Հատուցում պահանջելը նաև կանխարգելիչ գործողություն է


Հայաստան-Սփյուռք հերթական համաժողովում Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունը` Սիսում կաթողիկոսության ունեցվածքը վերադարձնելու հայցով Թուրքիայի սահմանադրական և միջազգային դատարան դիմելու մասին, մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում: Ընդհանրապես Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին համաժողովի, այնտեղ Արամ Ա կաթողիկոսի հիշյալ հայտարարության նշանակության մասին է զրույցը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից-անդամ Աշոտ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

- Ի՞նչ եք կարծում, Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ցեղասպանության 100-ամյակի, ընդհանրապես Հայ դատի գործընթացում:

Առաջին անգամը չէ, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդես է գալիս պահանջատիրոջ կեցվածքով: Այս տարվա ապրիլի 23-ին զույգ կաթողիկոսները միասին հանդես եկան Թուրքիայից Հայաստանյայց Առաքելական եկեղեցու գույքը վերադարձնելու պահանջով: Ուրախալի է, որ Հայաստան-Սփյուռք համաժողո վում Արամ Ա կաթողիկոսը, շարունակելով իր գործունեությունը այդ ոգով, կոնկրետ հայտարարությամբ հանդես եկավ: Սիս քաղաքում կաթողիկոսության ունեցվածքը, որ այսօր Կոզան է կոչվում, բավական պահպանված վիճակում է, բայց ցավոք, այն վերածել են ռեստորանի: Կաթողիկոսարանի շենքը գտնվում է Կիլիկիայի միջնաբերդի տակ, իսկ ընդհանրապես Սիսում, Ադանայում, Կարսում բազմաթիվ եկեղեցիներ են եղել: Արամ Ա-ն նաև ավելացրեց, որ իր հայտարարածն ամենևին չի նշանակում, թե դա մեր գլխավոր խնդիրն է, այլ պահանջատիրության յուրահատուկ դրսևորում է, որովհետև մեր պահանջատիրությունը չի սահմանափակվում միայն ունեցվածքի պահանջով: Կարևոր է, որ կաթողիկոսն ընդգծեց Հայաստանի Հանրապետության դերակատարությունը Հայ դատի խնդրում, Հայոց Ցեղասպանության հե-տևանքների վերացման տեսանկյունից: Այն է` ՀՀ-ն, որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ, որին 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի դաշնագրով աշխարհի մեծերի կողմից տրված էր ևս 4 արևմտահայ նահանգների` Տրապիզոնի, Բիթլիսի, Էրզրումի և Վանի վիլայեթների մեծագույն մասի պատկանելության իրավունքը:

Խոսքը մոտ 90 հա- զար քառակուսի կիլոմետրի մասին է: Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի համաձայն` մեր ՀՀ տարածքը պիտի կազմեր շուրջ 161 հազար քառակուսի կիլոմետր:

Առաջին Հանրապետությանը նաև Արարատյան Հանրապետություն չե՞նք ասում:

- Այդպես հիմնականում ասում էին արևմտահայերը, Պողոս Նուբարն էր ասում: Պատահական չէր, երբ արևելահայությունը դժգոհ էր, որ Արևելահայաստանի մի մասում ստեղծված հանրապետությունը հավակնում է իրեն կոչել ՀՀ, որովհետև իրականում Հայաստանը միայն տվյալ ժամանակաշրջանի Հայաստանի տարածքը չպետք է իր մեջ ամփոփեր: Արևելահայ-արևմտահայ հատվածների միջև այդ ներհակությունը վերացնելու նպատակով Հայաստանի անկախության հռչակման տարեդարձի օրը` 1919թ. մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանի նախաձեռնությամբ Հայաստանը հռչակվեց ազատ, անկախ և միացյալ: Այդպիսով Հայաստանն իրեն իրավունք էր վերապահում Արևմտյան Հայաստանի նկատմամբ:

- Այս թեմայով մեր մի հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումը` այն համարելով մեզ համար անցած էտապ, այլև կարևորեցիք հատուցման խնդիրը: Արամ Ա կաթողիկոսի այս վերջին հայտարարությամբ մենք արդյո՞ք չենք մտնում Ձեր նշած` հատուցման փուլ, որակապես նոր աստիճանի չե՞նք բարձրացնում այդ խնդիրը:

- Միանգամայն ճիշտ եք նկատել: Դեռևս տարիներ առաջ մենք խոսում էինք հատուցման անհրաժեշտության մասին և հորդորում էինք այլևս չընթանալ ճանաչման ճանապարհով, որովհետև այնքան հստակ իրողություն է Հայոց Ցեղասպանության փաստը, որ, ներողություն բառիս համար, կարիք չկար այդքան երկար ծամծմել խնդիրը և այս կամ այն երկրի խորհրդարանի դռները թակել: Մենք այս քայլով վերջապես, Ցեղասպանության գոնե 100-րդ տարելիցի նախօրյակին տեղափոխվում ենք իրավաքաղաքական հարթություն: Կարծում եմ` կգա մի օր, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ինքը դատ կբացի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ, որը հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը: Թուրքերը, լավ հասկանալով հեռանկարում իրենց գլխին գալիքը, ամեն կերպ փորձում են խնդիրը 1915-ի, ինչպես իրենք են անվանում, ողբերգությունը ներկայացնել որպես Օսմանյան կայսրության բեռ` այդպիսով փորձելով այդ խնդրից ազատել Քեմալական Թուրքիային: Բայց միջազգային իրավունքում հստակ գոյություն ունի իրավահաջորդության խնդիր: Յուրաքանչյուր կայսրության փլուզվելուց հետո դոմինանտ երկիրը բնականաբար հանդիսանում է իրավահաջորդ, և այդ կայսրության բոլոր մեղքերը, միջազգային պարտավորություններն ու պարտքերը մեխանիկորեն փոխանցվում են նրան: Այնպես որ` իրավահաջորդության ուժով Հայոց Ցեղասպանության հատուցման ամբողջ բեռը պետք է կրի Թուրքիայի Հանրապետությունը:

Իսկ ի՞նչ եք կարծում, 100-ամյակի տարվա ընթացքում կարելի՞ է որոշակի առաջընթաց ակնկալել այդ հարցում:

- Իհարկե, կարելի է ասել, որ որոշակի առաջընթաց արդեն կա: Բայց անկեղծ ասած` ես բավարարված չեմ: Այս պայքարը շատ դանդաղ է ընթանում: Դեռ շատ են նրանք, ովքեր թերահավատորեն են վերաբերվում հատուցման խնդրին: Նույնիսկ առավել զգուշավորները և վախկոտ մարդիկ դրա տակ անվտանգության խնդիրներ են առաջադրում` կարծելով, թե Թուրքիայից հատուցում պահանջելը հղի է անկանխատեսելի հետևանքներով և կարող է վտանգել մեր այսօրվա երիտասարդությանը: Ես ուղիղ հակառակը կասեմ. Ցեղասպանության խնդիրը շոշափելը, հատուցման հարց բարձրացնելը միաժամանակ կանխարգելիչ գործողություն է: Որովհետև նախ հիշեցնում է աշխարհին, որ գործ ունեք ցեղասպան երկրի հետ, որը 100 տարի անց հրաժարվում է իր պատմությունից, մտադիր չէ հատուցել` ինչպես քաղաքակիթ աշխարհն արդեն ցույց է տվել Գերմանիա-Իսրայել փոխհարաբերությունների պարագայում:

- Շնորհակալ եմ զրույցի համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ