«Չլինի, որ երկնենք և չծնենք...»


Այսօր հայ ժողովուրդն աշխարհին ներկայանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ: Եվ այս միասնության ներկայացուցիչներս էլ` ի դեմս համաժողովի մասնակիցների, նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումները, հարափոփոխ և անընդհատ փոքրացող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերները, որպես Հայաստան-Սփյուռք գործակցության գաղափարական հենք, համազգային առաջնահերթություններից մեկը համարում ենք հզոր և ապահով Հայաստանի կառուցումը:

Աշխարհում, կարծում եմ, չկա մի հայ, ով չուզենա Մայր Հայրենիքը տեսնել հզոր, անվտանգ և ապահով:

Մեր հայրենիքի առջև այսօր ծառացած են բազում ներքին, տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներ: Եվ ակնհայտ է, որ դրանց հաղթահարման համար միասնաբար պետք է համախմբենք համայն հայության մտավոր, նյութական և կազմակերպչական կարողություններն ու հնարավորությունները:

Չէ՞ որ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է և նրա զարգացման, անվտանգության համար պատասխանատվություն կրում է ամեն մի հայ` անկախ բնակության վայրից:

Հայաստանում արտագաղթի և աղքատության մակարդակի կրճատման կարևոր ճանապարհը ներդրումների ծավալների ավելացումն է, գործարար միջավայրի բարելավումը, աշխատատեղերի ստեղծումը, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առևտրի, սպասարկման, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության ոլորտներում ավելի մեծ թվով սփյուռքահայերի ներգրավումն է և նրանց համար նպաստավոր պայմանների ապահովումը:

....Այո, որպես քաղաքակիրթ ազգ, մենք երախտապարտ ենք բոլոր պետություններին, հասարակական_քաղաքական գործիչներին, բարեգործներին, միսիոներներին, ովքեր Ցեղասպանությունից հետո ապահով տանիք և խաղաղ պայմաններ ստեղծեցին հայության համար և ազգը վերընձյուղվեց, ովքեր քաղաքական խիզախություն ունեցան ասելու ճշմարտությունը հայ ժողովրդի ցեղասպանության մասին:

Առանձնակի շնորհակալ ենք նաև այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված ամենասոսկալի ոճրագործություն և պահանջում են Թուրքիայից ազատվելու այդ ծանր բեռից, առերեսվելու իր պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Հիմք ընդունելով միջազգային փաստաթղթերը, մենք այսուհետ ևս պայքարելու ենք յուրաքանչյուր հայի անհատական իրավունքների, համայնքային իրավունքների, և իհարկե, համազգային իրավունքների վերականգնման համար, Փերինչեկի գործի վերանայման համար:

Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է, որի ճանաչումն ու դատապարտումը չունի վաղեմության ժամկետ, մենք պայքարն ուղղում ենք ոչ միայն պատմական արդարության վերականգնման, հայրենազրկված ժողովրդի իրավունքների ճանաչմանը, այլև` որպեսզի այլևս երբեք և ոչ մի տեղ չկրկնվի և ոչ մի ժողովուրդ ցեղասպանության չենթարկվի:

Որպեսզի Թուրքիան ճանաչի և կրի ոճիրի ողջ պատասխանատվությունը, և ցանկացած հայ` ծպտյալ կամ բռնի կրոնափոխված, կարողանա իրեն հայ հայտարարել` վերջ դնելով հոգեկան տառապանքներին. սա ևս յուրօրինակ ցեղասպանություն է, որ շարունակվում է մինչ օրս:

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը այսուհետ ևս մնալու է մեր քաղաքական պայքարի օրակարգում և համազգային դատի վերջնական լուծմանը հասնելու ենք հայության բոլոր հատվածների միասնական ջանքերով` հիշելով և պահանջելով:

...Մենք ուժեղ ենք երբ միասին ենք, ամբողջական:

Ցանկանում եմ հիշեցնել Գրիգոր Նարեկացու խոսքերը.

«Չլինի, որ երկնենք և չծնենք, ամպենք ու չանձրևենք, ընթանանք և չհասնենք»: