ԱՅՍ ԱՆԳԱՄ ԿԱՐԾԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՏՈՒԺՈՒՄ կամ սատանի ականջը` խուլ


Արևելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու շուրջ ռուս-ամերիկյան վեճի արդյունքում Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայում Սովորական սպառազինությունների մասին պայմանագրից: Հիշենք, որ այդ պայմանագիրը ռազմական տեխնիկայի քվոտաներ էր նախատեսում: Ըստ քաղաքական փորձագետների, այս պայմանագրից Ռուսաստանի դուրս գալով հավանական է դառնում Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի վերսկսումը: Մյուս կողմից, ԱՄՆ-ի վարչակարգում խոսում են մինչև Բուշի նախագահության ժամկետի ավարտը Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին: Սակայն նկատենք` վերոհիշյալ պայմանագրից դուրս գալը տնտեսական և ռազմաքաղաքական առումով Ռուսաստանի համար հետաքրքրություն ներկայացնող, հատկապես հարավային տարածքներում զորքեր կուտակելու հնարավորություն է ընձեռում: Եվ չի բացառվում, որ առաջիկայում ռուսական զորքերի այդպիսի շարժի ականատեսը կարող ենք լինել և° վրաց-ռուսական սահմանին, և° Օսիայում ու Աբխազիայում, ինչպես նաև Հայաստանում: Իսկ ռուսական զորքերի քթի տակ Իրանի դեմ պատերազմելը, մեղմ ասած, բազմապիսի տհաճ խնդիրներ կարող է առաջացնել ԱՄՆ-ի համար: Վերջիվերջո, այսօր արդեն կարծես թե Իրանին հաջողվում է բարենպաստ նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում իր ազդեցութ յունն ու կշիռը մեծացնելու ուղղությամբ: Դրան, իրոք, կարող են նպաստել և° Վրաստանում ու Հայաստանում մեկական միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարելը (ինչի մասին արդեն խոսել ենք), և° հատկապես ԱՄՆ դաշնակիցը համարվող Թուրքիային գազ մատակարարելու մասին վերջինիս հետ ունեցած պայմանավորվածության իրագործումը… Առաջին հայացքից կարող է թվալ, թե տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական այս խառնաշփոթում ԼՂՀ-ն իր խնդիրներով մոռացության կմատնվի: Սակայն փոքրիկ Արցախն անցած շաբաթ աշխարհին ստիպեց խոսել իր մասին: Ադրբեջանի դիվանագիտական ջանքերն ու սադրանքները, ինչպես նաև չդադարող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքներն ի զորու չեղան ԼՂՀ նախագահի ընտրությունները խոչընդոտելու: Եվ նախօրոք դրանք չճանաչելու մասին զգուշացնող, ԼՂՀ-ն չճանաչող աշխարհի 12 երկրներից դիտորդական առաքելություններ Ստեփանակերտում հետևեցին ընտրությունների ընթացքին: Ընտրություններն անցան ժողովրդավարական սկզբունքներին ու միջազգային չափանիշներին համապատասխան. սա էր նրանց գնահատականը: Նաև ասվեց, թե այս հարցում Հայաստանն ու Ադրբեջանը զիջում են ԼՂՀ-ին: Իսկ Դանիայի նախկին արտգործնախարարը պարզապես բացեց փակագծերը` նշելով, թե այս ընտրությունները կարող են նպաստել ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Իսկ ադրբեջանական սպառնալիքների մասին խոսելիս չարժե մոռացության մատնել մի շատ կարևոր հանգամանք: Հայաստանը, ԼՂՀ անվտանգության երաշխավորը լինելով, միաժամանակ ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ է: Իսկ այդ դեպքում ռազմական բախման մեջ ներքաշելով Հայաստանին, Ադրբեջանը կարող է գործ ունենալ հիշյալ պայմանագրի անդամ նաև մյուս երկրների և առաջին հերթին` Ռուսաստանի հետ: Իսկ վերջինս, նույնիսկ այդ պայմանագրից դուրս որոշակի լուրջ պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ` նրա ռազմավարական գործընկերը լինելով: Սրանից բացի, ադրբեջանական ագրեսիան զսպող մի նոր հանգամանք էլ կա: Նկատի ունենք Սովորական սպառազինությունների մասին եվրոպական պայմանագրից ՌԴ դուրս գալը: Այդ շրջանակներում Հայաստանում ՌԴ զինուժի թվաքանակի ավելացումը չի կարող չզսպել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները: Այնպես որ, հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղադրման շուրջ ռուս-ամերիկյան հակասությունները թեև սրեցին իրավիճակն ամբողջ աշխարհում, այնուամենայնիվ, Հայաստանի վրա դրանց բացասական ազդեցությունն այսօր կարծես չի տարածվում: Թերևս, առաջին անգամ է, որ աշխարհի հզորների հակասություններից Հայաստանը չի տուժում… Ինչպես ասում են` սատանի ականջը` խուլ:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ