Մշակութային տոն Ազգային պատկերասրահում


Տարալեզու մտածողությունն ու դրանով պայմանավորված կենսական վարքագիծը երբևէ թույլ չի տվել մարդկանց միավորվել նույնիսկ ամենավսեմ գաղափարի իրագործման շուրջ: Մարդ արարածի դարավոր կենսափորձի տարեգրության էջերում դրա բազմաթիվ վկայությունները կան: Բաբելոնյան աշտարակաշինությունից սկսած: Այս անհերքելի ճշմարտությունը չի հանդուրժում մակերեսային, պարզունակ մեկնաբանություններ. տառացիորեն նույն լեզվով խոսող քանի¯-քանի¯ ժողովուրդներ պատմական ֆիասկո են կրել` այդպես էլ չգտնելով խաղաղ միաբանության ընդհանուր լեզու… Ահա թե ինչու պատերազմների ու ավերածությունների բովով անցած մարդկութ յան ներկայիս սերունդը, վերջնական, անդարձ կործանումից փրկվելու հույսով, փորձեր է անում գտնելու ազգամիջյան ներդաշն համակեցություն ապահովող միասնական լեզու: Դրա ամրաշաղախ հիմքը մտավորականների առողջ կորիզը տեսնում է բարձր մշակույթի մեջ: Եվ, հավանաբար, չի սխալվում: Անգերազանցելի մոգական ուժ ունի արվեստի լեզուն` մարդացնող, տարբեր ազգեր մտերմացնող: Այս խելամիտ, հեռահայաց գաղափարով էր ներշնչված նաև ՀՀ և ԵԱՀ Մշակույթի նախարարությունների միջպետական գործնական եռամյա ծրագրի շրջանակներում հուլիսի 21-29-ը անցկացվող «Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի օրեր»-ը: Տոնական հրավառություն դառնալու միտում հանդես բերող միջոցառման էպիկենտրոնը Ազգային պատկերասրահն է: Որմնանկարների սրահում պետական ներկայացուցչական բացման արարողությունից հետո կինոդահլիճում ցուցադրվում են եգիպտացի կինեմատոգրաֆիստներ Քամշա Աբու Զեքրիի («Մալեք վա Քեթաբա»), Մոհթաջ Էլ Քաթեբի («Եղնիկի արյունը») գեղարվեստական և Մուհամեդ Շաբանի («Լույսից դուրս»), Տամեր Էզաթի («Այն վայրը, որ կոչեցի տուն») վավերագրական ժապավենները: Մոտ երկու տասնյակ մատիտանկարներով ներկայացվում է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներով միջազգային ճանաչման արժանացած Ֆարղալի Աբդել Հաֆիզը: Հինավուրց ժամանակներն անդրադարձնող ազգային ծիսական պարերի ու տարաոճ ռիթմերի զուգակցման յուրատիպությամբ առանձնակի հետաքրքրություն առաջացրեց նուբիական թմբուկների համույթը: Ժողովրդական բազմաժանր երաժշտական ռիթմիկ մտածողությամբ ուրվագծելով Եգիպտոսի համայնապատկերը, «Թմբուկների երկխոսությու նը հանուն խաղաղության» իր որդեգրած սկզբունքին հավատարիմ` համույթը ունկնդիրներին խանդավառեց տարբեր ազգերի երաժշտարվեստին հատուկ ինչ-ինչ ելևէջների արտահայտություններով: Հնարավոր է, որ աշխարհի ժողովուրդների փոխըմբռնումը կայանա մշակութային երկխոսությունների ճանապարհով: Գեթ կամրապնդվի: Անհրաժեշտ է, պարզապես, ակտիվացնել դրանք` հագեցնելով խորը, ճանաչողական, բարձրարվեստ բովանդակությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ