Ահաբեկիչներն ընդդեմ գիտնականների


 

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բացահայտել են ահաբեկչական երկու խմբավորումների գործունեությունը, որոնք մահափորձեր են իրականացնում իրանցի առաջատար ֆիզիկոսների դեմ: Երկրի Հետախուզության գործերի նախարար Հայդար Մոսլեհին էլ մասնավորեցրել է, որ վնասազերծված այդ ցանցերից մեկը գործել է ԻԻՀ տարածքում, մյուսը` դրսում (տեղեկացրել է NEWSru IsrΖel-ը):

Հատուկ ծառայությունների ձեռքում հայտնվել է 30 ֆիզիկոսների ցուցակը, ովքեր պետք է ահաբեկիչների զոհերը դառնային: Իշխանությունները մանրամասներ չեն հրապարակում: Նախարար Հայդար Մոսլեհին միայն ասել է, որ հանցագործների թիկունքին մի շարք երկրների հատուկ ծառայություններ են կանգնած:

Նախկինում պաշտոնական Թեհրանը բազմիցս մեղադրել է Իսրայելին, Միացյալ Նահանգներին և արևմտյան մի շարք պետությունների` իրենց միջուկային ծրագրին հակազդելու համար:

Հիշեցնենք, որ 2010 թ. Իրանի մայրաքաղաքի արվարձանում սպանվել էր պրոֆեսոր Մասուդ ալի Մոհամեդին: Ամիսներ հետո Թեհրանի տարբեր հատվածներում մահափորձեր էին կատարել ֆիզիկոս-միջուկագետներ Մաջիդ Շահրիարիի ու Ֆերեյդուն աբասի Դավանի դեմ. Շահրիարին զոհվել էր, բայց Դավանին շարունակել էր գլխավորել Իրանի միջուկային ծրագիրը:

2011-ին ևս ահաբեկիչներն անգործ չեն նստել` «իրենց հաշվին» նոր զոհեր գրանցելով: Իսկ ընթացիկ տարվա սկզբին Թեհրանի հյուսիսում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է Տեխնոլոգիական համալսարանի 32-ամյա պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանը` ուրանի հարստացման գործարանի ղեկավարներից մեկը:

Խարդավանքներով լի է միջազգային արենան: ԻԻՀ իշխանություններն էլ, ինչ խոսք, առանց հիմքեր ունենալու` սոսկ ենթադրություն չէին բարձրաձայնի: Բայց արդյո՞ք ահաբեկիչների «վարձակալները» կարող են այնքան պարզամիտ լինել, որ մտածեն, թե անվանի գիտնականներին վերացնելով` գիտությունն էլ կվերացնեն ու կտապալեն իրենց դուր չեկած Իրանի միջուկային ծրագիրը: