Գուրգեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. ՁԻ-ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ


 

Անտառում որոշվեց հաշվառում անցկացնել: Բոլոր կենդանիներից պահանջվեց ներկայանալ: Հերթը հասավ ձիուն:

- Իհի˜… Իհի˜,- առույգ վրնջաց ձին, հրապարակում մի քանի պտույտ գործեց ու մոտեցավ հանձնաժողովին: Անմիջապես զգացվեց, որ դա հանձնաժողովի անդամների` ավանակի, այծի ու աղվեսի դուրը չեկավ:

- Դու ո…ո˜վ ե…եե˜ս,- մկկալով հարցրեց այծը:

Ձին զարմացավ.

- Մի՞թե չի երևում… Ես ձի եմ… Նժույգ,- և նորից խրխնջաց,- իհի˜… իհի˜:

- Ձի՞ ես,- նախանձով խոսեց ավանակը:

- Ի˜նչ տարօրինակ հարց,- կրկին զարմացավ ձին:- Այո˜, ձի եմ:- Եվ կրկին խրխնջաց ու, ծառս լինելով, մի քանի պտույտ վազեց:

- Մենք պիտի դա ստուգենք, պարոն ձի,- խոսքի մեջ մտավ աղվեսը:

- Ի՞նչը ստուգեք,- բղավեց ձին:- Այդ ո՞վ չգիտի, որ ես ձի եմ: Արդեն բյուր հազար տարի է` ես կամ: Բոլորը գիտեն, որ ես ձի եմ, նժո˜ւյգ: Իհի˜… իհի˜,- նորից խրխնջաց ձին:

- Մեե…եենք դա պիտի նայեեենք Կենդանինեեե…րի համաշխարհայիիին միության օրենսգրքիիի մեեեջ: Տեսնեեենք` Դուք համապատասխաա…աանում եք այնտեղ նշվաա…ած` ձի-ու սահմանմաաա…նը,- կրկին մկկալով խոսեց այծը և բացեց մի հաստափոր գիրք:

Ձին, շփոթված` չիմացավ` ինչ խոսի:

- Ձ… Ձ… Ձ…,- գրքում «Ձ» տառը փնտրեց այծը:- Ձի,- վերջապես գտավ ու մտքում սկսեց կարդալ… Քիչ հետո գիրքը տվեց ավանակին ու նրա ականջին ինչ-որ բան մկկաց: Ավանակը կարդաց և տվեց աղվեսին: Երբ սա էլ կարդաց, նրանք փսփսոցով ինչ-որ խորհրդակցություն անցկացրին, և ավանակն իրենց մտքերը բարձրաձայնեց.

- Ըստ Կենդանիների համաշխարհային միության օրենսգրքի, պարոն ձ…:- Հանկարծ ավանակը խոսքն ընդհատեց` զգալով, որ, իրենից անկախ, սխալվեց:- Պարոն,- ինքն իրեն ճշտեց նա,- դուք ձի չեք:

- Ինչպե՞ս,- աչքերից հարցական կրակներ ժայթքեց ձին:

- Ըստ Կենդանիների համաշխարհային միության օրենսգրքի սահմանման,- խոսեց աղվեսը,- ձին պետք է ունենա արծաթե ատամներ, բաշը պիտի լինի ոսկե, և պիտի կարողանա վազել ժամում 150 կմ/ժ արագությամբ:

- Իսկ Ձե…եր ատամնեեե…րը, ինչպես տեսնուուու…ում եմ, արծաթիիից չեն, բաա…աաշը ոսկուուուց չէ, և արագուուու…թյունն էլ 60 կմ/ժաաամը չի անցնու-ուում,- մկկաց հանձնաժողովի հեղինակավոր անդամը:

- Այդ ինչե՞ր եք խոսում: Ի՞նչ սահմանում: Դեն նետեք այդ գիրքը: Ի՞նչ համաշխարհային միություն, ի՞նչ օրենսգիրք: Ամբողջ աշխարհը գիտի, որ ես ապուպապերով նախապատմական ժամանակներից ձի եմ, նժույգ: Իհի˜… իհի˜,- կրկին ցասկոտ վրնջաց ձին:

- Բայց դա Ձեր կարծիքն է Ձեր մասին: Իսկ ահա այս օրենսգրքի սահմանմանը Դուք չեք համապատասխանում: Բնականաբար, ձի չեք,- իր ավանակային կարծիքը կրկին առաջ մղեց երկարականջ փիլիսոփան:

- Թեև չիի…իի բացառվուու…ուում, որ Դուք հետո` զարգանաաա…լով դառնաաա…աք ձի, բայց այս պահիիին…,- նորից մկկաց այծը` խոսքը թողնելով անավարտ:

- Բայց… Բայց դա անհեթեթություն է,- ապշանքից ուշքի չեկած` հազիվ խոսեց ձին:

- Իի՞´նչ,- արդեն բարկացավ աղվեսը:- Ուրեմն, Ձեր կարծիքով, համաշխարհային միության օրենսգրքում անհեթեթություննե՞ր են գրված:

- Դե…,- չիմացավ` ինչ ասի ձին:- Բայց ախր ես ձի եմ: Իսկական նժույգ: Իմ բոլոր պապերը այդպես են կոչվել:

- Հարգելիս,- նորից խոսեց ավանակը,- այդ հնում են կոչվել: Բայց ժամանակն առաջ է գնում, աշխարհը փոխվում է: Այնպես որ, Դուք հիմա ձի չեք: Ձի-ու այս սահմանմանը չեք համապատասխանում:

- Բայց սխալ է այդ սահմանումը: Փոխեք գրածը, ճշտեք,- վրդովվեց ձին:- Ե´ս եմ իրական ձին, ուրեմն այնպես գրեք սահմանումը, որ այն համապատասխանի իմ հատկանիշներին, ոչ թե ես` նրա:

- Այդ ի՞նչ ես ասում,- առարկեց աղվեսը:- Գիտե՞ս` հանրահռչակ քանի փիլիսոփա է տքնել, որ գտնի այս ձևակերպումը:

- Իսկ դու ասուուու…ում ես` սխաա…ալ է,- կրկին ձիու նյարդերը սղոցեց այծի մկկոցը:

- Լավ, հիմա ի՞նչ: Ես ի՞նչ եմ,- հարցրեց ձին:

- Մենք դեռ կուսումնասիրենք Կենդանիների համաշխարհային միության օրենսգիրքը, պարոն ձ…,- այս անգամ էլ խոսքը կիսատ թողեց աղվեսը:- Պարոն: Կտեսնենք, թե կենդանիներից ո՞ր մեկի սահմանմանն եք համապատասխանում, և կտանք համապատասխան անվանում:

- Այսինքն կարող է` ես ձի չկոչվե՞մ,- տարակուսեց նժույգը:

- Ձի-ու սահմաա…անումին հիմա համապատասխաա…նում է ավանաա…ակը: Բնականաաաբար, Ձեզ կտրվի մի ուրիշ աա…նուն,- իր կարծիքը մկկաց այծը, և ձին միայն նոր նկատեց ավանակի արծաթե ատամներն ու արհեստական ոսկե բաշը…

Եվ ասում են, որ այդ օրվանից ձին հիվանդացավ, ուժը պակասեց, այլևս չկարողացավ նախկինի պես խրխնջալ ու վազել, և Կենդանիների համաշխարհային միության փիլիսոփաները նրան օգտագործեցին որպես ավանակ…