ՕԼԻԳԱՐԽ-ՌԵԿՏՈՐԸ


 

Օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հայտարարեց, որ իրեն է պատկանում տուրիստական գործունեություն իրականացնող «Ֆեստա տուր ավիա» ընկերությունը, քանի որ ինքը շատ փող է սիրում, միշտ ձգտել է ապրել ճոխությունների մեջ: Նա նաև հավելեց, որ տուրիստական ընկերության գործունեությունն ապահովելու համար ստանում է նաև կառավարության աջակցությունը: Այստեղ ուշագրավն այն է, որ ցանկացած ՊՈԱԿ-ի տնօրեն հանդիսանում է պետական ծառայող: Այսինքն, համաձայն գործող օրենսդրության` իրավունք չունի գիտական և դասախոսական աշխատանքից զատ, զբաղվելու ֆինանսական հոսքեր ապահովող այլ աշխատանքով: Մինչդեռ ԵԹԿՊԻ ռեկտորը հրապարակավ հայտարարում է իր բիզնեսմեն լինելու մասին և անգամ հպարտանում` իր գործունեությունն արդարացնելով, թե ինքը վճարում է ուսանողների վարձերը... Թե այս հայտարարությունից հետո ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ԿԳՆ-ն` չգիտենք, բայց որ ռեկտորի հայտարարությունը պետք է հիմք հանդիսանա հարցի համակողմանի քննարկման համար` չենք կասկածում: Ավելացնենք նաև, որ Արմեն Մազմանյանը դարձյալ հրապարակավ հայտարարեց, որ այսուհետև արգելվում է մարզերի դիմորդների մուտքը ԵԹԿՊԻ. թող նրանք սովորեն իրենց մարզերում գործող մասնաճյուղերում: Ստացվում է, որ նա մարդու իրավունքների ոտնահարման մասին հայտարարություն է անում և այսպես զրկում ՀՀ քաղաքացիներին կրթության ազատ ընտրության հնարավորությունից:

- Գավառցիները կարող են համապատասխան կրթություն ստանալ տեղերում,- արհամարհանքով արտահայտվել է Մազմանյանը` այլ բնակավայրերի դիմորդների մասին:

Չմոռանանք հիշեցնել, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների` Արմեն Մազմանյանի արմատներն էլ մայրաքաղաքային չեն, նա սերում է Նալբանդ գյուղից...