Գիտական անմտություն


 

Երևի գիտության համար նույնպես կարելի է զոհվել: Բայց այս դեպքը տարակուսելի է ոչ թե կույր ինքնանվիրումի առումով: Գիտնականն ուզում է ապացուցել, որ ռոբոտնե՞րը պետք է փոխարինեն մարդկանց:

Գիտություն չես զարգացնի առանց փորձ-փորձարկումների` եթե նույնիսկ դրանք մարդկային կյանք արժեցող փորձանք դառնան: Իսկ հայտնագործության երկունքով ապրող գիտնականը երբեմն պատրաստ է սեփական կյանքն էլ զոհել` ապացուցելու իր թեզը: Զորօրինակ ամերիկացի 41-ամյա հետազոտող Քեն Հեյվորսը մտադրվել է վտանգավոր գիտափորձ կատարել: Այդ մտադրությունն արկածային ֆիլմի սցենար է հիշեցնում, ու դժվար է ասել` Հեյվո՞րսն է ազդված այդօրինակ հեքիաթներից, թե՞ այդպիսի գիտա-ֆանտաստիկ սյուժեներն իրենց հիմքում նման փաստեր են ունենում:

Հեյվորսը պատրաստվում է մեռցնել ինքզինքը, որպեսզի առժամանակ անց փորձի վերակենդանանալ և իր գլխուղեղի բջիջներն օգտագործել ռոբոտի մարմնում:

Երկար տարիներ այս ամերիկացին (Հարվարդի համալսարանից) ուսումնասիրում է այդ փորձարարությունն իրականացնելու հնարավոր տարբերակներ: 10 տարուց ավելի նա գիշեր-ցերեկ իր լաբորատորիայում որոնում է անմահ դառնալու ուղիները:

- Մարդկային ռասան շարժվում է բանականությունը հեռակառավարելի դարձնելու ճանապարհով: Մենք փորձ ենք անում պահպանել ուղեղը, ապա այն մասերի բաժանել և օգտագործել ռոբոտի մարմնում: Դա կլինի մարդկային ուղեղի հիմքի վրա ստեղծված անթերի համակարգիչ,- հայտարարել է գիտնականը:

Նա չի պատրաստվում իր գիտափորձը կատարել փորձաճագարների վրա. ինքն ու ուղեղն են դառնալու «փորձաքար»:

- Դա ավելի լավ է, քան շատ ծեր կամ հիվանդ լինելը,- բացատրել է Հեյվորսը:

Ինքնափորձարկումից առաջ Քենը պատրաստվում է ընկերների և ընտանիքի անդամների համար հրաժեշտի տոն կազմակերպել (գրել է «Գոլոս Ռոսիի»-ն):