«Սոցիալական խելազրկություն»


Շվեյցարական Blik թերթն այսպես է բնութագրել Ցյուրիխից ոչ հեռու գտնվող մի գյուղում ստեղծված իրավիճակը: Անպատկերացնելի է իսկապես. տեղի իշխանութ յունները ստիպված են բարձրացնել հարկերը, որպեսզի կարողանան պահել Էրիթրեայից (գտնվում է Աֆրիկայի հյուսիս-արևելքում, Կարմիր ծովի ափին) այստեղ գաղթած բազմազավակ ընտանիք: Ընտանիքի գոյատևման համար ներկայումս պահանջվում է 60 հազար ֆրանկ (շուրջ 50 հազար եվրո)` ամսական:

Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Թերեզա Շլեպֆերը պատմել է, որ այդ ընտանիքը` մայրն ու 7 երեխաներն իրենց գյուղ են եկել 3 տարի առաջ: Նրանք ստացել էին երկիր մուտքի թույտվություն, որը թույլատրում էր Շվեյցարիայում մնալ 5 տարի` հետագայում ժամկետը երկարացնելու արտոնությամբ:

Գյուղապետարանը սկզբում ստանձնել է բնակարանի վարձակալության գումարը և ամսական ևս 2600 ֆրանկ` ընտանիքի ծախսերը հոգալու: Շուտով պարզվել է, որ մայրը շատ ծանրաբեռնված է, և երեխաներից 4-ին հանձնել է մանկատուն, որը ևս գործում է գյուղի բյուջեի հաշվին:

Շատ հյուրընկալ տանտերեր են այս գյուղի մարդիկ: Փախստական ընտանիքին օգնել են նաև սոցիալական աշխատողները` խանութ գնալ, ուտելիք պատրաստել, տունը մաքրել, երեխաներին էքսկուրսիա տանել... Մի խոսքով` օրական 6 ժամ աշխատել են այս ընտանիքի հետ:

Այսուհանդերձ, գումարի պակաս կա: Հիմա էլ որոշել են տեղաբնակների հարկերը բարձրացնել` էրիթրեացի եկվորների նպաստն ավելացնելու համար: Սակայն բարեհոգի գյուղապետուհուն արդեն զայրացնում է այն, որ ներգաղթյալները միայն իրավունքներ ունեն և ոչ մի պարտականություն: Ու դա` ոչ միայն իրենց գյուղում: Օրերս դժգոհության փոքրիկ մի ալիք է բարձրացել Շվեյցարիայում: Բեռնի ոստիկանապետը հայտարարել է, որ իրենց երկիրը հարուստ է և շատերին է հրապուրում: Հանս-Յուրգ Կասերն իր այդ ելույթում օգտագործել է negerbubli բառը` «սևամորթ» կամ «աֆրիկացի» արտահայտությունների փոխարեն: Իսկ այդ մակարդակի պաշտոնյաները պատահական բառեր չեն օգտագործում: Ուրեմն կարելի էր կարծել, որ աֆրիկացիների զանգվածային ներգաղթն այստեղ չի բացառվում: