ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ «ԶՐԱԴԱՇՏԸ»


 

Հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ կամ կուսակցապետեր զարմացնում են ոչ միայն իրենց կեղծ սկզբունքայնությամբ ու չարդարացված համառությամբ, այլև անտեղյակությամբ: Եվ հենց այդ անտեղյակությամբ էլ փորձում են մոլորեցնել հանրությանը, հայտարարություններ անել երկրի իշխանությունների անունից` առաջնային դարձնելով քծնանքի ախտանիշը: Այսպես, հուլիսի 18-ին, ինչպես գրվել ու հաղորդվել է լրատվամիջոցների կողմից, երկրի նախագահն ընդունել էր ԲՀԿ-ական Բալասանյան Սամվելին, քննարկել նրա` Գյումրու քաղաքապետ ընտրվելու հարցը: Ապա ԲՀԿ-ն հանդես էր եկել հայտարարությամբ` Բալասանյանին առաջադրելով քաղաքապետի թեկնածու: Այս իրադարձություններից մեկ օր անց ՕԵԿ ԱԺ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցազրույց է տվել, որտեղ երկրի նախագահի կողմից Բալասանյանին սատարելու առնչությամբ ասել է.

- Ես ճիշտն ասած, երկրի նախագահից չեմ լսել նման արտահայտություն և վստահ չեմ, որ նա էդպիսի բան է ասել: Եթե կասի էդպիսի բան, այդ ժամանակ ես կասեմ իմ գնահատականը, բայց ես վստահ չեմ, որ  այդպիսի արտահայտություն ինքն արել է: Եթե այդպիսի որոշում կլինի և կհնչեցվի, այդ ժամանակ կանդրադառնանք: Եթե նախագահը հայտարարի, որ պաշտպանում է ԲՀԿ-ի թեկնածուին, դա էլ է նախագահի իրավունքը, որովհետև նախագահը բոլոր քաղաքական ուժերի նախագահն է, անկախ նրանից` ընդդիմադի՞ր են, կիսաընդդիմադի՞ր են թե՞ այլընտրանք են: Որովհետև նա ընդհանուր նախագահ է: Բայց ես չեմ կարծում, որ եթե լինի ՀՀԿ թեկնածու, նախագահը կպաշտպանի այլ քաղաքական ուժի:

Այն տպավորությունն է, թե երկրի նախագահը պիտի զանգահարեր Հեղինե Բիշարյանին, տեղեկացներ իր զրույցի մասին և անձամբ հայտներ, որ արդեն քաղաքական որոշում է կայացվել Բալասանյանի աջակցության մասին: Բայց քանի որ նախագահը դեռ չի զանգահարել Բիշարյանին, ուրեմն նման բան գոյություն չունի… Իհարկե, այս ամենի անունը «բլեֆ» է, որովհետև ՕԵԿ ղեկավարներից մեկը ձև է անում, թե նման բան չկա, թե իրենք չեն քննարկել դեռ Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը, որովհետև այդ խնդիրը տակավին առաջնային չէ:

Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրելու հարցում ՕԵԿ-ը հանդես է բերում «քաղաքական բարոյականություն»` ասելով.

- ՕԵԿ-ը որտեղ ուզի, էնտեղ էլ կմասնակցի: Որևէ մեկը մեզ չի կարող սահմանափակել: Եվ ոչ թե ՕԵԿ-ին, այլ որևէ քաղաքական թիմի չեն կարող ասել, թե էստեղ մասնակցեք, էնտեղ` ոչ: Ես բացառապես տրամաբանությունից ելնելով եմ ասում: Երեկ չեմ ծնվել քաղաքականության մեջ, և շատ լավ հասկանում ենք, որ ընտրություններ են և պետք է նախ այդ  համայնքում ունենաս համապատասխան թեկնածու, իսկ մենք էդտեղ խորհրդարանական ընտրություններին չենք մասնակցել, որովհետև համապատասխան թեկնածու չենք ունեցել և էդ մասին ոչ էլ մտածել ենք: Հետո այդ մարդը դեռ իր մանդատը չի դրել և գեղեցիկ էլ չի, որ արդեն քաղաքական ուժերը թեկնածուներ ներկայացնեն: Եթե հանկարծ ու հրաժարական չէր տալիս կամ չէր լինում էդպիսի դեպք…

Ուրեմն, ոչ թե պետք է արդարանալ, թե դեռ Գյումրու քաղաքապետի թեկնածուների առաջադրման խնդիրը չի քննարկվել, այլ պարզապես ասել, որ իշխանությունների կերատաշտից կառչած ՕԵԿ-ը երբեք ինքնուրույն որոշումներ չի կայացնի: Սա առավել ազնիվ դիրքորոշում կլինի: Իսկ Գյումրիում ՕԵԿ-ը իսկապես թեկնածու չունի, որովհետև սկզբում Բալասանյան Սամվելը, հետո էլ Մարգարյան Հովհաննեսն ամեն ինչ արել են, որպեսզի իրենցից բացի` ոչ ոք ասպարեզում չհայտնվի, ու Արթուր Բաղդասարյանն էլ մտածի, որ Գյումրիում միայն ու միայն իրենք են կայացած դեմքեր…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ