ԳՈՒՑԵ ՓՈՐՁԵ՞ՆՔ


Վերջին մի քանի տարիներին հաճախակի լինելով Ռուսաստանում և մի քիչ ուշադիր հետևելով Զլմ-ներին, հիացած եմ նրանց մտահոգվածությունից` իրենց ժողովրդի ճակատագրի հանդեպ: Իսկ մեր Զլմ-ները միայն բացասական փաստերն են ներկայացնում և դժգոհում` առանց բարեհաջող ելքեր առաջարկելու:

Մի՞թե դժվար է հասկանալ, որ մեր ժողովուրդն ունի մի քանի մոլորություններ, որոնցից շուտափույթ չհրաժարվելու դեպքում 10-12 տարի անց կարող ենք ընդհուպ մինչ պետություն կորցնել: Վերջին 25 տարում ես տեսա, թե ինչպես է ապրել մեր ժողովուրդը վերջին 3000 տարում: Ժողովրդական խոսքն ասում է` «Հայի վերջին խելքը...»: Ահա թե որն է մեր ամենածանր հիվանդությունը, որի բուժումն անհրաժեշտ է սկսել հենց այսօրվանից: Որն է այդ հիվանդությունը: Մեր ժողովուրդը շատ ուշ է կողմնորոշվում, դժվարությամբ է համախմբվում և ուշացումով է որոշումներ կայացնում: Հետևաբար իր համար օգտակար քայլն էլ շատ ուշ է անում. կամ, երբ այլևս անհնար է փրկել վիճակը, կամ էլ փրկում է ծանր կորուստներով:

Իսկ ինչն է խանգարել դարեր շարունակ և այսօր հաղթահարել մեր ուշահասությունը: Նախ 2 հայ, 2 միլիոն հայ,12 միլիոն հայ վախենում են անկեղծանալ մինչև վերջ որևէ հարց քննարկելիս, մինչև գտնեն բարեհաջող ելք: Բոլոր հայերն իրենց այնքան խելացի են համարում, որ խորհրդի կարիք չեն զգում: Իսկ ինչպես հաղթահարել մեր այս մոլորությունը: Այս խնդրում շատ օգտակար կարող են լինել լրատվամիջոցները: Մեր Զլմ-ները պետք է ընդօրինակեն մեր բանակի հոյակապ աշխատանքը, որով էլ ապահովվում է մեր անվտանգությունը: Ահա ճիշտ այդպես էլ մեր Զլմ-ները պիտի առողջացնեն բարոյահոգեբանական մթնոլորտը երկրի ներսում, որպեսզի կարողանանք հզորանալ բոլոր առումներով` առանց որի անհնարին է արժանապատվորեն ապրել այս հեղհեղուկ տարածաշրջանում: Ի վերջո պետք է հասկանանք, որ և´ 1000 տարի առաջ, և´ այսօր միշտ եղել են և կան բարեհաջող ելքեր. պետք է փնտրել դրանք ու ներկայացնել ժողովրդին:

Արամայիս ԶԱՔԵՎՈՍՅԱՆ