Պոռնոաստղը` մաթեմի դասագրքին


Տիրաժավորված տպագիր խոսքը կամ լուսանկարը ենթակա չէ սրբագրման: Եթերներում հնչող ու ցուցադրվող սյուժեները, էլեկտրոնային հրատարակությունները միշտ կարելի է խմբագրել, վերացնել, հավելումներ կատարել: Բայց տպագիրն անողոք է, որևէ ուղղում չի հանդուրժում:

Գուցե հենց դա է պատճառը, որ քննադատության թիրախ դարձած շատ «դեմքեր» անհաշտ են հատկապես տպագիր մամուլի հանդեպ: Բայց խոսքը մամուլի մասին չէ, այլ դպրոցական դասագրքի, այն էլ լո˜ւրջ գիտության այբուբենի, որի շապիկին տպագրվել է ճապոնական պոռնոաստղի լուսանկարը: Այս մասին հաղորդել է Թաիլանդի կրթության նախարարության կայքը: Այդ դասագրքերից երկու հազար օրինակ հետ են հավաքվել ուսումնական հաստատություններից: Դրանք հրատարակող ընկերությունը լուսանկարի հայտնվելը բացատրել են այսպես. ձևավորողները գեղեցիկ նկար են փնտրել համացանցում: Պոռնոաստղի տեսքը նրանց դուր է եկել, բայց չեն ճանաչել նրան ու չեն էլ ճշտել, թե իրականում ով է այդ կինը, ում գեղեցկությամբ երևի որոշել են դպրոցականների գեղագիտական ճաշակը զարգացնել:

Դասագիրքը տպագրվել էր 3 հազար օրինակ տպաքանակով, որից 2 հազարն արդեն ուղարկվել էր 10 քոլեջներ: Ամբողջ տպաքանակի կազմը կփոխվի: Նախարարությունը բոլոր հրատարակիչներին պարտավորեցրել է այսուհետ դասագրքերի համար օգտագործել հատուկ այդ նպատակով կատարված նկարներ:

Օրեր առաջ` սեպտեմբերի սկզբին Եկատերինբուրգում էլ ուրիշ «հումոր» էր հայտնաբերվել. դպրոցական օրագրերի էջերից մեկի վրա տպագրված էր Ադոլֆ Հիտլերի լուսանկարը` նրա մասին պատմող փոքրիկ տեղեկատվությամբ: Ինչո՞ւ և թե ի՞նչ արվեց այդ օրագրերի հետ` դեռևս հայտնի չէ: (LentΖ.ru):