Մարտական զենքը` գրիչի փոխարեն


 

Լրատվամիջոցների հետ համագործակցության ընդլայնումն ու սերտացումն առաջնային են ՀՀ ոստիկանության ղեկավարության համար, և շարունակական են այդ նպատակներին միտված աշխատանքները: Ի թիվս այլ ձեռնարկների` այս շրջանակներում էր նաև ոստիկանության նախաձեռնած` լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելությունը հրաձգարան և գործնական հրաձգությունը:

Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ հավաստմամբ`

- Նմանատիպ միջոցառումներն ավելի կամրապնդեն ոստիկանության և լրագրողների միջև գործընկերային կապերը:

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի զենքի հետ վարվելու կանոններին: Եվ երկու օր առաջ լրագրողներն հոժարակամ իրենց գրիչն ու համակարգիչը փոխարինեցին «Մակարով» տեսակի ատրճանակով` նախապես անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո միայն:

- Այսօր ձեր խոսափողին կփոխարինի զենքը, իսկ տեսախցիկի առջև կհայտնվի շարժական թիրախը: Իսկ եթե, Աստված մի արասցե, պատերազմ լինի, ես համոզված եմ, որ մեր լրագրողները ևս զենք կվերցնեն: Նշեմ, որ մեր այս նախաձեռնությունը ողջունել է Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը,- ասում է ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության մայոր Գառնիկ Հայրապետյանը:

Լավագույն արդյունքներ ցուցաբերած լրագրողները պարգևատրվեցին պատվոգրերով: «Ավանգարդի» թղթակիցը ևս արժանացել է պատվոգրի:

Ի դեպ` նման միջոցառումները շարունակական են լինելու: Իսկ լավագույնի կոչումը ստացողն այս անգամ հավանաբար կպարգևատրվի գազային ատրճանակով:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ