Չհաղթահարված նշաձող


Երևի թե հարկ չկա ևս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ արժեք է առողջությունը, և որքան կարևոր է դրա պահպանման խնդիրները համակարգող ոլորտի գործելաոճը: Այդ օրախնդրի կարևորության` ՀՀ կառավարության մտահոգության արտահայտությունը կարելի է համարել «ՀՀ բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թթ. ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծի հաստատումը: Արժանահավատ ծրագրի կետերից հատկանշական են երկուսը. * Ցուցաբերած բուժօգնության որակի վերահսկման հատուկ չափորոշիչների կիրառումն ու դրանց վրա հիմնավորվող աշխատանքի խրախուսական վարձատրությունը: Մրցակցության մղող այս հանգամանքը, թերևս, նպաստավոր կլինի հիվանդներին անշահախնդրորեն բարեխիղճ բուժօգնություն ցուցաբերելու: * Բժիշկների և բուժքույրերի աշխատավարձի` տարեկան մոտ 30 %-ով աճի շարունակականությունն է: Սա ինչ-որ չափով հույսեր է ներշնչում, որ մեր բուժաշխատողները կդադարեն առողջական խնդիրներ ունեցողների գրպաններն էլ ռենտգենյան լուսադիտման ենթարկել: Իհարկե, գնահատելի են հավակնոտ ծրագրերը, սակայն առողջապահության համակարգում կա հրատապ մի խնդիր, որի կարգավորման գործընթացը անըմբռնելիորեն հապաղում է: ճիշտ է, 2006 թ. սկսած ամբուլատոր-պոլիկլինիկային բուժօգնությունը դարձել է անվճար, բայց նույն բուժհաստատություններում անմխիթար իրավիճակ է` այժմյան չափանիշների համեմատ բարոյապես մաշված սարքավորումների առումով: Զորօրինակ, թիվ 4 պոլիկլինիկայի ֆիզոթերապևտիկ բաժնի սարքավորումները բնավ չեն առնչվում արդիականության հետ: Ավելին, այդ բուժհաստատությունում չկա նյարդային վնասվածքը հետազոտող սարք, և նման խնդիրներ ունեցող հիվանդը ստիպված է մասնավոր հիմնարկի վճարովի ծառայություններից օգտվել: Մեզ մտահոգող այդ հարցը մեկնաբանեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը. - Կենտրոնական գնումներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և ձեռք է բերում համապատասխան սարքավորումներ, ըստ` հիմնարկների պահանջների: Վերջին տարվա ընթացքում մենք փոքր-ինչ փոխել ենք մոտեցումները` ձեռքբերման առումով: Եթե առաջներում, գուցե ոչ հիմնավորված, այս կամ այն բուժհիմնարկի համար ձեռք էր բերվում, կամ էլ շատ նպատակային չէր այդ ձեռքբերումը, ապա այժմ լրիվ ուսումնասիրություն ունենք, թե որ հիմնարկում, ինչ բուժսարքավորումներ են տեղադրված, ինչ տարիքի են, ինչ վիճակում են և որքան արդյունավետ են աշխատում: Բուժսարքավորումների մոտ 80 %-ը մարզային բուժհիմնարկների համար են ձեռք բերվում: Հիվանդանոցների համար ձեռք ենք բերում ամենաանհրաժեշտ, այսինքն վերակենդանացման բաժնի, օպերացիոն բնույթի սարքավորումներ, որոնց բացակայության դեպքում հնարավոր չէ կազմակերպել բուժական պրոցեսը: Ես առաջարկել եմ և° պոլիկլինիկաներին, և° հիվանդանոցներին, որ փոքր սարքավորումները, որոնք թանկարժեք չեն` իրենց ֆինանսական գործունեության շնորհիվ ձեռք բերել: Իհարկե, այն սարքավորումները, որոնք գնային առումով նրանց համար դժվար կլինի ձեռք բերելը, և իրենք կհիմնավորեն դրանց անհրաժեշտությունը` մենք կաջակցենք և կօժանդակենք: Նախ անհասկանալի է, թե անվճար հիմունքներով գործող պոլիկլինիկան ի՞նչ միջոցներ կարող է ունենալ: Բացի այդ, ենթադրենք` նախարարությունը անհրաժեշտ չի համարում նյարդային վնասվածքը ախտորոշող հիշյալ սարքի առկայությունը: Բարի: Իսկ եթե մասնավորին դիմելու հնար չունեցող բնակչի դիմային ներվն է վնասվո՞ւմ (նևրիտ) և նրա ամսական բյուջեն հազիվ բավարարում է կենսանվազագույնը հոգալու: Տնտեսելու հնարամտությամբ և վարպետությամբ կենսական գոյությունը պաշտպանող քաղաքացին ինչպե՞ս պետք է վարվի այս դեպքում: Նրանք սոցիալապես անապահով խավի «վկայական» չունեն, որպեսզի այդ ծառայությունը այլ հիմնարկում անվճար հիմունքներով մատուցվի… Կարծում ենք` նմանատիպ խնդիրները նույնպես չեն սպրդի ոլորտի պատասխանատուների տեսադաշտից: