«Չաղ-չաղ» որոշումներ Վաճառվում է պետհամարանիշ


Երեխա ժամանակ այսպիսի մի խաղ էինք խաղում: «Օսկեցե տա՞նձն ես, թե՞ արծաթե խնձորը»,- ասում էր մեկը, ու բոլորը կանչում էին` «օսկեցե, օսկեցե»: «Արծաթե» կանչող չէր լինում: Էն գլխից ենք, ուրեմն, ոսկեսեր: Էսօր էլ «գոլդասեր» ենք դառել, ամեն ինչի «գոլդն» ենք սիրում: Ասենք` «գոլդ» հեռախոսահամար, «գոլդ» քարտ, «գոլդ» պետհամարանիշ: Տարբերությունը մեր երեկվա ու այսօրվա գոլդասիրության մեջ այն է, որ այսօր այն կարգավորում են շուկայական օրենքները: Ինչպես գիտենք, ոսկե հեռախոսահամարները (խոսքը բջջայինների մասին է) իրենց օրինական գներն ունեն: Շուտով օրինական գներ կունենան նաև ավտոտրանսպորտային միջոցներին հատկացվող ոսկե պետհամարանիշները: Պարզ է` այնպիսիք, որոնք մեծ պահանջարկ ունեն: Իսկ ինչ ասել է` պահանջարկ: Ճանապարհային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանին տարիների փորձը ցույց է տվել, որ հայերը թվերի հետ որոշակի կապվածություն ունեն: Մենք էլ մեր դիտարկումներն ունենք: Մեզ համար թվերը որոշ դեպքերում խորհրդանիշ են, իսկ ոմանց համար դրանք «պրիստիժի» և «աֆտարիտետի» խնդիր են լուծում: Դե, եթե մարդիկ այս դժվար կյանքում կարողանում են իրենց բոլոր պահանջմունքները բավարարելու հետ մեկտեղ բավարարել նաև իրենց գոլդասիրությունը` ուրեմն թող հարստացնեն ոստիկանության բյուջեն: Մանավանդ որ ստացված գումարների 70 տոկոսը ուղղվելու է համակարգում նախատեսվող բարեփոխումներին, 30 տոկոսը` աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Իսկ որ ստացվելիք միջոցները կարող են անկանխանտեսելի լինել, չի ժխտում նաև ճանապարհային ոստիկանապետը: 84-ն են պետհամարանիշերի տեսակները, որոնք ավտոմեքենատերերին հասանելի կլինեն միայն ու միայն աճուրդային կարգով վաճառքի միջոցով: Դրանց մեջ 3 խմբեր կան, որոնց համար սահմանված են առանձին մեկնարկային գներ. համապատասխանաբար` պետտուրքի 20-ապատիկը, 50-ապատիկը և 100-ապատիկը: Մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ. փորձեք այս տողը կարդալ դիլ-նո-դիլի հանգույն: Ու եթե դիլ` այ թե գումար է ստացվում` 1 մլն 200 հազար դրամ պլյուս մեկնարկային քայլեր, որոնք կարող են այս սոլիդ գումարը էլի «չաղացնել»: Անկեղծորեն կարելի է ողջունել համակարգի բարեփոխման մտահոգությամբ ծնված գումարաստեղծման այս եղանակը: Թող համակարգը հարստանա` բարեփոխվելու համար այնպես ու այնքան, որ ճանապարհային ոստիկանության կողմից լիովին վերահսկելի դառնան երկրի ճանապարհները, որ մենք ունենանք քաղաքակիրթ երթևեկություն: Նույնքան անկեղծ պիտի ցավենք ամբարտավանության այն չափաքանակի համար, որին մենք հաճախ ենք ականատես լինում քաղաքի փողոցներում և ամենուր: «Գոլդ» համարանիշներին առայժմ անվճար (՞) տիրացած «բիրդան զարգացածները» այդպիսի համարանիշով մեքենա վարելն իրենց առավելությունն են կարծում: Ազատությունը գերազանցելն էն խոսքը չէ, երթևեկության կանոնները խախտելն էն խոսքը չէ: Անպատիժ ու անարգել վարում են, ինչպես ուզում են: Ճանապարհային ոստիկաններն էլ նայում համարանիշներին ու աչքները փակում, ձենները կտրում են: Էս հո կա՞: Լավ է, որ այսպիսի «արտոնյալ» համարանիշեր ունենալու համար այսօր արդեն պիտի վճարեն: Մեր մտահոգությունն այն է, թե «բեսպրեդելը» դրանից կպակասի՞, թե՞… Եվ բոլոր դեպքերում շեն կենա միջազգային փորձը, որն ընդօրինակել ենք, բայց մի շեղումով: Ավտոմեքենատիրոջ անունը պետհամարանիշի վրա չի գրվելու: Առա°յժմ: Դրա ժամանակն էլ կգա:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ