ԱՍՈՂԻՆ ԼՍՈՂ է ՊԵՏՔ


Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած»,- երգում է Արթուր Մեսչյանը: ՇԱՏ Տարօրինակ է Մարդը, ասում է, որ վատ է ամեն ինչ, գնալով էլ ավելի է վատանում, ուզում է փոխել, բայց չգիտի ինչո՞ւ և ինչպե՞ս: Հա, դժվարը հենց սրանք են: Ինչո՞ւն տանում է պատճառահետևանքային կապի բացահայտմանը. տիեզերքում ոչինչ չի լինում և չկա առանց պատճառի և հետևանքի, իսկ նրանց միջև կապը գտնելը... այո, դյուրին գործ չէ£ Ինչպե՞ս: Դժվար է: Հայտնի հեքիաթի նման 3 պայման-ճանապարհ է դրվում մարդու առջև. կամ աջ, կամ ձախ, կամ ուղիղ: Դե, արի ու ընտրի: Գոնե քա՞րը դրված լինի` իր ճշմարիտ խորհուրդներով... - Հիմարություն է, անընդհատ նշել մարդու բանական լինելը, բայց ոչ ժամանակ, ոչ էլ էներգիա ծախսել այն զարգացնելու համար,- գրել է մեծ մտածող ՊՅՈՒԹԱԳՈՐԱՍԸ: Եվ քանի մարդն այս ճշմարտությունը չի հասկանում, վատը, ժամանակի արագացմանը համընթաց, ավելի կվատանա, և Մեսչյանը կշարունակի. «...Մոմի լույսով խավարի մեջ համատարած...»: Մարդով զբաղվող բոլոր գիտությունները պետք է նպաստեին հենց մարդու ձևավորմանը` իր ֆիզիկական, ինտելեկտուալ և ոգեղեն աշխարհներով: (Ափսոս, Մարդու ինստիտուտ ունենալու մասին խոսք անգամ չկա): Համակողմանի ու ներդաշնակ զարգացած մարդու ձևավորումն (ՀՆԶՄ) իրագործելու գլխավոր պայմանը Դաստիարակությունն է, որի հիմքը Բարոյագիտությունն է: Բոլոր Ուսմունքների և Կրոնների հիմքը Բարոյականությունն է: Հետո, իհարկե, դաստիարակության մյուս տեսակները` գեղագիտական, հայրենասիրական, ֆիզիկական և այլն: Կրթությունը` գիտելիքի, ունակության, հմտության ձևավորումը, սկսվում է դաստիարակության հիմքերը դնելուց հետո: Թե չէ, ինչպես գրել է Լ. Ն. ՏՈԼՍՏՈՅԸ. «Գիտելիքը անդաստիարակի ձեռքին` սուր է խելագարի ձեռքին»: Արդյունքում, Համակողմանի և Ներդաշնակ Զարգացած Մարդ, որն ուզում է և կարող է կատարելագործել ինքն իրեն, «ճանաչել ինքն իրեն»: Առարկություն չկա՞, միայն ուզում եք իմանալ` ինչպե՞ս հասնել դրան: Մանկավարժության մեջ հատուկ բաժին կա-Ուսուցում (Դիդակտիկա), և մեթոդիստ-գիտնական ները պիտի տրամաբանության վրա հիմնված մեթոդիկաներով և գործուն մեթոդներով ցույց տան ուղին: Նայենք` ի՞նչ են արել մեր մանկավարժ-գիտնականները: Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ականջը կանչի. «Առաջ-առաջ պոռալով` ետ-ետ կերթան»: Անընդհատ հայտարարում են 21-րդ դարի պահանջներին համապատասխան բարեփոխումների մասին, բայց ոչ մի նորարարություն` տեսությունում և գործնականում: Մնացել են պահպանողական իրենց հայացքներում և դարձել արհեստավարժ` կոսմետիկ հարդարումներում: Միացել են Բոլոնիայի համաձայնագրին: Լավ են արել: Պետք է համաշխարհային փորձն ուսումնասիրել և լավը վերցնել, մանավանդ Համաշխարհային բանկի: Եվ, իրոք, գալիս են N քանակի գումարներ. ուր են գնո՞ւմ: Միջոցառումներ, գործուղումներ, ճոխ կոնֆերանսներ, վերապատրաստումներ (ում հարցնես, միայն այդ ճոխն են հիշում, ոնց աշխատել են, այնպես էլ շարունակում են աշխատել): Եվ ահռելի թղթատարություն (իմա` մակուլատուրա): (Ասում են` ԽՍՀՄ-ը դրանից կործանվեց): Պատկերացրեք, ծովագնացը բաց ծով է դուրս գալիս, չգիտի նավարկության օրենքները, ձևերը, չգիտի նավը ղեկավարելու կանոնները և, մանավանդ, ո՞ւր է գնալու: Ուսուցիչը մտնում է մարդու ներաշխարհը, որ ձևավորի նրա հոգին (զգացմունքները) և ոգին (բանականությունը): Եվ... չգիտի ո՞ւմ, ինչո՞ւ, ինչպե՞ս է կրթելու և դաստիարակելու: Ուրեմն, ոնց պատահի՞, ինչ կստացվի` իր պատկերացմամբ, իր պատկերով, և իր` դժվարությամբ ձեռք բերվող փորձով (թե՞ փորձանքով)` ի՞նչ արած, և ոչ մի խղճմտանք, պատասխանատվություն: Պարզ է, կրթության բարձր ատյանները չեն տվել հիմնաքարերը, որոնք փարոս կդառնային և, զանազան, անիմաստ պլյուրալիստական, սուբյեկտիվ հայացքները կուղղորդեին մի ուղղությամբ: Հայացքների համակարգումն էլ Հայեցակարգն է: Որո՞նք են մեր անկախ պետականության և հասարակության դեմոկրատացման ուղին բռնած երկրի քաղաքացուն ներկայացվող պահանջները, դրանք իրականացնելու ձևերն ու միջոցները: Կրթության մասնագետները մեզ կմեղադրեն, թե չենք կարդացել կրթակարգը (դա հայեցակարգ չէ): Կարդացել ենք, մասնակցել հասարակական քննարկումներին, բայց հասարակության ձայն ե՞րբ է լսվում որ (լավ հնար է, «դեմոկրատական»-իբր քննարկում է հասարակությունը, բայց, պարզվում է, առանց քեզ էլ գրված-ընդունված է): Եվ, իրենց իսկ խոստովանությամբ` թերի, շատ բաներում չհիմնավորված, վատ թարգմանությունից` խրթին ձևակերպումներով կրթակարգի միայն պահանջները շոկի մեջ գցեցին ուսուցիչներին և տարակուսանքի մեջ` մնացած բոլորին: Վերջնական արդյունքում մեր սիրասուն զավակը և իրենց շրջանավարտը ՊԻՏԻ° ԼԻՆԻ... և տրվում են այն բոլոր հնարավոր ու անհնար որակները, հատկությունները, որքան որ մարդու ուղեղը կարող է երևակայել ու երազել: Սուպեր էրուդիտ-ինտելեկտուալ գերմարդ: Ուսուցիչները հասկացան, որ ՊԻՏԻ° ԼԻՆԻ-ն` իրենց ՊԻՏԻ° ԱՆԵՍ-ն է: Ամենափորձառուներն անգամ ուսերն էին գցում. «Ոնց որ թե գերլարումով, գերնվիրումով աշխատել եմ, էլ ի՞նչ անեմ, ո՞նց անեմ ...»: Սկսնակները սկսեցին վախենալ. «Գոնե մեկը օգնե՞ր...»: - Հանգիստ, հանգիստ: Մենք վերապատրաստման լայն ծրագիր ենք շահել` Ինտերակտիվից մինչև Պըտ-պըտիկ, ամեն ճաշակի համար: Սովորեցնում ենք մեր նորագույն մեթոդները և... no problem£ - Բայց Ձեր ասածները նորագույն չեն և, մանավանդ, մեթոդներ չեն, այլ հնարներ, եղանակներ... Իսկ առանց նոր մեթոդիկաների ո՞նց կլինի,- լսվեց եզակի մի ձայն: - Բոլոր հարցերով` նախարարություն: Չգիտեմ` ում, չգիտեմ` երբ: - Ի՞նչ ես երկարացնում: Ինչ ասում են` լսիր, մյուսներից լավը չես: ժամանակ չկա, ընդմիջման ժամն է,- վրա տվեց ակտիվ մեծամասնությունը և, բոլորը միասին շարժվեցին… բուֆետ: Օրը 3 անգամ, բազմատեսակ ընդմիջում: Մենք դեռ երկար այդ ճոխ վերապատրաստման մասին կպատմենք մեր կոլեգաներին, որոնք ևս, ակնկալիք հույսով, կսպասեն իրենց առարկայի վերապատրաստմանը: Իսկ հանրապետության տարբեր շրջանների տարբեր առարկայագետ ուսուցիչների խոսքերով` «Սայլը ոչ միայն տեղից չի շարժվել, այլև ետ-ետ է գնում»: Տխուր եզրահանգում, չկա հայեցակարգ, չկան մեթոդիկաներ: Ո՞վ է կամ ի՞նչն է մեզ ստիպում այսպիսի աչքակապուկ խաղալ: Սա ի՞նչ ինքնախաբեություն է: Տարիներ առաջ, նման սեմինար-վերապատրաստումներից մեկի ժամանակ, հարցրեցինք բարձր ղեկավարներից մեկին. «Ե՞րբ կլինի դաստիարակության հայեցակար գը»: Ի պատիվ իրեն` հումորով մարդ էր, չնայած կարմրեց, բայց անկեղծորեն պատասխանեց. - Ամեն հանդիպումից առաջ աղոթում եմ Աստծուն, որ այդ հարցը չտան: Դաստիարակության հայեցակարգը չի եղել, չկա և մոտ ապագայում չի սպասվում: Այդ «մոտը» ձգվում է 7 տարի, եթե չհաշվենք անցած 10 տարիները: Հույն փիլիսոփա-պյութագորական ԴԻՈԳԵՆԵՍԸ` հարցին, թե ի՞նչն է յուրաքանչյուր պետության հիմքերի հիմքը, պատասխանել է. «Պատանիների դաստիարակութ յունը»: Հարգելի պետական պատասխանատուներ: 17 տարի ձեր ուղղորդած հասարակությունը չունի այն փարոսները, որոնք ուսուցչին և դաստիարակին հնարավորություն տան ճիշտ աշխատելու: Մեր սուպեր-էրուդիտ ինտելեկտուալը ինչպիսի՞ մարդ, քաղաքացի է դառնալու, չի՞ անհանգստացնում£ Ու՞մ վրա եք հույս դրել: Մեր ժողովրդի ազգային պատկերացումների՞, ադաթների,՞ պահպանողականությա՞ն, եկեղեցու՞, երկիրը հեղեղած վտանգավոր աղանդների՞, միսիոներների՞, եվրոպական չեղած դաստիարակությա՞ն (իրենք են տառապում այն փակուղուց, ուր մտել են, նույնիսկ համարժեք բառ իրենց լեզվում չունեն): Եթե հասարակության` թողեք նա էլ զբաղվի, ձեր վրա ե՞ք վերցրել, անեիք: Դրսից եկածի «տակը» լրիվ պարզ չէ, իսկ հայի սիրուն աչքերի համար... դա էլ միայն մենք կարող ենք երգել, ուրիշը չի° հասկանա: Գուցե ուրիշ ավելի կարևո՞ր գործեր ունեիք: Սրանից էլ կարևո՞ր: 5-րդ դարում` կիսված, 2 հզոր պետությունների արանքում Հայոց թագավորը` Վռամշապուհը թագի ու տնտեսության մասին մտածելով չէ, որ մնաց պատմության մեջ, այլ գրի ստեղծման ու կուլտուրայի հիմքերը դնելու մասին, ասել է, թե ժողովրդի ոգին պահպանեց: Այդ ժողովուրդն էլ դրանցով զինված` ազատագրական-ժողովրդական պատերազմի ելավ: Եվ դա մեր Ոսկե դարն էր: Ռուս մեծ մտածող-նկարիչ Ն. Կ. ՌԵՐԻԽԸ ասել է. «Թռչունը երկու թև ունի, առանց մեկի թռչել չի կարող: Երկրի երկու թևերն են պետությունը և հասարակությունը»: Անառարկելի է: Եթե պետությունը իր վրա էր վերցրել և չէր կարողացել անել, պետք է չամաչեր, այլ դիմեր հասարակությանը` ի դեմս մտավորականների, որը վաղուց էր ասում: Ասողին լսող էր պետք: Բայց հասարակությանը պետք չէ Արմենիա-Մարրիոտում ճոխ վեհաժողովներով շլացնել և դա ապագա Տեսլականի երաշխիք հայտարարել հեռուստատեսությամբ, մանավանդ որ դա Տեսլական չէ, այլ իսկական տեսիլք և, նամանավանդ, որ հենց նույն էկրանից միաժամանակ հնչում է, որ ոչ ոք չի կարող ասել, թե ոնց կլինի մինչև 2015 թվականը: է°, հետո՞: Աչքակապուկ, այն էլ այսքան անտրամաբանակա՞ն: P. S. Մնանք 2015 թ. Ձեր տեսիլք¬Տեսլականին ծարավ սպասողնե՞ր... Չէ°: Հասարակությունն ունի°, կտա°: Հայեցակարգն էլ վրադիր: ժլատ չի, իր երկրի համար է անում, այսինքն մե°զ համար: «Տալիս եմ, տալի°ս...»: Ոսկե ցլիկը չէ: Ասում ենք, ասո°ւմ. գիտության մեջ լավագույններից մեկը, որի արձագանքները ԱՊՀ-ից են գալիս: Սպասեք հաջորդիվ... Սուսաննա ԳՐԻԳՈՐՅԱՆ «Մշակույթի հայկական լիգա»