ԼՂՀ նախագահի ընտրությունների շուրջ


Հուլիսի 19-ին կայացան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունները: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած տվյալներով` դրանց մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված ԼՂՀ 92 հազար քաղաքացիներից 71 հազարը կամ ավելի քան 77 տոկոսը: Ընտրությունների ընթացքին հետևում էին 32 միջազգային, 8 տեղական դիտորդ, 40 միջազգային և 42 տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր ժամանել էին Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Իտալիայից, Գերմանիայից, Չեխիայից, Հունաստանից և Միացյալ Նահանգներից: Փաստորեն, որքան էլ Հայոց երկրորդ պետությունը միջազգային հանրության կողմից դեռևս ճանաչված չէ, նրա Նախագահի ընտրությունները գտնվում էին միջազգային կառույցների ու անկախ լրատվամիջոցների սևեռուն ուշադրության կենտրոնում: Եվ հենց բուն ընտրությունների օրը նրանց տված հաղորդումների ու հրապարակումների, ինչպես նաև հաջորդ օրը մամուլի ասուլիսում հրապարակված համատեղ հայտարարությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրությունները անցան ժողովրդավարության միջազգայնորեն ընդունված չափանիշների խստիվ պահպանմամբ, ազատ, արդար և թափանցիկ: Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տվյալներով, ստանալով ընտրություններին մասնակցած քաղաքացիների 85 տոկոսից ավելիի ձայները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը: Ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվելուց անմիջապես հետո Բակո Սահակյանին հատուկ ուղերձներով շնորհավորել էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն էր բերել Ամենայն Հայոց կաթողիկոս, ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդ Վեհափառը: Նրանք, անշուշտ, կարող էին ևս մեկ օր սպասել, մինչև վերջնական արդյունքների հրապարակումը, բայց դա ուղղակի ավելորդ ձևականություն կլիներ. նախագահական մարաթոնին մասնակցող 5 թեկնածուներից առաջին երկուսի` Բակո Սահակյանի և Մասիս Մայիլյանի հավաքած ձայների միջև խզումն ահռելի էր` 85 և 12 տոկոս: Այնպես որ, ձայների վերջնական հաշվարկից ոչինչ չէր փոխվելու: ԼՂՀ նորընտիր նախագահին շուտափույթ շնորհավորելու մեջ, անկասկած, զգալի դեր խաղաց նաև Հայաստանի ղեկավարության ներքին ուրախությունը թե° իրենց նախընտրած թեկնածուի հաղթանակի, թե° ընտրությունների հիանալի կազմակերպվածության ու բարձր մակարդակով անցկացման առթիվ: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, գնահատելով այդ ընտրությունները, արդարացիորեն նկատեց, թե դրանք «էական առաջընթաց քայլ էին ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին»: ԼՂՀ նախագահի ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը իսկապես բացառիկ նշանակություն ուներ: Դա մի քննություն էր, որ առայժմ չճանաչված Հայոց 2-րդ պետությունը հերթական, արդեն 4-րդ անգամ, հանձնեց ամենաբարձր մակարդակով: ԼՂՀ-ն ապացուցեց, որ ժողովրդավարա կան զարգացման աստիճանով ինքը շատ և շատ առաջ է անցել բազմաթիվ ճանաչված պետություններից: Համենայն դեպս, պարզ դարձավ, որ դա մի պետություն է, ուր ընտրությունների միջոցով իշխանության խաղաղ փոխանցում է տեղի ունենում, ոչ թե զանազան «գունավոր» հեղափոխություններ կամ բռնազավթումներ: Ընդսմին, իշխանությունը փոխանցում է այն մարդը, ով, ունենալով ժողովրդի բացարձակ մեծամասնության սատարումը, կարող էր 3-րդ ժամկետով մնալ պետության ղեկավարի պաշտոնում: Բայց նա այդ չարեց, հարգելով իր իսկ պետության Սահմանադրությունը, որն արգելում է որևէ մեկին` նախագահ մնալ անընդմեջ երկու ընտրաշր ջանից ավելի: Արկադի Ղուկասյանը չէ՞ր կարող, ի՞նչ է, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պես հանրաքվեի դնել իր լիազորությունների երկարաձգման հարցը: Կամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պես դարձյալ հանրաքվեով ժողովրդից մուրալ 3-րդ անգամ նախագահ առաջադրվելու իրավունք: Էլ չեմ ասում Թուրքմենստանի Սափարմուրադ Նիյազովի ցմահ նախագահության, Ադրբեջանի` հորից որդուն իշխանության փոխանցման կատարյալ խայտառակության և բազմաթիվ այլ օրինակների մասին: Պարզապես անհեթեթ է, որ միջազգային հանրությունը, ի դեմս մի ամբողջ շարք միջազգային կառույցների, այս կարգի մարդկանց, ովքեր իրենց պաշտոններում հայտնվել են ամենևին էլ ոչ-ազատ ու արդար ընտրությունների միջոցով կամ իշխանությունը պահել ու պահում են ժողովրդավարական արժեքների կոպիտ ոտնահարում ներով` օրինակա¯ն ղեկավարներ է համարում, իսկ ԼՂՀ նախագահին` «ապօրինի»: Ինչո՞ւ: Կարելի է մատնանշել 2 պատճառ: Առաջին` միջազգային կառույցները բոլոր սառեցված հակամարտությունների գոտիներում ամեն կարգի ընտրությունների արդյունքները չճանաչելու տխմար կեցվածք են որդեգրել, անհեթեթորեն ենթադրելով, թե դրանք, ի¯բր, «կխանգարեն հակամարտությունների խաղաղ լուծմանը»: Երկրորդ` կոնկրետ արցախյան Նախագահի ընտրությունների «ապօրինի» բնորոշումը… Բաքվի°ց է գալիս: Բաքուն բարբաջում է, միջազգային կառույցների ղեկավարներն էլ, Ադրբեջանին «չնեղացնելու» համար, թութակի պես կրկնում են նրան: Ըստ իրենց, «ապօրինի» չհամարվելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը, պատկերացնու՞մ եք, Արցախում նախագահի ընտրություններ անցկացնելու «թույլտվությա¯ն» խնդրանքով պետք է դիմեր…Ադրբեջանի¯ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին: Այստեղ են ասել` շատ չեղա՞վ, ախր դուք ու՞մ շունն եք: Զառանցու՞մ եք, թե՞ երազ եք տեսել: Ձեր գործն է, եթե գերադասում եք զառանցանքներով առաջնորդվել` առաջնորդվեք: Ի՞նչ կա որ: Ոչ ոքի արգելված չէ նաև հիմար լինել: Բայց ինչու՞ են միջազգային կառույցների ղեկավարները Բաքվի պարոններին կրկնում: Մի՞թե նրանց պատիվ է բերում այդ քաղաքական հավկուրությանը հետևելը: Դա էլ մեր գործը չէ, Բաքվի նավթի բույրից խենթացած ու հիմնականում այդ պատճառով նրա ետևից քարշ եկող միջազգային կառույցների գործն է: Համոզված եմ` կգա ժամանակը, և այդ քաղաքական հավկուրությունը մի կողմ կթողնեն: Դրա նախանշաններն էլ արդեն վաղուց կան: Կոնկրետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Լեռնային Ղարաբաղը «ի¯նչ-որ փուլում» անպայման ներգրավվելու է բանակցային գործընթացի մեջ: Ինքնըստինքյան հասկանալի է, որ «ներգրավվելու» է: Որովհետև բոլորը, նույնիսկ Ադրբեջանի պնդաճակատները, գիտակցում են, որ չի կարելի վճռել որևէ ժողովրդի քաղաքական ճակատագիր` առանց այդ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, նրա խոսքը լսելու: Իսկ ո՞վ, եթե ոչ տվյալ ժողովրդի ընտրյալ Նախագահը կարող է հանդես գալ այդ ժողովրդի անունից, իրավունք ունենալ ներկայացնելու նրա տեսակետները: Չեմ կարող թերագնահատության որևէ խոսք ուղղել նախագահական ընտրություն ներում Բակո Սահակյանի մրցակիցներից որևէ մեկին: Բայց քանի որ ժողովուրդը նրան ընտրեց, ուրեմն ամենաարժանավորն ինքն էր: Նա ամենևին նորելուկ չէ Արցախյան ազգային-ազատագրական պայքարում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական-հասարակական կյանքում: Նա Արցախի այն գործիչներից մեկն է, ով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Անվտանգության նախարարի իր նախորդ պաշտոնի բերումով առավելագույնս տեղյակ է բանակցային գործընթացի մանրամասներին, արցախահայության կարծիքին ու ցանկություններին: Բակո Սահակյանին ժողովրդի տված վստահության քվեն վկայում է, որ հակամարտության լուծման նրա մոտեցումները միանգամայն հոգեհարազատ էին ընտրողներին: Չէ՞ որ նա նախընտրական քարոզարշավի ժամանակ դա բացահայտ շարադրում էր: Ի դեպ, չեմ կարող չնկատել, որ հակամարտության խաղաղ լուծման ճանապարհների հարցում Բակո Սահակյանի մրցակիցների տեսակետները նույնպես գրեթե նույնն էին, ինչ իրենը: Դա էլ միանգամայն բնական էր, որովհետև Արցախում չէր կարող թեկուզև ամենաաննշան պաշտպանության արժանանալ որևէ այլ տեսակետ, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության միջազգային ճանաչումը պետության նպատակ հռչակելը, անկախ այն բանից` այդ նպատակը Բաքվում կամ որևէ այլ մայրաքաղաքում ըմբռնում գտնու՞մ է, թե՞ չի գտնում:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ