Հեռացավ Գալյա Նովենցը


 

Հուլիսի 22-ին, իր ծննդյան օրվանից տասն օր անց, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվեց հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը:

Ազգային կինեմատոգրաֆն ու թատրոնը կորցրեցին ամենաինքնատիպ դերասանուհիներից մեկին, ով ազգային տիպական բնավորության կրողն էր, շարունակողը գեղարվեստական այն ավանդույթների, որոնք հաստատվել էին տակավին 19-րդ դարի երկրորդ կեսի հայ դերասանական արվեստում և հասել մինչև մեր օրերը: Ուրեմն, Գալյա Նովենցը Քեթևան Արամյանի, Հասմիկի, Օլգա Գուլազյանի, Արուս Ասրյանի իրապաշտական դպրոցի գեղարվեստական-գեղագիտական սկզբունքների շարունակողն էր, ով հատկապես կինոյում ստեղծեց այնպիսի մնայուն արժեքներ, որոնք առմիշտ համալրելու են ազգային գեղարվեստական մշակույթի հարստությունները:

Գալյա Նովենցը երևանցի էր` սերված այստեղ գաղթած տաճկահայերից: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել էր Մոսկվա, դիմել Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, սակայն մրցույթը չանցնելով` վերադարձել էր Երևան և ընդունվել Թատերական ինստիտուտ` ականավոր բեմադրիչ և մանկավարժ Արմեն Գուլակյանի դասարան:

Ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին և աշխատանքի անցել Կապանի պետական թատրոնում` ապագա ամուսնու ու համակուրսեցու` նշանավոր հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հետ: Այնուհետև երկար տարիներ նա աշխատեց Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած «Համազգային» թատրոններում: Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր:

Թատրոնում Գալյա Նովենցը ստեղծեց բազմաժանր ու ինքնատիպ կերպարներ` մասնավորաբար գեղարվեստական նորույթ բերելով Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայում Մարգարիտի կերպարում: Նրա այս դերակատարումը դարձավ ազգային դասականի արդիական և ինքնահատուկ ընթերցումներից մեկը: Դերասանուհու բեմական կենսագրության բարձրակետերից են Կատրինը (Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները»), Լյուսին (Ժան Պոլ Սարտրի «Անշիրիմ մեռելներ»), Մարիկա Չոդրիշվիլին (Ա. Չխաիձեի «Կամուրջ»), Հեռախոսավարուհին (Հ. Մաթևոսյանի «Կիսակայարան»), Ֆիլումենան (Է. Դը Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»), Սևիջը (Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը») պիեսների բեմադրություններում: Մարիկայի դերակատարման համար 1972 թվականին արժանացավ ԽՍՀՄ մշակույթի նախարարության առաջին կարգի դիպլոմի` կնոջ դերի լավագույն դերակատարման համար:

Գալյա Նովենցը հայկական կինոէկրան բերեց հայ կնոջ կերպարը, նրա տառապանքներն ու լուռ հեծեծանքները, հոգու յուրատեսակ պոռթկումները դարձրեց իր ստեղծագործության հիմքն ու ակունքը: Նրան համեմատեցին համաշխարհային կինոյի հռչակավոր անհատականությունԱննա Մանյանիի հետ: Նրան համարեցին բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկը...

Հիսունից ավելի դեր թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ, բայց այս ամենի կողքին դերասանուհու մեծագույն ներկայությունը կինոյում էր, ուր նա նկարահանվեց «Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այս խաչմերուկում», «Հին օրերի երգը», «Նահապետ», «Մեր մանկության տանգոն», «Գիքորը», «Սպիտակ անուրջներ», «Կտոր մը երկինք», մոտ երեք տասնյակ այլ ֆիլմերում: Գալյա Նովենցին համաշխարհային հռչակ և ճանաչում բերեց Սիրանույշի դերակատարումը «Մեր մանկության տանգոն» ֆիլմում: Նա արժանացավ կնոջ դերի լավագույն կատարման համար գլխավոր մրցանակի, նրա անունը հիշատակվեց քսաներորդ դարի տասը լավագույն կինոդերասանուհիների շարքում…

Գալյա Նովենցն ազգային հարստություն էր, այն հզոր դերասանական անհատականություններից մեկը, ում արվեստը եղել է ու մնում է իբրև դպրոց ու մեր բեմական ձեռքբերումների ինքնատիպ հավաքականություն:

«Ավանգարդի» խմբագրակազմը խորապես վշտացած է հայ թատերական արվեստի երախտավոր ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ մահվան կապակցությամբ ու ընթերցողների անունից ցավակցում է Երվանդ, Հակոբ Ղազանչյաններին, բոլոր հարազատներին ու մերձավորներին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ