Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ


(Լրագրողի մտորումներ) (Սկիզբը` թիվ 34-35 -ում) Ազգային միասնության գաղափարի դրսևորումները տարբեր ժամանակներում և տարբեր իրավիճակներում միշտ տարբեր են լինում: Քաղաքական հարթության մեջ դրանք ի հայտ են գալիս առավելաբար ճգնաժամային պահերին: Այդպես էր 451-ին` Ավարայրում, 1918-ին` Սարդարապատում, Հայրենական մեծ պատերազմի ահեղ օրերին, Հայաստանի Անկախության հռչակման համաժողովրդական հանրաքվեի ժամանակ, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին… Պատմության թատերաբեմից մեկընդմիշտ հեռանալու վտանգը նպաստում էր համաժողովրդական միասնության առաջացմանը, համատեղ ուժերով չարիքը վանելու համազգային կամքի ձևավորմանը: Հասարակական մեծ շիկացումները նույնպես կարող են համախմբել ազգը: 1988-ին, Արցախյան շարժման արշալույսին, երբ արցախահայության ազգային-ազա տագրական պայքարին Ադրբեջանը հակադրեց իր բիրտ ու բարբարոս վարվելակերպը, Հայաստանում հասարակական զայրույթի փոթորիկ բռընկվեց: Այդ զայրույթը գնալով խորացավ` ի տես մոսկովյան անիծյալ «Կենտրոնի» այն ժամանակվա անհեռատես ու միակողմանի ադրբեջանամետ կեցվածքի: Վիրավորված էր մեր ժողովրդի արդարության զգացումը, և այդ համընդհանուր վիրավորվածությունը, արդարությունն ու ազատությունը պաշտպանելու միահամուռ մղումը Ազատության հրապարակ բերեց հարյուր-հազարավորների…Ավա՜ղ, ինքն իրեն «Հայոց համազգային շարժում» հռչակած բախտախնդիրների վերնախավը այդ համազգային ընդվզումը հմտորեն ծառայեցրեց նույն հարյուր-հազարավորների համազգային հիմարացմանը և ուղղեց երկրում քաղաքական իշխանության նվաճման հունը, բայց դա այլ խոսակցության նյութ է: Վերադառնալով մեր թեմային, ասեմ, որ միայն քաղաքական շիկացումները չէ, որ կարող են նպաստել ազգային միասնության գաղափարի առաջացմանը: Կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում հայրենակիցներից յուրաքանչյուրի համաշխարհային նվաճումները, առաջացնելով ազգային հպարտության միանգամայն հասկանալի զգացումներ և վերաճելով համաժողովրդական տոների, նույնպես ի վիճակի են առաջացնել այդպիսի միասնության գիտակցություն: 1963-ին, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց շախմատի համաշխարհային թագը, մոլորակի 10 միլիոնից ավելի հայերս երջանիկ էինք ու հպարտ` մեր հայ լինելով: 1973-ին, երբ Երևանի «Արարատը» դարձավ Խորհրդային Միության ֆուտբոլի չեմպիոն ու գավաթակիր, բուն Խորհրդային Հայաստանում, թերևս, չկար ֆուտբոլային մարզաձևից անգամ ամենահեռու գտնվող մեկը, որ ուրախ ու հպարտ չլիներ հայ մարզիկների հաղթանակով: Քանզի ազգային մտածողությամբ օժտված ցանկացած մարդու համար մայր ժողովրդի, հայրենի պետության ու նրա յուրաքանչյուր անհատ քաղաքացու որևէ համաշխարհային կամ այլ մեծ նվաճում բնական հպարտության աղբյուր է: 1979-ի փետրվարին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, երբեմնի խորհրդային բանակի սպայական կազմի վերապատրաստման դասընթացներին մասնակցելուս օրերին, առիթ ունեցա տարբեր ազգությունների ծառայակիցներիս մի մեծ խմբով ներկա գտնվելու Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությանը: Ըստ իս` նույն տարիների երևանյան բեմադրություններին նկատելիորեն զիջող բալետային ներկայացում էր: Բայց ես ուղղակի երջանիկ էի, որ Երևանից հազարավոր կիլոմետրերով հեռու` ըմբոշխնում էի իմ ազգակից հանճարի ստեղծած երաժշտության անկրկնելի հաճույքը: Ներկայացումից հետո զորանոց վերադարձող ծառայակից ներիս աչքում օրվա հերոսը…Արամ Խաչատրյանը չէր, ե°ս էի, որովհետև երջանկություն ունեի այդ պահին նրանց աչքում ներկայացնելու այն ժողովրդին, որը այդպիսի մե՜ծ զավակ էր ծնել… 1982-ին, արդեն Բաքվում, զուտ հետաքրքրությունից դրդված` գնացի Ուզեիր Հաջիբեկովի «Ալի Բաբան և 40 ավազակները» բալետային ներկայացմանը: Արաբական «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթների թեմաներով ստեղծված միջակ մի ներկայացում էր, և ամենացնցողն այն էր, որ նրանում ազերի ոչ-բարով «կոմպոզիտորը» բառացիորեն գողացել էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի` համայն աշխարհին քաջ հայտնի «Սուսերով պարի» թե° մեղեդին, թե° գաղափարը, դա ներկայացնելով իբրև… Ալի Բաբայի ու 40 ավազակների պար: Ամենևին պետք չէր երաժշտագետ լինել` տեսնելու համար այդ ակնհայտ գրագողությունը, ինչն ինքնին անպատվաբեր երևույթ է արվեստի ցանկացած բնագավառում: Էլ ավելի ամոթալի երևույթ էր…Հաջիբեկովի ապաշնո՜րհ գրագողությունը: Խաչատրյանի հանճարեղ երաժշտության սքանչելի մեղեդուն գողը փորձել էր ավելացնել… արևելաասիական կլկլոց: Բայց դա արել էր այնքա՜ն անպատեհ տեղերում, այնպե՜ս անտաղանդ կերպով էր իր քաղցր-մեղցր գեղգեղանքները «կարկատել» խաչատրյանական երաժշտության ամբողջական կտավին, որ գրագողությունը դարձել էր…առավել քան աչք ծակող: Ամեն քաղաքակիրթ մարդու հոգում մշտապես հնչող խաչատրյանական «սուսերով պարի» սքանչելի մեղեդին Հաջիբեկովը նույնիսկ չէր կարողացել…աղավաղել: Նրա «կարկատանները» ուղղակի… չէի՜ն հյուսվել Արամ Խաչատրյանի հավերժորեն մնայուն գործի առողջ ատաղձին: Խաչատրյանական երաժշտությունը պարզապես մերժել, վանել ու դեն էր նետել Հաջիբեկովի ավելացրած լաթերը: Զայրացա ու դառնացա, որ ազերի գրագողը փորձել էր այդպես անամոթաբար կողոպտել հայրենակցիս: Միակ մխիթարությունն այն էր, որ դրանից ոչինչ չէր ստացվել, ավելի ճիշտ` ստացվել էր մի այնպիսի գարշելի աջափսանդալ, որ անգամ քիչ թե շատ երաժշտություն հասկացող ազերի հանդիսատեսներն էին հիասթափված: Ակնհայտ էր, որ ազերիները չէին կարող և չէին էլ համարձակվի իրենց օպերային արվեստի հիմնադրի այդ գրագողությունը համաշխարհային երաժշտասեր հասարակությանը ներկայացնել որպես… սեփակա՜ն արվեստի նմուշ: Եվ երբ ներկայացման ավարտին ազերի հանդիսատեսների բացարձակ մեծամասնությունը, հազվադեպ բացառություններով, հոտընկայս ծափահարու՜մ էր այդ խայտառակ գրագողությանը, ես… հեգնու՜մ էի թե° գրագողին, թե° նրան ծափահարողներին, միաժամանակ սիրտս ճխում էր ազգային գերազանցության զգացումի հորդումից…Ի դեպ, այդ ամենն այն ժամանակ, բավական վրդովված տոնով, արտահայտեցի բարձրաձայն` ի գիտություն կողքիս նստած ազերի հանդիսատեսների, որոնցից մի երկուսը, այդ թվում սիրունատես ու ակնհայտորեն քաղաքակիրթ մի տիկին, որ ներկայացավ իբրև երաժշտագետ, ազնվություն ունեցան լիովին համերաշխվելու ինձ հետ… Մոսկվայում, Պուշկինի անվան գեղարվեստի թանգարանի միևնույն ցուցասրահում, տեսել եմ Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի` տաք ու սառը բույրեր փչող հանճարեղ կտավները: Դրանց համադրությունից մի կեսդ սառչում է, իսկ մյուսը` շիկանում: Այվազովսկու և Սարյանի գործերը միևնույն ցուցասրահում կախելը թանգարանի աշխատակիցների միանգամայն արդարացված քայլն էր: Բայց ես ուղղակի խորապես վիրավորված էի, որ նրանք երկուսն էլ ներկայացված էին իբրև…ռու սակա¯ն նկարչական արվեստի ներկայացուցիչներ: Երբ վրդովմունքս հայտնեցի ցուցասրահի գիտական ղեկավարին, արդարացավ, թե այդ սրահում կախված են Այվազովսկու ու Սարյանի նախախորհրդայի¯ն գործերը: Իսկ ցարական Ռուսաստանում, բա չե¯ք ասի, ազգային տարբերությունները հաշվի չէին առնվում: Նրանք երկուսն էլ այն ժամանակ Ռուսաստանի¯ քաղաքացիներ էին, ուստի տվյալ ցուցադրության մեջ ներկայացված են իբրև…ռուսակա¯ն նկարչական դպրոցի անդամներ, ռո¯ւս նկարիչներ: -Սարյանի մեջ ու՞ր է… ռուսը, նրա գույների մեջ ռուսական որևէ բան կա՞, Դուք արվեստագիտության ի՞նչ դոկտոր եք,- վրդովվում էի ես,-ինչու՞ եք գողանում իմ ժողովրդի հանճարին… Քանի¯-քանի անգամ ինքդ ես ապրել այդպիսի զգացումներ, ընթերցող բարեկամ, քո սեփական կյանքի կարճ կամ երկար ընթացքի ամենատարբեր պահերին ու ամենատարբեր առիթներով: Որովհետև դու, ով էլ լինես, հա°յ ես, իմ հայրենակիցը, ինձ նման միևնույն ժողովրդի զավակը, և մեր հոգիների մեջ, անթիվ-անհամար տարբեր լարերի հետ, կան նաև համահունչ հնչող, համահունչ հեծեծող ու համահունչ խնդացող ոչ քիչ լարեր…Դրանք, այդ համահունչ հեծեծող ու խնդացող լարերն են, որ աշխարհի ամենատարբեր ծագերում ապրող բոլոր հայերիս դարձնում են…եղբայրներ ու քույրեր, գիտակցել են տալիս, որ մենք, անկախ նույնիսկ մեր ցանկությունից, հարազա՜տ ենք միմյանց: Մեր հոգեհարազատությունը գալիս է այն բանից, որ մեզնից յուրաքանչյուրը, ով իրեն հայ է գիտակցում, ունի յուրաքանչյուր հայի համար սրբություն հանդիսացող Ազգային Արժեքներ, որոնց գոյությունը համազգային հպարտություն է ամեն մեկիս համար, ինչպես որ նրանց ուղղված յուրաքանչյուր սպառնալիք` ամեն մեկիս սրտին ուղղված սուրսայր դաշույն: Եվ եթե դարերով ձգտել ու այսօր էլ ձգտում ենք ազգային միասնության, ապա պիտի հասկանանք, որ այդ միասնությունը կարող է լինել տվյալ Ազգային Արժեքների շուրջ համախմբվելով, և ոչ միայն Արագածի ստորոտի երկարությամբ «Միասնության շուրջպարի» անարվեստ պարաքայլերի խառնիճաղանջ, աններդաշնակ շորորանք ներով…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ