ՄԵԿԻՆ 1000 ՁԻ ՈՒ ՋՈՐԻ՞…


Հաճախ պատահում է նաև այնպես, երբ հասարակությանը զայրացնող ինչ-որ ծրագիր է դրվում շրջանառության մեջ, որն ավելի ուշ կամ մերժվում է կամ էլ ընդունվում է մասնակիորեն: Այդպես եղավ նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման խնդիրը քննարկելուց հետո: Խորհրդարանն առաջարկեց, իսկ ավելի ուշ կառավարությունը մերժեց: Թե ով ինչ շահեց այս մերժված ծրագրից` դժվար է ասել, բայց, համենայն դեպս, ճշտվեց նաև հանրության վերաբերմունքը: Մյուս կողմից էլ կանխատեսելի էր հանրության բացասական արձագանքը` ղեկավարներին ավելի շատ վճարելու փաստին: Ինչ խոսք, այդ վարձատրությունը մարդիկ ուղղակիորեն սեփական գրպանները թեթևացնելու հաշվին չպետք է անեին: Բայց զուգահեռաբար դժվար է անտեսել, որ բյուջե կոչվածն ի վերջո ընդհանուր է, և դրա պարունակությունից է կախված ոչ միայն պաշտոնյաների, այլ, որ ավելի կարևոր է, հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչների կեցության մակարդակը: Իսկ երբ այդ մակարդակներն առանց այն էլ իրարից շատ են հեռու, դրանց «մերձեցման» խնդիրը չի կարող մտահոգիչ չլինել: Ասել է թե` ոչ այնքան հայրենի պաշտոնյաների է°լ ավելի լավ ապրելու դեմ էր ուղղված մարդկանց ընդվզումը, այլ նախ և առաջ սեփական բարեկեցության բարելավմանը միտված խոստումները մեխանիկորեն կանխող որոշման ձախողման: Թե չէ ժողովուրդն արդեն վաղուց է հաշտվել պատգամավորների, նախարարների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների անհամեմատ բարեկեցիկ ապրելու փաստի հետ: Երբ X պատգամավորի բիզնեսը վերջինիս մեծ եկամուտներ է բերում, դա առանձնապես մարդկանց զայրույթը չի շարժում, որքան էլ փաստն ինքնին պաշտոնյայի ու շարքային քաղաքացու սոցիալական անհավասարության խոսուն ապացույց լինի: Շարքային քաղաքացին հազվադեպ է այնպիսի եզրահանգում կատարում, թե ասենք տվյալ բիզնեսին տանիք դարձած պատգամավորը եթե նաև անբարեխիղճ հարկատու է, դա էլ իր հերթին է ազդում կենսաթոշակների խորհրդանշական չափի անփոփոխ մնալուն: Սակայն մեծ հաշվով տարբերություն չկա: Պարզապես պետական աշխատավարձի բարձրացման դեպքում անհեթեթությունն ավելի ցցուն է դառնում, հետևաբար ավելի ընդգծված է սկսում գործել նաև իր փոխարեն վճարվելու, իր հասանելիքը գրպանելու տրամաբանությունը: Տրամաբանություն, որ չի ուզում հաշվի առնել բյուջեին հատկացվող քիչ հարկի, կամ նույն այդ բյուջեից հոսող կրկնապատկված աշխատավարձի տարբերության բացակայությունը: Ո°չ պետական կառավարման համակարգում, ո°չ էլ առավել ևս օրենսդիրում կամ գործադիրում թափուր աշխատատեղեր չկան: Ավելին, ցանկացած պատեհ առիթ միշտ էլ հաստատում է, որ մեզանում թիվ ու հաշիվ չկա պատգամավոր և նախարար դառնալ ցանկացողների: Ուստիև, եթե նույնիսկ ընդունենք, որ այդպես էլ կյանքի չկոչված ծրագիրը պետպաշտոնյաների նյութական բարգավաճմանն էր միտված, ամեն ինչ դարձյալ անհասկանալի կմնա: Մանավանդ` բարձր աշխատավարձը հազիվ թե բարձրացնի նաև հայրենի պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը: Փորձը ցույց է տալիս, որ նյութական խրախուսման ՕԳԳ-ն այնքան աննշան է, որ միայն հանուն այդ աննկատ առաջընթացի դարձյալ չարժեր մի քանի հարյուր մարդկանց վարձատրությունը կրկնապատկվել: Այն էլ հասարակությանը զայրացնելու ճանապարհով: Ընդ որում, հարկ է արձանագրել, որ սույն խրախուսանքից կխրախուսվեր 10-ից մեկը, 20-ից մեկը… Նույն հաջողությամբ պատգամավոր, թե նախարար, ինչպես հայտնի է, 10-20-ից մեկն է չոր աշխատավարձի հույսին: Ասել է թե` դրա կրկնապատկմամբ անգամ որոշակի սոցիալական խնդիր չէր լուծվելու: Հնուց ի վեր, որքան էլ այս մարդկանց վարձատրության չափն էապես տարբերվեր շարքայիններիս վաստակածից, միևնույն է, մեզ հայտնի բոլոր ժամանակներում մարդը չի ձգտել հանուն բարձր աշխատավարձի բյուրոկրատական ապարատում ընդգրկվել: Հասարակությունն այս մասին շատ լավ գիտի: Եվ եթե երկրում կա կոռուպցիայի որոշակի տոկոս, ինքնին արդեն պարզ է, որ շարքային քաղաքացին էլ իր հերթին է երբեմն ստիպված (՞) լինում իր բաժին նյութական «խրախույսն» ուղղել տվյալ չինովնիկների ֆինանսական բարգավաճման «ֆոնդին»: Այս երևույթը մեր հասարակության ու թերևս ամբողջ մարդկության հին ցավերից է: Եվ նույնքան հին է այն ճշմարտությունը, այն էլ` պետական, ինչպես ժողովուրդն է ասում` «աշխատավարձի հույսին» չէ: Ուրեմն…