ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ


 

Ասում էք ադրբեջանական նոր գրականության հիմնադիր համարվող Միրզա Ֆաթալի Ախունդովն ադրբեջանցի՞ է: Իհարկե` ո´չ: Ըստ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում պահպանված մատյանների` 1830-40-ական թվականներին այստեղ որպես պարսկերենի դասատու է աշխատել Միրզա Ախունդյանցը` Պարսկաստանի հայ միրզաների զավակներից մեկը:

Հայկական ժողովրդական ասացվածք կա «Ջորու դնչին մինչև չեն խփում, չի խոստովանում, որ էշի ցեղից է»: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում հիշել այս ասացվածքը, երբ հատկապես խնդիրը վերաբերում է մեր հարևաններին, նրանց պատմությանը:

Վերջերս Անգլիայում լույս է տեսել մի հոդված, որի հեղինակը` ճանաչված կովկասագետ, հիշատակել է տարածաշրջանի հին ազգերին և ազգություններին` դրանց մեջ չնշելով ադրբեջանցիներին: Թվում էր, թե հերթական անգամ մեր հարևան երկրի պատմաբանները վայնասուն էին բարձրացնելու, խոսելու էին այն մասին, որ իրենք Նոյից էլ հին են, անգամ ունեն 5-6 հազար տարվա պատմություն:

Սակայն տեղի է ունեցել անսպասելին. Ադրբեջանում սկսել են հաշվի նստել որոշ պատմական ճշմարտությունների հետ: Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում Դարյա Ասլամովան գրում է.

- Ադրբեջանցիները երիտասարդ ազգ են: Նրանք ազգային ինքնագիտակցության են հասել լոկ տասնամյակներ առաջ:

Այս հայտարարությունը հիմնավորելու համար նա հղում է անում իր ազգակից քաղաքագետներին: Իսկ ահա Իլագր Մամեդովը գրում է.

- Մենք նոր ժողովուրդ ենք: Եթե 100 տարի առաջ դուք դուրս գայիք Բաքվի փողոցներն ու հարցնեիք առաջին իսկ պատահած մարդուն` դու ո՞վ ես, նա կպատասխաներ` մահմեդական: Իսկ հետո արդեն` թաթար: «Ադրբեջանցի» ինքնությունը հորինվել է ԽՍՀՄ-ում: Իսկ հիմա այն ուժ և էներգիա է ստացել, որը ազդակ է տալիս ժողովրդագրական պայթյունի համար:

Ինչպես տեսնում ենք` հենց իրենք են բացահայտում պատմական ճշմարտությունը և վերջապես բոլորին մատուցում մի չափազանց կարևոր փաստ. 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին իսկապես գոյություն չունեին Ադրբեջան և ադրբեջանցի հասկացությունները, Բաքվում և Գանձակում գերակշռում էին հայերը, կային նաև ռուսներ, վրացիներ: Բաքվի ողջ ֆինանսական կապիտալը կենտրոնացած էր հայերի ձեռքին, իսկ մուսուլմանները կամ մահմեդականները կատարում էին էժան և սև աշխատանք: Նրանց մի մասն այստեղ էր եկել Իրանի Ատրպատականից, մի մասն էլ Կասպից ծովի հյուսիսային հատվածներից` աշխատանք և ապահովություն գտնելու: Պատմական այս իրողությունը յուրովի է հաստատում ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն.

- Մեր շրջանում միֆ գոյություն ունի մեծ Ադրբեջանի մասին, որն իբրև թե բաժանվել է Պարսկաստանի ու Ռուսաստանի միջև: Սակայն, ցանկացած հանրագիտարան ձեզ կբացատրի, որ ամբողջ այդ տարածքում գտնվում էին պարսկական Քաջարների տոհմի (որոնք թրքական ծագում ունեին) մանր խանությունները: Յուրաքանչյուր խան 10-12 երեխա ուներ: Ավագ որդուն ուղարկում էին շահի պալատ` որպես պատանդ: Եթե հայրը մեկ քայլ այս կամ այն կողմ սխալ աներ, այդ դժբախտ երեխայի աչքերն էին հանում կամ ձեռքերը կտրում: Եվ իհարկե, տուրք էին վճարում պարսկական շահին: Երբ Իրանում ներքին խժդժություններ սկսվեցին (այսպես ասած «պարսկական վերակառուցում»), մեր խաները որոշեցին պահից օգտվել ու անկախ դառնալ: Եվ պայքար սկսեցին շահի դեմ: Իսկ հետո վախեցան` չէ՞ որ ուժերն անհավասար էին: Չէ՞ որ կգային ու տուր թե կտաս: Այն ժամանակ մեր խաները միասին նամակ գրեցին Եկատերինա Երկրորդին` թե ուզում ենք ձեր հպատակության տակ անցնել: Եկատերինան էլ, հիմար չլինելով, համաձայնվեց: Սակայն, պարզվեց, որ ռուսական հովանավորությունը պարսկականից ոչնչով լավ չէ: Այն ժամանակ մեր խաները ապստամբեցին: Արդյունքում նրանց գլխին տվին երկու կողմից` ռուսական և պարսկական: Երկու ռուս-պարսկական պատերազմների արդյունքում կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը` 1828 թ., որով Ռուսաստանի տիրապետության տակ մնացին ներկայիս Ադրբեջանի և Հայաստանի տարածքները: Այնպես որ, մինչև խորհրդային կարգերի հաստատումը` 1918 թ., Ադրբեջան պետություն ուղղակի չի եղել:

Ի դեպ, այս տեքստում ուշագրավ մեկ այլ փաստ էլ է առկա. Ալիզադեն խորհրդային կարգերի հաստատման տարեթիվ է նշում 1918-ը, մինչդեռ Ադրբեջանի ներկայիս տարածքում 11-րդ բանակը խորհրդային իշխանություն է հաստատել 1920 թվականին: Պատմաբանը նկատի ունի Բաքվի կոմունան, որը տարածաշրջանում ստեղծված առաջին խորհրդային պետության մոդելն էր: Անշուշտ, ադրբեջանցիները չեն կարող մինչև վերջ ազնիվ լինել, սակայն 1918-ի հիշատակումը մեկ անգամ ևս առիթ է տալիս ասելու, որ Բաքվի կոմունան ձևավորվեց հայերի շնորհիվ և նրանց գործուն մասնակցությամբ: Ստեփան Շահումյանն էր կոմունայի առաջնորդը, և ընդամենը մեկ մահմեդական կար` Մեշադի Ազիզբեկովը, ով ներկայացնում էր «Հուրիեթ» կազմակերպությունը: Նշենք, որ Ազիզբեկովը ազերիական ծագում չուներ, նրա մայրը հրեուհի էր, հայրը` լեզգի: Լեզգիական և հրեական ծագում ունեին ադրբեջանական կոմկուսի շատ առաջնորդներ` Նարիմանովը, Բաղիրովը, ուրիշներ: Ասել է թե` հստակ արտահայտված ադրբեջանական էթնիկական տարր գոյություն չունի: Այս ամենին գումարենք նաև այն, որ ադրբեջանական համարվող մշակույթի շատ ճանաչված գործիչներ, ովքեր ապրել են 19-րդ դարում կամ 20-րդ դարասկզբին, նույնպես ադրբեջանական ծագում չունեին:

Մեր այս հրապարակումն ինքնանպատակ չէր, ոչ էլ խնդիր ունեինք մեկ անգամ ևս հիշելու, որ քոչվոր ցեղախումբը սեփականել է այլոց պատմությունը` ինքնահաստատման համար: Եթե այսօր արդեն որոշ ադրբեջանցի գիտնականներ ու քաղաքագետներ առանց վախենալու` ներկայացնում են պատմական ճշմարտությունն իրենց ծագումնաբանության մասին, նշանակում է` հեռու չէ այն օրը, երբ առաջին հերթին ադրբեջանական պատմաբանները հրապարակավ կհայտարարեն Ղարաբաղի և Նախիջևանի` բռնակցված լինելու մասին:

Լ.Մ.