Կտրուկ շրջադարձ


 

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել մի քաղաքական հայտարարությամբ, որը պատասխան է այն բոլոր հարցականներին, որոնք հետընտրական ժամանակահատվածում ձևավորել էին գլխավոր մտահոգությունները. արդյո՞ք կձևավորվի կոալիցիան, և արդյո՞ք ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նախահիմքեր կստեղծեն` 2013-ին միասնաբար պաշտպանելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Թվում էր, որ երկու կուսակցության միջև վերացել են բոլոր տարաձայնությունները, ձեռք են բերվել համաձայնություններ, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր, որ ԲՀԿ անդամ բոլոր նախարարները պահպանելու են իրենց տեղերը` բացառությամբ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի:

Սակայն տեղի ունեցավ կտրուկ շրջադարձ, որի արդյունքում էլ ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ հրաժարվում է մաս կազմել դեռևս 2007-ին ստեղծված կոալիցիայի, ինչի արդյունքում էլ կուսակցությունը հրաժարվում է կառավարությունում ունեցած իր տեղերից:

Սա իսկապես աննախընթաց որոշում էր, քանի որ վերջին օրերի հայտարարությունները տանում էին դեպի այլ հանգուցալուծման: Ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչու քաղաքական համաձայնություններ չկայացան: Գիտենք, որ ԲՀԿ-ի համար սկզբունքային էր համարվում վարչապետի խնդիրը, քանի որ այդ քաղաքական ուժը դեմ էր, որ Տիգրան Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Կար նաև Հովիկ Աբրահամյանի` ԱԺ նախագահ նշանակվելու հարցը:

Գուցե նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի բանակցություններում քննարկվել են այս հարցերը, գուցե եղել են այլ խնդիրներ ևս, որոնք տակավին մնում են մշուշապատ: Չի բացառվում, որ այս յուրատեսակ հանգուցալուծման մեջ իր ներկայությունն ունի նաև այսպես կոչված ռուսաստանյան հետքը: Հայտնի է, որ Կրեմլում այնքան էլ խանդավառված չէին հայաստանյան ընտրությունների արդյունքներով ու մանավանդ այն հանգամանքով, որ խորհրդարանում գերակայող էին դառնում եվրոպական կողմնորոշում ունեցող ուժերը: Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը ռուսաստանյան կողմնորոշման ներկայացուցիչ է:

Քաղաքականության մեջ ենթադրությունները միշտ դատապարտված են, քանի դեռ չկան հստակ և ճշգրիտ բացատրություններ: Այս դեպքում ևս մենք ունենք ընդամենը մի հայտարարություն, որով ԲՀԿ-ն փորձում է ինչ-որ բացատրություններ տալ` միաժամանակ պնդելով, որ ակտիվ մասնակցություն է բերելու երկրի քաղաքական և հասարակական կյանքում` խորհրդարանում իրականացնելով համակողմանի օրինաստեղծ գործունեություն: Սակայն այս ամենը ապակողմնորոշում է քաղաքական համաչափությունների ընթացքը: Օրինաչափ հարց է առաջանում. ԲՀԿ-ն դառնում է իշխանությունների կողքին կանգնող կենտրոնամետ ո՞ւժ, թե՞ վերածվում է ընդդիմության: Եթե դու իշխանություն չես, ապա ընդդիմություն ես: Այս դեպքում արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանն» ընդունում է ընդդիմադիր լինելու ձևաչափը:

Քաղաքական զարգացումները անպայման այս հարցերի պատասխանները կտան, անպայման մեր քաղաքական իրականության մեջ ծնունդ կառնեն նոր մոտեցումներ: Ուրեմն` հետևենք դեպքերի ընթացքին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ