21-րդ դարի ժանտախտը.  ընտրասերում


Քաղաքական որոշ գործիչների կարծիքով, ընդդիմությունը, մասնավորապես` խորհրդարանական Հայաստանում, դադարել է քաղաքացիների բողոքների, պահանջների ձևակերպողը լինել և վերածվել է քաղաքացիական շարժումները մարողի: Ի՞նչն է այս երևույթի պատճառը, ինչո՞ւ են մարդիկ անտարբեր դարձել ներքաղաքական անցուդարձի նկատմամբ: Այս հարցերի շուրջ է զրույցը կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ հետ:

Իշխանությունը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ: Ընդդիմությունը դեմ է արտահայտվում, չնայած` նրանց մի մասի նախընտրական ծրագրերում ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին կետը: Ընդդիմությունից միայն ՀՅ Դաշնակցությունն է կողմ սահմանադ րական փոփոխություններին` եթե իշխանության համար ընդունելի լինեն իր առաջարկները: Եվ, ընդհանրապես, կարծես ամեն ինչ խառնվել է մեր իրականութ յան մեջ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը :

- Ցավով պետք է ասեմ, որ այն, ինչ կատարվեց մեզանում անկախությունից ի վեր, շատ արագ ցույց տվեց, որ գրեթե բոլոր գործընթացները զուրկ են անհրաժեշտ խորքայնությունից: Կարող եմ փաստել, որ խորքային փոփոխություններ չկան: Բոլոր կուսակցությունների գործողություններն ավելի շատ ուղղակի սեփական գոյությունը ապացուցելու նպատակ ունեն: Մենք դժբախտաբար 1991 թվականին մտել ենք մի գործընթացի մեջ, երբ ձևը գերիշխում է բովանդակությանը: Բոլոր կուսակցությունների կանոնադրությունները շատ նման են միմյանց: Կանոնադրություններից կարելի է բխեցնել գաղափարախոսությունները, որոնք նույնպես միմյանցից չեն տարբերվում, բայց չեն էլ կիրառվում:

Բայց ո՞րը որից պետք է բխի. կանոնադրությունը գաղափարախոսությունի՞ց, թե՞ հակառակը :

- Ես հատուկ ասացի կանոնադրությունից, որովհետև գաղափարախոսությունը որպես գաղափարախոսական փաստաթուղթ, որն ընդունվել է և ըստ այդմ շարժվում են` ես չեմ տեսել:

Մեզանում կուսակցությունները կանոնադրությունը գրանցելուց հետո ինչ-որ գաղափարական թեզեր են ասում, և հետո արդեն դժվար է լինում հասկանալ, թե որն է գաղափարական ձողը: Երկրորդը, ինչն ավելի վտանգավոր է, այն է, որ ոչ մի կուսակցություն հետամուտ չի լինում իր իսկ հայտարարած թեզերի իրականացմանը: Փոխարենը պարբերաբար բացատրում են, թե քաղաքականությունը հնարավորությունների մշակույթն է: Ու դրանով էլ բացատրում, արդարացնում են հռչակած, հայտարար ված գաղափարախոսությունից ցանկացած շեղում: Ասելս այն է, որ իրականում մեր կուսակցությունները չունեն գաղափարախոսություն: Իսկ նրանք, որոնք գաղափարա խոսական իմաստով ինչ-որ բաներ ունեն, հետամուտ չեն իրենց հռչակածին: Իսկ սկզբունքայնության բացակայությունը հանգեցնում է նրան, որ բոլորը գործում են ըստ իրավիճակի:

- Դուք ասացիք` գրեթե: Դրանից բխում է, որ այնուամենայնիվ, բոլորը չէ, որ այդպես են: Նշանակում է` գրեթեից հետո ինչ-որ մի բան մնում է, չէ՞:

- Ես հարցին մոտենում եմ զուտ հավանականության տեսությամբ և ենթադրում եմ, որ կարող են լինել նաև բացառություններ: Բայց երևացող, առկա ուժերի մոտ ես նշածս խնդիրները տեսնում եմ: Ասեմ` նույն ցեցը շատ արագ տարածվել է նաև քաղաքացիական դաշտում: Փաստորեն և´ քաղաքական, և´ քաղաքացիական դաշտերում մենք ունենք ձևի գերիշխում բովանդակության հանդեպ: Եթե հիշում եք` մի երկու տարի առաջ` 2012-ին, քաղաքացիական դաշտում վերելք արձանագրեցինք: Մի քանի կետերով թիրախներում հաջողություն ունեցանք: Բայց ի՞նչ տեղի ունեցավ հետո: Շատ արագ տարբեր ուժեր սկսեցին ցանկացած` մեծ ու փոքր խնդրի հետևից վազել: Տպավորությունն այնպիսին էր, որ նպատակը ոչ թե տվյալ խնդիրը լուծելն է, այլ ճանաչելի դառնալը, շատ աղմկելը: Եվ զարմանալի չէ, որ վերջին մեկ տարին ժողովուրդը արդեն քաղաքացիական նախաձեռնություններին շատ սառն է վերաբերվում: Եթե քաղաքական դաշտը 20 տարում արժեզրկվեց ժողովրդի աչքում, ապա քաղաքացիականը դա արեց տասն անգամ ավելի արագ:

- Իսկ ի՞նչն է այդ ամենի պատճառը. մի՞թե մենք այդ աստիճան վատն ենք:

- Այդ ամենը հետևանք են մեր պետության որակի, որը ձևավորվել է 1991 թվականին: Մեր պետությունը նոր-նոր ձևավորվում էր 1918-ին, իսկ 1991-ին պետության թե´ ձևը, թե´ բովանդակությունը պետք է փոխվեր, ինչը տեղի չունեցավ: Մենք աղավաղեցինք ամեն ինչ և ժամանակակից պետություն չկարողացանք կառուցել: Սկսեցինք անհաջողության բուն պատճառը չնկատել և վազել դրա հետևանքի հետևից: Իմ կարծիքով, այս ամենի գլխավոր պատճառն այն է, որ մեր պետության մեջ 1991թ. հաղթեց բացասական ընտրասերումը: Բացասական ընտրասերման պայմաններում առաջադիմելու ավելի շատ շանսեր ունեն նրանք, ովքեր ավելի քիչ արժանիքներ ունեն: Մենք դրա ականատեսն ենք բոլոր բնագավառներում: Մեր պետության կառավարման որակն է տարեցտարի ընկնում, մարդկանց վերաբերմունքը կուսակցությունների նկատմամբ նույնիսկ անտագոնիզմի է հասնում… Մեզանում ստեղծվել է, այսպես ասած, անարժանիների համակարգ: Հունարեն դրան ասում են կակոկրատիա:

Այդ բացասական ընտրասերումը ցանկացած երկրում լինում է, բայց ժամանակի ընթացքում էլ մարում, վերջանում է: Մեզանում ինչո՞ւ է այսքան շարունակվում:

- Ուկրաինայի օրինակը դիտարկենք: Այնտեղ արդեն երկրորդ Մայդանը եղավ: Այս արագացված աշխարհում վտանգավոր է հեղափոխական նման փորձեր անել և սպասել, որ բացասական ընտրասերումը դրական դառնա: Տվյալ պետությունը կարող է ուղղակի չդիմանալ: Ընդհանրապես, հեղափոխությամբ թռիչք չի արվում. հեղափոխութ յամբ կարող ես ստեղծել թռիչքի նախադրյալներ: Այս հարցում ես հարգանքի տուրք եմ ուզում մատուցել մեր ժողովրդին: Ի տարբերություն ուկրաինական ազգի, մեր ժողովուրդը, ունենալով բազմադարյա փորձ, շատ լավ գիտի տատանումների վտանգը: 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի ժանտախտը բացասական ընտրասերումն է: Այն պետությունը, որը չի կարող դիմակայել, աստիճանաբար նահանջում է: Արևելյան պետությունները կարողացան լուծել բացասական ընտրասերման խնդիրը. և´ Չինաստանը, և´ Սինգապուրը, և´ Վիետնամը… Իսկ հին աշխարհում` Եվրոպայում և մնացյալում, ակնառու է, որ արդեն մոտ կես դար է` բացասական ընտրասերումը հաղթել է: 60-80 թթ. կարելի էր 4-5 վառ անհատականություններ հանդիսացող եվրոպական առաջնորդների անուններ ասել, իսկ հիմա մեկն էլ չես գտնի: Դա բացասական ընտրասերման արդյունքն է:

Լավ, այդ դեպքում ելքը ո՞րն է:

- Միակ հնարավոր և իրական տարբերակն այն է, որ արժանիները, ովքեր այսօր մնացել են լուսանցքից դուրս, բնազդային ինքնագիտակցությամբ համախմբվեն: Ես արդեն տեսնում եմ, որ այն մարդիկ, ովքեր արժանի են, ովքեր ունակ են և ուզում են, կարծես փորձում են միմյանց հետ լեզու գտնել: Իսկ դա ինքնակազմակերպման ամենաառաջին քայլն է: Մի քանի տարի առաջ նման երևույթ չեմ տեսել, իսկ այսօր կարող եմ ասել, որ այդ երևույթը արդեն սկսվել է, ուղղակի դեռ նախնական փուլում է: Անուններ մի հարցրեք, չեմ ասի. մենք սիրում ենք խնդիրը անձնավորել և դրա պատճառով չտեսնել երևույթի օրինաչափությունը: Ես կառավարման փորձագետ եմ, իմ մասնագիտությունն է հասկանալ երևույթը, դրա պատճառները:

Հասկանալի է: Մնում է շնորհակալություն հայտնել հետաքրքիր և օգտակար զրույցի համար:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ