«Հանցագործությունների թվաքանակը նվազել է» վստահեցնում է ՀՀ ոստիկանությունը


 

Ոստիկանության համակարգի աշխատանքները բոլորին տեսանելի ձևով թևակոխել են որակական նոր փուլ, ինքնամաքրվող կառույցը նոր սկզբունքներ է որդեգրել և հավատարիմ է դրանց: Արդեն իսկ նկատելի արդյունքը համակարգի ստորաբաժանումների և տարածքային մարմինների` ընթացիկ տարվա առաջին կիսամյակի գործունեությունն ամփոփող փաստերն են, որոնք հանցագործությունների նվազում են արձանագրում:

Ոստիկանության պետն ի սկզբանե կարևորել է հասարակական կարգի պահապանի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու, ամրապնդելու անհրաժեշտությունը, ոստիկանի նոր կերպարի ձևավորումը: Մեր խնդրանքով այս ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերին անդրադարձավ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ.

- Ուզում եմ հավաստիացնել, որ ոստիկանության ղեկավարության կողմից հատուկ ուշադրություն է դարձվում ձեր բարձրացրած խնդրին: Դա նաև Հանրապետության նախագահի պահանջն է, ինչպես նա է ասել` մեզ պետք է նոր ոստիկան: Իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Ոստիկանության պետն այս շեշտադրումն է դրել այդ խնդիրների լուծման ճանապարհին: Կարելի է փաստել, որ բոլոր ուղղություններով աշխատանքներ են տարվում` սկսած համազգեստից, մինչև ոստիկանի բուն էություն: Այսինքն` կարևորվում է ոչ միայն նրա արտաքին տեսքը. առավել կարևոր է, որ նա ունենա լուրջ մասնագիտական գիտելիքներ ու կարողություններ: Ինչպես հայտնի է` ստեղծվել է հատուկ գումարտակ` Ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակետային գնդի հիման վրա, որտեղ հիմա իրենց ծառայությունն են իրականացնում շուրջ 60 ոստիկաններ: Դա միայն սկիզբն է, այս գործընթացը շարունակվելու է: Դուք ամեն օր տեսնում եք նրանց փողոցներում` բարետես արտաքինով, նորագույն տեխնիկայով զինված և պատրաստակամ` ծառայելու քաղաքացու պահանջներին, խնդիրներին` եթե կան այդպիսիք: Հաջորդ քայլը մեր համայնքային ոստիկանության ստեղծման գաղափարն է, որն արդեն գործում է Երևանում, իսկ 2013-ից կգործի նաև մարզերում: Հաջորդ քայլը լինելու է համայնքամետ ոստիկանության ստեղծումը, որտեղ ներգրավվելու են մեր բոլոր ծառայությունների ուժերը. արտաքին ծառայության մասին է խոսքը: Ես կարող եմ շատ փոփոխությունների մասին խոսել: Այս գործընթացը շարունակական է, անընդհատ առաջ ենք գնալու:

ՀՀ ոստիկանության հավաստմամբ` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հետևողականորեն իրականացվել են կազմակերպաիրավական աշխատանքներ` ծրագրված բարեփոխումները կյանքի կոչելու ուղղությամբ: Ոստիկանությունը շարունակել է կենսակոչել օրենսդրությամբ իր վրա դրված խնդիրները, ինչի արդյունքում հանրապետությունում լիովին վերահսկելի է օպերատիվ իրավիճակը, պահպանվում է կայուն հասարակական կարգ ու կանոնը:

Ինչևէ, անելիքներն ու խնդիրները շատ են: Ինչպես ՀՀ նախագահն է նկատել.

- Պետք չէ միայն ապավինել օրենսդրական և կազմակերպական բարեփոխումներին, որովհետև փոփոխություն նախևառաջ ակնկալում եմ այդ գործունեությունն իրականացնող պաշտոնատար անձանց գործելակերպում և մտածելակերպի մեջ: Միայն օրենք կամ ընթացակարգեր փոխելով մենք չենք կարող հաջողության հասնել: Դա անհրաժեշտ գործընթաց է, բայց` ոչ բավարար: Պետք է փոխել մեր մտածելակերպը: Հատկապես այն, որ կարծրացել է տասնամյակների ընթացքում: Եթե մենք չկարողանանք փոխել մեր և մեր ենթակաների մտածելակերպը, որևէ ուղղությամբ չենք կարող լուրջ հաջողությունների հասնել: