Թեկնածուների պակաս չենք ունենա


Մեր երկրի քաղաքացիների գերակշիռ մասը կուսակցությունների գաղափարներն ու ծրագրերը չի ուսումնասիրում` այն համարելով լիդերների խնդիրը և ցանկանալով նրանցից իմանալ իրենց իսկ խնդիրների լուծման հստակ «երթուղին»: - Ամենուր քաղաքականությունը գնում է դեպի ընտրողը. ասել այն, ինչ ընտրողը ուզում է լսել,- համոզված է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը : - Ինչ վերաբերում է Նախագահի ընտրություններին, ապա կարծում եմ` այն կլինի անձերի և կատարված գործերի պայքար: Հասարակությունը գնահատելու է վստահության այն ռեսուրսը, որը յուրաքանչյուր թեկնածու ստեղծել է, քանի որ Նախագահի ընտրությունները էականորեն տարբերվում են մյուս բոլոր ընտրություններից. այս պարագայում անձն է կարևորվում իր քաղաքական գործունեությամբ, կենսագրությամբ և, իհարկե, այն քաղաքական հենարանով, որն ինքը ստեղծել է: Ի տարբերություն հանրապետական Գալուստ Սահակյանի այն ենթադրության, թե Նախագահի ընտրությունները կանցնեն 2-րդ փուլ, Սամվել Նիկոյանը համոզված է, որ, անշուշտ, կլինեն բավական թվով թեկնածուներ. այնպես որ, «պակաս չենք ունենա», իսկ որ դրածոներ չեն լինի, դա հաստատ է, քանզի` - Իշխանությունը իմիտացիոն թեկնածու ունենալու խնդիր չունի: Կարծում եմ` իշխանությունը, կոնկրետ ՀՀԿ-ն, այդ հարցում կունենա հստակ դիրքորոշում,և նրա թեկնածուն կլինի իրական: Ազգի փրկությունը Լևոն Տեր-Պետրոսյանի անձին վերագրող հայտարարություններին ի պատասխան, հանրապետական Սամվել Նիկոյանը համոզված է, որ Հայաստանում փրկիչների ինստիտուտն այլևս չի աշխատում: Լ. Տեր-Պետրոսյանի մասին խոսում են բոլորը, մինչդեռ նա համառորեն լռում է. - Լավ կլիներ` բոլորի փոխարեն ինքը ասեր` արդյո՞ք ուզում է թեկնածու լինել: Եթե ոչ, ապա խոսել այն մասին, թե ինչ է ուզում շրջապատը` ավելորդ է: Կարծում եմ` ինքը չի էլ խոսելու: Անդրադառնալով ԼՂՀ-ում Նախագահի ընտրություններին` Սամվել Նիկոյանը փաստում է, որ միջազգային հանրության դիտակետում հայտնված ԼՂՀ-ի ժողովուրդը յուրաքանչյուր ընտրություն դիտարկում է որպես մի կարևոր քայլ անկախության հաստատման ճանապարհին: Չճանաչված լինելու հանգամանքը արցախցուն հարկադրում է ավելի զգոն լինել ժողովրդավարական գործընթացների նկատմամբ: - Միջազգային կազմակերպությունները շտապեցին հայտարարել, թե չեն ճանաչելու ԼՂՀ Նախագահի ընտրությունները: Մենք այլ բան չէինք էլ սպասում: Բայց նրանց ջղաձիգ արտահայտությունները ինձ համոզում են, որ ԼՂՀ-ն իր ընտրություններով հանդերձ ճիշտ ուղի է ընտրել, այսպիսի ընտրությունները խփում են ճիշտ նշանակետին, ինչը միջազգային հանրությունը ցավագին է ընդունում: Հայաստանում անցկացված ընտրությունների համեմատ, ԼՂՀ Նախագահի ընտրությունները, Սամվել Նիկոյանի գնահատմամբ, շատ ավելի լավ էին կազմակերպված, ավելի ժողովրդավար էին մի պարզ պատճառով, որ ԼՂՀ ժողովուրդը գնում է ընտրության` ժողովրդավարության, անկախության և ինքնորոշման ամրապնդման գիտակցումով, իսկ Հայաստանի քաղաքացին այդ խնդիրը չունի:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ