղաքացին համարվելու: Սակայն այդքանով հանդերձ «Յուրաքանչյուրն իր լուման պետք է ունենա երկրի կառուցման գործում և պետք է սպասի ոչ այնքան պետությունից, որքան` իրենից, թե ինքն ինչ կարող է անել պետության, ժողովրդավարության կայացման գործում: Եվ դա ապացուցի ոչ թե խոսքով, այլ` գործով»,- համոզված է Էդ. Շարմազանովը: Բոլոր ճանապարհները տանում են` միավորում «Ազգային վերածնունդ»-ի ներկուսակցական խմորումների վերջը կարծես չի երևում: Իսկ դրանք սկզբնավորվեցին 2 տարի առաջ, երբ Արագածոտնի տարածքային կազմակերպության ղեկավար, «կուսակցության մեջ որևէ ներդրում չունեցող» Սիմոն Գրիգորյանը Ալբերտ Բազեյանից պահանջեց հեռանալ կուսակցությունից: Սակայն ոչ բոլորն են համամիտ Սիմոն Գրիգորյանի հետ, քանի որ հայտարարությունն արվել է առանց կանոնադրության և կուսակցության խորհրդի նիստի պահանջի: - Մարդիկ Երևանի, Գյումրիի և այլ մարզային կառույցներից դիմել են ինձ և ասել են` որտեղ դուք, այնտեղ էլ` մենք: Այս առումով ինձանից պահանջվել է շարունակել կուսակցության ղեկավարի աշխատանքը մինչև որ համագումարը կորոշի կուսակցության հետագա ճակատագիրը: Կան մի քանի կուսակցականներ, որոնք ուղղակի դերակատարում չունեն մեր քաղաքական կյանքում: Սա, բնականաբար, ցավոտ խնդիր է, երբ հարկ է լինում լուծարել կուսակցությունը: Կա հոգեբանական բարդույթ, կա մենքի գաղափարը, որոնք դժվար հաղթահարելի խնդիրներ են: Այս երևույթը, որքան էլ ցավալի է, բնորոշ է շատ կուսակցությունների, որոնք սեփական գաղափարախոսության և իմիջի փրկությունը տեսնում են կուսակցությունների խոշորացման, միավորման մեջ: Այս հարցում ձեռնպահ չէ նաև «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: - Ես հարցը դիտարկում եմ գլոբալ տեսանկյունից: Ակնհայտ է, որ ՀՀ-ի 16-ամյա կենսագրության մեջ քաղաքական դաշտի անկատարությունը պատճառ է դարձել այն իրողությանը, որ մեր հասարակության գերակշռող մեծամասնությունը պարզապես չի վստահում կուսակցություններին: Դրանք իրարից տարբերվում են ոչ թե գաղափարական հատկանիշներով, այլ իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Թերևս սա է պատճառը, որ Ալբերտ Բազեյանը, սթափ գնահատելով իրավիճակը և չունենալով համապատասխան միջոցներ, չի մասնակցի Նախագահի ընտրություններին: Սակայն դրա փոխարեն հայտնաբերել է իր կուսակցության ազգային պահպանողական գաղափարական ծրագրերին հոգեհարազատ կուսակցությունների, ի դեմս «Դաշինք» -ի և 120-ամյա ՀՌԱԿ-ի: - Ծրագրերն, իմ դիտարկմամբ, դոգմա չեն: Մենք ընդհանուր դրույթների, մոտեցումների շուրջ կգանք ընդհանուր հայտարարի, իսկ մնացած ձևակերպումների խնդիրը կլուծենք միասնական ուժերով: Ո՞վ է ասում, որ ՀՌԱԿ-ի ծրագիրը, ինչպես կար 120 տարի առաջ, այդպես էլ պետք է մնա: Կան հարցեր, որոնք պետք է փոխվեն: Թեև Ալբերտ Բազեյանը քաջ գիտակցում է, որ Նախագահի ընտրություններում իշխանության թեկնածուի հնարավորությունները շատ ավելի մեծ են ոչ թե «Ժողովրդակա նության, այլ իշխանական լծակների, նախնական հնարավորությունների, քարոզչամիջոցների և մնացած գործոնների առումով», այնուամենայնիվ, կփորձի միավորվել մանուկ «Դաշինքի» և ալեհեր ՀՌԱԿ-ի հետ: Թե ինչպես կիրականացվի գաղափարական մի քանի դրույթներով իրար «հոգեհարազատ» կուսակցությունների միավորումը, ցույց կտա «Ազգային վերածնունդի» առաջիկա համագումարը, որտեղ գուցե թե նշվի Ալբերտ Բազեյանի հաղթանակը, այլապես նա ստիպված կլինի «հավաքել ճամպրուկները»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ