«Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր անի: Ես դեմ չեմ» Նոր փուլի խորհրդավոր մեկնարկը


Քաղաքական նոր պայքարի սկի՞զբ, թե՞ հետընտրական շարժման մարող ընթացք… Մինչ քաղաքագետները հունիսի 20-ին «ընդառաջ» փորձում էին զանազանել նշված բնորոշումներից ամենահավանականը, սպասվող իրադարձություններին իր հերթին յուրօրինակ խորհրդավորություն հաղորդեց Լ. Տեր-Պետրոսյանի` Ֆրանսիա կատարած անակնկալ այցը: Սրանում թերևս արտառոց ոչինչ չլիներ, եթե առաջին Նախագահի քարոզչամեքենան այդչափ ժլատ չգտնվեր` տվյալ դեպքում բավարարվելով միայն մեկնման ու ժամանման ամսաթվերը հաղորդելով: Եվ սա այն դեպքում, երբ էքս-Նախագահին առնչվող ցանկացած փոքրիկ միջոցառում լրատվամիջոցները ավանդաբար սիրում են առանձնակի մանրամասնություններով ու հանդիսավորությամբ մատուցել լսարանին: Ոգևորության անսպասելի նահանջն էլ հենց պատճառ դարձավ այցի շուրջ պտտվող վարկածների տարափի` սկսած այդպես էլ չհասունացող նարնջագույն հեղափոխության համար գումարներ բերելուց, վերջացրած տեղի մասոնների հետ ավելի վաղ ծրագրած հանդիպումների մասին այդ օրերին գերիշխող կասկածներով: Անկախ ամեն ինչից` մեկնման շարժառիթների գաղտնի մնալու պատճառով հետաքրքիր դարձած շրջագայության բոլոր «հիմնավորումները» որքան հավանական, այնքան էլ անհավանական են, քանի որ դրանցից և ոչ մեկն այդպես էլ Ֆրանսիա աճապարելու «հիմնական դրդապատճառ» չդարձավ: Իսկ արդեն հունիսի 20-ից, երբ սկսեց աշխատել արմատականների հռչակած պայքարի երկրորդ փուլի վայրկենաչափ-ժամացույցը, իր բաժին հեղափոխությունը վաղուց և հաջողությամբ կատարած Ֆրանսիան Լ. Տեր-Պետրոսյանի այցով հանդերձ երկրորդական դարձավ: Հայկական «Բաստիլի» առումը Ավանդույթի համաձայն` հանրահավաքի ընթացքը տարերային էր: Միտինգը Մատենադարանի «հրապարակում» արտոնված չէր (կամ, ինչպես արմատականներն են սիրում կրկնել, ինքնաբուխ էր): Սրանով հանդերձ` ոստիկանությունը չխոչընդոտեց դրա ընթացքը, թեպետ հանուն ճշմարտության հարկ է խոստովանել, որ թիմն էլ իր հերթին էր չափազանց զգոն ու զգուշավոր: Հենց դա էլ Լ. Տեր-Պետրոսյանի համար առիթ դարձավ հպարտորեն վերհիշելու, որ նախքան մարտի 1-ը չի քերծվել ոչ մի ավտոմեքենա, չի ջարդվել ոչ մի ապակի: Իր հերթին իշխանությունը, փաստորեն, կարողացավ վարպետորեն խուսափել միտինգավորների կամքի հանդեպ ենթադրյալ ճնշումների գրոհին դիմակայելուց, ավելորդ քարոզչական աղմուկին հակադարձելուց: Այս սցենարին Լ. Տեր-Պետրոսյանի թիմն ակնհայտորեն պատրաստ չէր, քանի որ դեպքերի հետագա ընթացքը փաստեց, որ Մատենադարան տանող ճանապարհը ոստիկաններից «ազատագրելուց» հետո շուրջ երկու ժամ միտինգ այդպես էլ չէր սկսվում: Ելակետը Ինչպես Հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված ընդդիմության, այնպես էլ նոր ձևավորվող այս հոսանքի գործունեության ելակետը… ողբերգությունն է` մարտի 1-ը: Սակայն անկախ միջազգային հետաքննություն պահանջող թիմը, չգիտես ինչու, չի վստահում նույն նպատակով ստեղծված խորհրդարանական հանձնաժողովին` առաջարկելով դրանում ընդգրկել հանրահայտ Գևորիկին: Հետաքրքիր է նաև, որ դարձյալ սուր հակասություններն են առաջնորդում Լ. Տեր-Պետրոսյանին: Այսպես նա ողջունում է նշված հանձնաժողովի աշխատանքներին «Ժառանգության» հայտարարած բոյկոտը և սկզբից ևեթ վարկաբեկելով նորաստեղծ մարմինը` առաջադրում է Գևորիկին ու միևնույն ժամանակ վեհացնելով տասը անմեղ զոհերի հիշատակը` առաջարկում է նրանց արժանացնել Հայաստանի Ազգային հերոսի կոչման: Իսկ հակասությունների այս շղթայում քննադատության թիր Անջատե՞լ եռացող կաթսայի կրակը Արմատականների թիմը ելքերի ելքը կալանավորվածների ազատ արձակումն է համարում, ինչը անուղղակիորեն ենթադրում է վերադարձ ելման դիրքին: Հավաստիացնելով, որ սկսվող պայքարն ինքը վերջինն է լքելու, Լ. Տեր-Պետրոսյանն ավելի տարողունակ քաղաքական միավորի ստեղծման գործընթացով ու տևականորեն պայքարելու վճռականությամբ, անուղղակիորեն հասկացնում է, որ ճակատագրով այս անգամ իրեն բաժին հասած ընդդիմադիրի կարգավիճակի հետ ինքը հարմարվել է: Իսկ թե քանի անգամ հնչեց «Պայքա°ր, պայքա°ր…» կարգախոսը, դժվար է ասել, բայց որ մի քանի ամիս առաջ հինգ րոպե հետո իրեն իշխանության ղեկին պատկերացնող գործիչն այլևս հաշտվել է տեղի ունեցածի հետ` նույնպես ակնհայտ է. «Թող Սերժ Սարգսյանը դրական քայլեր անի: Ես դեմ չեմ»: Ազատության հրապարակում փետրվարին իրեն Նախագահ ինքնահռչակած և հրամանագրեր արձակող գործիչն արդեն նույնիսկ նման հնարավորություն է «ընձեռում» Ս. Սարգսյանին: Ինչ խոսք, Լ. Տեր-Պետրոսյանն իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելու խնդիր երբևէ չի ունեցել: Մյուս կողմից էլ, անցնող ամիսները նրան հնարավորություն են տվել ամբողջապես պատկերացնելու իր ղեկավարած շարժման հնարավորությունների սահմանը, ինչպես նաև ադապտացվել ընտրություններին հաջորդած շրջանի նոր կարգավիճա կին: Հարկ է խոստովանել, որ մոտեցումն օբյեկտիվ է, քանի որ նման պայմաններում Նախագահի պարտված թեկնածուն երկու ելք ուներ. կամ ընտրել ծանծաղ ընդդիմադիր դաշտն զբաղեցնելու և իշխանության լրջագույն հակակշիռը դառնալու ուղին, կամ էլ, ինչու չէ, հեռանալ երկրից: Երկրորդ` ավելի փոքր հավանականությամբ տարբերակը վերջին հանրահավաքում առաջին Նախագահը հիմնավորապես հերքեց` նման լուրեր տարածողներին համարելով տխմարներ: Ընդհանուր առմամբ սեփական քաղաքական ապագան ակտիվ ընդդիմադիրի դերում տեսնելով` Լ. Տեր-Պետրոսյանն իհարկե եռացող կաթսայի կրակը չանջատեց, բայց նաև նոր ծայրահեղությունների չդրդեց: Թերևս նրա համար էլ այսօր կրակի թեժությունը մի փոքր հանդարտեցնելն ավելի կարևոր է: