Առաջին քայլը


Անցած շաբաթ Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ լսումներում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը մասնավորապես ասել է, թե Հայաստանի համար ամենակարևոր մարտահրավերն այսօր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է: Ի դեպ, շուտով կսկսվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որտեղ կքննարկվի Հայաստանի վերաբերյալ թիվ 1609 բանաձևի պահանջների կատարման ընթացքը: Բանաձևի կատարման առումով կարելի է ասել` մեզանում և° ընդդիմության, և° իշխանությունների շրջանում արդեն նշմարվում է երկխոսության անհրաժեշտության գիտակցումն ու դրա կայացմանն ուղղված քայլերը: Թերևս, այդ եզրակացությանը կարելի է հանգել հունիսի 20-ին կայացած` արմատական ընդդիմության հանրահավաքից: Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաքի չարտոնումը քաղաքական դիտորդներից շատերի տարակուսանքն էր հարուցել: Նաև` հանրահավաքի նախօրեին ոստիկանության հայտարարությունը, թե ինքը չի միջամտի, եթե միայն հանրահավաքը կայանա արտոնված վայրում, թերևս, ներքաղաքական իրավիճակի սրման մտավախություն էր առաջացրել: Այնուամենայնիվ, հանրահավաքը կայացավ, իսկ ոստիկանությունն էլ միջամտեց այնքանով, որ չխաթարվեց երթևեկությունը: Արդյուն քում հանրահավաքը կայացավ առանց տհաճ միջադեպերի: Վերջիվերջո, հանրահավաքը, եթե այն կայանում է առանց քաղաքական իրավիճակն ապակայունացնող սադրիչ գործողությունների, ընդդիմության, հասարակության ու իշխանությունների միջև երկխոսության մի ձև է. այդպիսով ընդդիմությունը իշխանությունների ուշադրությունն է հրավիրում իրեն հուզող խնդիրների վրա: Իսկ երկրի զարգացումն ու առաջընթացը պահանջում է, որ իշխանությունը միշտ իր թիկունքին զգա ընդդիմության շունչը: Թերևս, կարելի է արձանագրել` հունիսի 20-ին կայացած հանրահավաքով, իշխանություն-ընդդիմություն երկխոսության առաջին քայլն արված է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ