ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ


n Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆ. Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հետ: Ֆ. Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին: Պսակադրման արարողությունից հետո նախատեսված է գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: n «Առավոտ» օրաթերթում տպագրված «Գնդակահարել է համագյուղացուն» վերնագրով տեղեկատվության կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը. 17.08.2010թ. ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984թ., Տավուշի զ/կ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966թ., Տավուշի զ/կ) կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբայանը տեղում մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Հարություն Յուրիկի Վարդանյանը 18.08.2010թ. ձերբակալվել է: 21.08.2010թ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: n «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Զինվորներին դիրքերից դուրս են տարել պատժելու» վերնագրով հրապարակման հեղինակ Է. Մարտիրոսյանը, անդրադառնալով 28.07.2010թ. մարտական դիրքերից մեկում զինծառայողների սպանության դեպքին, ընդգծել է, թե «քննչական աղբյուրներից» իրենց հասած տեղեկության համաձայն «դեպքի վայրն ամենևին էլ «բլինդաժն» ու նրա մերձակա հատվածը չէ, և որ դեպքը տեղի է ունեցել ընդհանրապես դիրքերից դուրս»: Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է հետևյալը. Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարվել է դեպքի վայրի մանրակրկիտ զննություն, լուսանկարահանում և տեսանկարահանում, կատարվել են բազմաթիվ այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնք թույլ են տալիս պաշտոնապես հայտարարելու, որ դեպքը տեղի է ունեցել զինծառայողների դիակների հայտնաբերման վայրում` մարտական հենակետում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն