ԳՐԱՎԻՉ ԱՌԱՋԱՐԿՈւԹՅՈւՆ


«Եթե ցանկանում ես վիճել ծնողներիդ հետ և կորցնել ընկերներիդ, ապա ընդունիր նրանց աշխատանքի»: Ըստ երևույթին, հարգելի պարոն գործատու, այս ասացվածքը ձեզ ծանոթ չէ, կամ էլ ծանոթ է, սակայն հայերեն ասած` «ուրիշ ճար չունեք». այլ կերպ վարվելու դեպքում ասացվածքի իմաստը ձեզ համար չի փոխվի,- «Եթե ցանկանում ես վիճել ծնողներիդ հետ և կորցնել ընկերներիդ, ապա մի ընդունիր նրանց աշխատանքի»: Այս դեպքում կարելի է եզրակացնել, եթե ձեզ համար միևնույնն է` ում վերցնել աշխատանքի, ապա մի հիասթափեցրեք մեր երիտասարդությանը, մեծահասակներին, բոլոր նրանց, ովքեր ձեզ նման ծանոթ, հարևան, բարեկամ չունեն: Նրանք առանց այդ էլ հիասթափված են գովազդվող աշխատանքային գործակալությունների առաջարկություններից: Վերջին ժամանակներում անգլերենի իմացությունը, աշխատանքային փորձը և տարիքը այնքան կարևոր են դարձել աշխատանք գտնելու հարցում, որ այսպիսի հայտարարությունները միանգամից գրավում են` «Աշխատանքի ենք հրավիրում հայերենի իմացությամբ անձանց` եվրոպական ընկերությունում մենեջեր աշխատելու համար, անգլերենի իմացությունը, աշխատանքային փորձը պարտադիր չեն, սեռը և տարիքը էական չեն»: - Լավ էլ հայերեն գիդամ,- մտածեց մեր հարևան Սուրիկը և չծուլացավ զանգահարել: Նրան առաջարկեցին ներկայանալ նշված հասցեով` մանրամասն տեղեկություն ներ ստանալու համար: Սուրիկը շտապեց գործակալություն, և 1000 դրամ վճարելուց հետո նրան հայտնեցին, որ աշխատելու է ցանցային մարքեթինգի բնագավառում. - Դե, առաքիչ, է°լի,- պարզաբանեցին նրանք: Հիասթափված Սուրիկը, ձեռքերը թափ տալով, վերադարձավ տուն: Այս այցելությունից էլ ոչինչ չփոխվեց, միայն թե մայրիկի տված 1000 դրամը էլ չկար: Կարծում եմ, որ այս ծուղակը միայն նա չէ, որ ընկել էր, նմանատիպ սուրիկների հանդիպել է, երևի, ձեզանից յուրաքանչյուրը: Հասկանալի է, Սուրիկը միայն հայերեն գիտեր, իսկ ինչ ասեն այն մարդիկ, ովքեր բարձրագույն կրթություն են ստացել, բայց հնարավորություն չեն տալիս աշխատելու, իսկ երբ տալիս են` աշխատանքային փորձ են պահանջում: Եվ ձեր բարեկամների պատճառով է, հարգելի գործատու, որ այդպիսի մարդիկ երկրից մեկնում են աշխատելու. մի մասը բանվոր է դառնում, մյուսը` բեռնակիր, և միայն շատ քչերին է հաջողվում աշխատել մասնագիտությամբ:

Ինա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ