Վերադառնալու են


 

Այդօր Աղավնաձորում աշխարհասփյուռ մեր պատանի հայրենակիցների լեզվով մեր մայրենին մանկացավ, ապա հայրենասիրական երգի ու ասմունքի ուժով զորացավ ու տարածվեց: Նրանք կրկին հեռացան` տանելով իրենց հետ հայրենիքի անշեջ սերը, հայրենակիցների ջերմությունը, երակներում` հող հայրենիի զորությունը: Գնացին` ափսոսանքի արցունքն աչքերին, հրաժեշտի դառնությունը` ջինջ հոգիներում, բայց հստակ առաքելությամբ` իրենց ջերմությունից բաժին հանելու օտար ափերում ծվարած հայերին:

ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչողական ծրագիրն ի սկզբանե մեծ հաջողությամբ է մեկնարկել: Տարեցտարի ավելի է ընդլայնվում երկրների աշխարհագրությունը և Հայաստան գալ ցանկացողների թիվը: Այս տարվա 4-րդ փուլի ընթացքում Հայաստան էին ժամանել 180 պատանիներ` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Բուլղարիայից, Բելառուսից, Արգենտինայից, Կիպրոսից, Վրաստանից, Հոլանդիայից, ՌԴ-ից և Ուկրաինայից: Հանդիպումն առավել ջերմ ու ոգևորիչ էր` պայմանավորված ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Արցախի հերոս, լեգենդար զորահրամանատար, գեներալ- մայոր Արկադի Տեր- Թադևոսյանի ներկայությամբ: Ու կարծես ներկա էր հերոսությունն ինքը:

- Ավելի հայրենասիրական, ավելի հայապահպան, ավելի հայագիտական ծրագիր երևի չկա: Այս ծրագրի շնորհիվ է, որ այս երիտասարդները կարողանում են կապվել իրենց հող ու ջրին, հայրենիքին: Ես հավատացած եմ, որ նրանք Հայաստանից հեռանում են` իրենց սիրտն ու հոգին այստեղ թողած: Նրանք, միևնույն է, վերադառնալու են: Այստեղ թևածում է 16 երկրներից եկած երիտասարդների բարեկամությունը, ընկերությունը, սերը: Ստեղծվում են կապեր, որոնք մնայուն են: Մաղթում եմ, որ նման ծրագրերն ընդլայնվեն, մեծանան, որովհետև այսպես է Հայրենիքը կապվում Սփյուռքին, Սփյուռքը` Հայրենիքին: Եվ ամեն անգամ այստեղ գալով, ինչպես Թեքեյանն էր ասում` «Այս գիշեր հոգիս կաճե, կավլնա, կշատնա»,- իրեն հատուկ անկեղծությամբ փաստում է նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Արդեն 2-րդ տարին է` երկշաբաթյա այցելության վերջին օրերը երեխաներն անցկացնում են ճամբարում.

- Երեխաներից շատերն առաջին անգամ են Հայաստանում: Եվ հատկապես ճամբարային օրերի ընթացքում ականատես ենք լինում, թե ինչպիսի սիրով, ջերմությամբ ոգևորությամբ են նրանք ձգտում սովորել ամեն ինչ` երգերի բառերը, պարային շարժումները, քանի որ դրանք հոգեհարազատ են: Դա արյան կանչ է, հայ լինելու կանչն է նրանց հոգիներում: Միմյանց նկատմամբ շատ հարգալից են, սիրալիր, մեծագույն սիրով մասնակցում են բոլոր միջոցառումներին, պարապմունքներին:

Տարեցտարի արձագանքներն ավելի ու ավելի են մեծանում: Հայաստանում արդեն հյուրընկալված երեխաները, վերադառնալով պատմում են ջերմ ընդունելության մասին և արդեն ծրագրի մասին շատերը գիտեն Սփյուռքում: Հավելեմ նաև, որ ճամբարային օրերի ընթացքում հաճախ են հյուրընկալվում մշակութային, հասարակական գործիչներ, երեխաները ջերմ մթնոլորտում իրենց հարցերն են ուղղում նրանց: Ծրագրին մասնակցել ցանկացողների թիվն այնքան է մեծացել, որ ամենայն հավանականությամբ տարիքը կդառնա մինչև 30: Իսկապես, «Արի տունը» Սփյուռքի և Հայաստանի միջև շատ ամուր կամուրջ է,- ասում է «Արի տուն» ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

Ճամբարային օրերի ընթացքում երեխաները մասնակցում են մարզական խաղ-մրցույթների, քննարկումների, բանավեճերի, հաճախում տարբեր խմբակներ` հայագիտության, նկարչության, ձեռարվեստի:

Թիվ 138 դպրոցի ուսուցչուհի Տիրուհի Ժամկոչյանն արդեն 2-րդ տարին է` աշխատում է երեխաների հետ` ծանոթացնելով ձեռարվեստի գաղտնիքներին:

- Մեծագույն սիրով եմ աշխատում երեխաների հետ: Ինձ ուժ է տալիս նաև նրանց ոգևորությունը ու սերն` աշխատանքի նկատմամբ: Չէի ցանկանա որևէ մեկի առանձնացնել, բայց նաև չեմ կարող չշեշտել, որ Կիպրոսի մեր երեխաները շատ հետաքրքրասեր են: Հատկապես հայկական զարդանախշերի նկատմամբ է հետաքրքրությունը մեծ: Ես նաև մեր դպրոցի աշակերտների աշխատանքներն եմ նրանց ներկայացրել: Ուսումնասիրել ենք հայկական գորգերը, կարպետները, ասեղնագործության ժանրերը: Իսկ Վազգեն Առաջինի և Լևոն Միրիջանյանի անվան դպրոցների քանդակագործության ուսուցչուհի Անահիտ Սարգսյանն այստեղ նկարչություն է դասավանդում.

- Երեխաները թղթին են փոխանցել նախքան Հայաստան գալը, ապա մեր երկիրը տեսնելուց հետո ունեցած իրենց պատկերացումները: Պետք է շեշտեմ, որ բոլորի աշխատանքները բավական հաջողված են: Իրենց պատկերացրած Հայաստանում բոլորը պատկերում են Արարատը: Իսկ պատմամշակութային վայրեր այցելելուց հետո պատկերում են նաև կոթողներ, խաչքարեր, մրգեր: Ժամանակը կարճ էր, որպեսզի կարողանային ավելին անել: Ես էլ պիտի նշեմ, որ Կիպրոսի, Արգենտինայի, Հունաստանի երեխաները շատ կազմակերպված են, առավել արթուն է հայի գենը: Բազմիցս ականատես եմ եղել, թե խմբավարներն ինչպես են նկատողություն անում ոչ հայերեն խոսելու համար:

Ինչևէ, փակվեց ևս մեկ փուլ: Իսկ հայրենիքն արդեն ճանաչած այդ երեխաները գնացին առավել հպարտ, ավելի զորացած` հավերժ կապվելով մայր հողին: Նրանք կդառնան կայծեր` հեռուներում անշեջ պահելու հայության կրակը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ