ՈՐԴԻՍ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ


Անհայտ կորածի մայր Սամարա Գրիգորյանի որդին` Վրեժ Ազատի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (ծնված 1972 թ. օգոստոսի 28-ին), 20-ն էլ դեռ չէր բոլորել, երբ Արցախյան գոյամարտի մասնակից նվիրյալներից դարձավ: Վրեժի հայրական կողմը 1915 թվականին գաղթել էր Սարիղամիշի Հոֆֆերան գյուղից, իսկ մայրական կողմը` Շահումյանի Վերին Շեն գյուղից: Տիկին Սամարան մանկավարժի ընտանիքից էր. հայրը` Միքայել Ազարյանը, Հայրենական պատերազմի մասնակից էր, ռուսաց լեզվի և ռազմագիտության ուսուցիչ, մայրը` Սոնա Խաչատրյանը, դասավանդել էր հայոց լեզու և հայ գրականություն: Ինչպես տիկին Սամարան է ասում. «Ծնողներիս հայացքը բավական էր` հասկանալու համար»: Հենց այդ հոգեբանությամբ էլ դաստիարակեց նաև իր զավակներին: Նրա հայրենասեր ընտանիքում ծնվեցին երեք զավակ` Աղասին, Աբելը, Վրեժը: Եվ գուցե տատի` Վարսենիկ Գրիգորյանի պատմածներից Վրեժն ավելի ու ավելի էր դարձել վրիժառու` հույս ունենալով մի օր տեսնել պապերի էրգիրը: Մի հետաքրքիր ճանապարհ էր ուրվագծվել այդ ընտանիքի կենսագրությունում` Ղարս, Լենինական, Շահումյան, Երևան: - Բազմանդամ էր մեր ընտանիքը, չէի ուզում երրորդ զավակն ունենալ, բայց… Աստծո պարգև էր Վրեժի ծնունդը: Երբ որդիս ծնվեց, ամուսինս ասաց. «Էն, ինչ որ իմ սրտում կա, վրեժ է, երրորդ զավակիս անունը Վրեժ եմ դնում»: Հասկացա, որ Եղեռնի մասին մոր պատմածները կուտակվել են հոգում: Իր հարազատները սարսափի ու տանջանքի ծովով էին անցել: Երևի գիտեր, որ որդին վրեժխնդիր կլինի: Վրեժը մանկուց բազում փորձությունների միջով էր անցել: Շատ ընկերասեր էր, բոլորի հետ թիկունք թիկունքի` օգնել էր: Սովորեց Երևանի Մուրացանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոցում: Մինչև հիմա նրա ուսուցիչները պատմում են որդուս չարաճճիությունների մասին: Լավ է սովորել: Տատը շատ էր պատմել 15 թվի Եղեռնից: Գաղթի ժամանակ նա եղել էր 5 տարեկան, եղբայրը` 16: Թե ինչպես էր հայրը սայլի մեջ դրել իրենց, 16 տարեկան որդուն` Մուկուչին ասել. «Քշի°ր, որքան կարող ես, ես կպահեմ նրանց»: Այդ պատմությունները լսելիս սարսռում էինք, զարմանում` ինչպիսի ճակատագիր է ունեցել հայ ժողովուրդը: Բայց, հավատացեք, մենք ուժեղ ենք, որ այդքան փորձությունների միջով անցնելուց հետո չենք խելագարվել: Ամառային արձակուրդներին զավակներս մեկնում էին Շահումյան, հորս հետ կապված էին, սիրում էին լսել նրա պատմությունները պատերազմի մասին: Նրանց հետ հասակ առան իրենց բնավորության գծերը ևս: 88-ի աղետալի երկրաշարժին Վրեժը 16 տարեկան էր: Ազատի հարազատները Լենինականում էին: Ամուսինս աշխատակիցների հետ մեկնեց Լենինական օգնության: Մեկնողների խմբում էր նաև փոքր որդիս` Վրեժս: Դեմ էի, փոքր էր, չէի ուզում այդ տարիքում այդպիսի դառնություն տեսներ: Բայց ամուսինս ասաց. «Եթե ուզում է, թող գա, տղամարդ դառնա»: Գնացին, բայց չէին հասցրել ազգականներին օգնել, դպրոցի երեխաներին էին օգնել: Երկու շաբաթ հետո վերադարձան: Պատանեկան ժպիտն անհետացել էր նրա դեմքից, սևուկ աչքերն ավելի կրակոտ էին դարձել: Երկար ժամանակ երկրաշարժի արհավիրքից էր պատմում, իր տեսածն ու զգացածն էր փոխանցում ընկերներին: Վրեժս տարբերվում էր ընկերներից: Երկրաշարժին հաջորդեցին Սումգայիթյան ջարդերը: Այդ անգամ դժբախտությունը տիկին Սամարայի հարազատների գլխին էր կախվել: Հորաքույրն ու մորաքույրն ընտանիքով ապրում էին Կիրովաբադում: Որդին նրանց տառապանքն էլ տեսավ: Յուրաքանչյուր տառապանք մի վերք թողեց նրա հոգում: Կամաց-կամաց նրա մեջ հասունացավ դառնությունը: Շահումյանցիները ջոկատներ էին կազմել: Հարազատներն ապրում էին Շահումյանի Վերին Շեն գյուղում: 1989-ին քեռու` Սևակ Ազարյանի հետ Վրեժն էլ գնաց: Սկզբում ծնողներն իրադարձություններից տեղյակ չէին: Շահումյանցիների հետ մասնակցել էր գյուղի ինքնապաշտպանությանը: Հայ Բարիս գյուղի մինապատ տարածքն էին մաքրել` չիմանալով, որ հետո թշամու համար ճանապարհ էին հարթելու դեպի Վերին Շեն: Ամիսներ անց վերադարձել էր` փաստաթղթերը կարգավորելու, ծնողներին տեսնելու համար: Ընդամենը 18 տարեկան էր, բայց հասցրել էր այնքա¯ն դառնություն ու վիշտ տեսնել, զգալ: - Տուն եկավ` մազակալած դեմքով, առնական հայացքով: Դառնություն կար հայացքում: Եկել էր` մեզ տեսնելու և գործերի համար լուսանկարվելու: Նորից մեզ ոչինչ չէր ասում: Պատահաբար գրպանում տեսա թղթերը ու ապշեցի: Այլևս ոչինչ չէինք կարող անել, գնալու էր: Հիմա եմ հասկանում, որ նրա կյանքն այդպես պիտի լիներ. նրա ծնունդը պատահական չէր, ուղղակի հաշտվել էր պետք դառնության հետ, որ իմ անբաժան ընկերը դարձավ: 1990-ին Վրեժը «Զեյթուն» կամավորական ջոկատում էր: 1990-92 թ.թ. ջոկատի կազմում մասնակցեց Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար, Վերին Շեն գյուղերի ինքնապաշտպանությանը: Միաժամանակ, հրամանատար Յաշա Շելունցի կարգադրությամբ զբաղվեց Շահումյանի շրջանի տուժած ազգաբնակչությանը սննդի ու հագուստի մատակարարմամբ: - 1992 թ.-ի մայիսն էր, էլի եկել էր, Շուշիի գրավման օրն էր, կռվող տղերքով հավաքվեցին, նշեցին: Բայց երկար չտևեց որդուս ուրախությունը… Աշխատանքից տուն եկա, Վրեժս անհանգիստ էր, հայացքը հեռացնում էր ինձնից: Հետո ասաց, որ թշնամին գրոհել էր Շահումյանի վրա, հարազատներիս ճակատագիրն անորոշ էր. չէր իմանում` ինձ ինչպես ասեր, որ նորից գնալու է: Հանդիմանեցի, որ առանց այդ էլ հարազատներիս գլխին եկած դառնությունը բավական էր, ձեռքերս տարածեցի` հասկացնելով, որ չեմ թողնի` գնա, բայց ձեռքս քնքշորեն համբուրեց ու ասաց. «Մամ ջան, զուր չէ, որ Աստված քեզ երեք զավակ է պարգևել` մեկը քեզ համար է, մյուսը` Աստծո համար, երրորդը` հայրենիքի»: Ասաց ու հրաժեշտ տվեց մեզ: Մենք անզոր էինք նրան ետ պահել. հայրենասիրությունը նրա արյան մեջ էր£ Հունիսի 18-ին գնաց: Հարազատներին ու շահումյանցիներին սնունդ ու հագուստ հասցնելուց հետո նրանց ճանապարհեց Երևան, իսկ ինքը մնաց. դեռ անելիքներ ուներ` իմանալով, որ մարտն ավելի վտանգավոր էր լինելու, և թշնամին իր գլխավոր ուժերն էր կենտրոնացրել Մարտակերտի մատույցներում: Հունիսի 29-ին «Արաբո» և «Զեյթուն» միացյալ ջոկատի կազմում մասնակցեց Մարտակերտի շրջանի Լենինավան, Հասան-Ղայա գյուղերի մարտական գործողություններին: Դա Վրեժի վերջին մարտն էր: 79 քաջեր մնացին շրջափակման մեջ… Անհայտ է նրանց ճակատագիրը… - Զավակս 20 տարեկան էլ չկար… Նա ողջ է ինձ համար, սպասում եմ նրա վերադարձին: Մեր թոռները նման քաջերի օրինակով պիտի դաստիարակվեն, յուրաքանչյուր կենսագրական պիտի ազդի մատաղ սերնդի վրա: Ամեն տարի ՊՆ աջակցությամբ լինում ենք ԼՂ-ում, հեռվից դիտում այն վայրը, ուր վերջին մարտն են տվել մեր քաջերը£ - Վրեժի հայրը` Ազատ Գրիգորյանը, դեպքերի շատ մանրամասներ թաքցնելով կնոջից, նրան հուսադրել էր` որդին կվերադառնա… Նա տարիներ անց հիվանդացավ: Մահացավ 2004-ին: Անցել է 18 տարի, բայց մայրը հավատով սպասում է Վրեժի վերադարձին…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ