Խոհանոցային դանակով


 

Մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Նախկին փեսաների պերճանքն ու թշվառությունը» վերնագրով հրապարակման մեջ ներկայացրել էինք ոստիկանության բաժիններում արձանագրված մի շարք դեպքեր, երբ նախկին փեսաները ժամանակ առ ժամանակ վերհիշելով իրենց երբեմնի «բարեկամներին» և վերադառնալով նրանց տները` հանցավոր վարքագիծ էին դրսևորել, վիճաբանել, անպատվել, իսկ որոշ դեպքերում նաև` ծեծի ենթարկել նախկին աներ-զոքանչներին ու կանանց:

Համանման հերթական դեպքն օրերս արձանագրվել է ոստիկանության Մասիսի բաժնում: Գործողությունները, ինչպես նախորդ դեպքերում, զարգացել են գրեթե նույն սցենարով, սակայն վերջում անսպասելի հանգուցալուծում են ունեցել...

Ոստիկանություն զանգահարած 55-ամյա կինը լացակումած հայտնել էր, որ նախկին փեսան գալով իրենց տուն` ծեծի է ենթարկել իրեն և ամուսնուն:

Կնոջ մատնանշած տունը շտապած ոստիկանները պարզել են, որ նույն օրը երեկոյան նախկին աներոջ տան բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա նախկին փեսան ձեռքերով հարվածներ է հասցրել էքս-զոքանչին և աներոջը` պատճառելով վնասվածքներ: Այդ ընթացքում տանտերը, հավանաբար, չափն անցած երիտասարդին զսպելու և կարգի հրավիրելու նպատակով, վերցրել է խոհանոցային դանակն ու հարվածել է նախկին փեսայի հետույքին` պատճառելով վնասվածքներ:

Երեք տուժողներին էլ դատաբժշկի ուղեգրեր են տրվել, իսկ ներկայացված հույժ կնճռոտ պատմության առնչությամբ հետաքննություն է ընթանում: