Արհեստական սրտիկը փրկեց


 

Եզակի վիրահատություն են կատարել իտալացի մանկաբույժները: Հռոմի «Բամբինո Ջեզու» մանկական հիվանդանոցում մահվան հետ կռիվ տվող 16 ամսեկան երեխային փոխպատվաստել են աշխարհի ամենափոքրիկ արհեստական սրտիկը: Դրա շնորհիվ մանուկն ապրել է` մինչև համապատասխան դոնորական սիրտ է գտնվել:

- Վիրահատությունն այնքան բարդ էր, որ միայն հիմա` երբ փոքրիկի կյանքն արդեն անվտանգ է, մենք կարող ենք պատմել այդ փորձի մասին,- պարզաբանել է վիրաբուժական խմբի ղեկավար Անտոնիո Ամեդեոն:

Նա մանրամասնել է, որ արհեստական այդ սարքը բաղկացած է պոմպից, որը կարող է 1 րոպեում մինչև 1,5 լիտր արյուն մատակարարել սրտին: Պոմպի երկարությունը 5 սմ է, լայնությունը` 1 սմ, կշռում է 11 գրամ: Հրաշագործ սարքը, որն իրավացիորեն «արհեստական սիրտ» անունն է ստացել, արտադրվել է Ամերիկայում ու դեռևս կլինիկական փորձարկման փուլում է: Երեխայի կրծքավանդակում այն տեղադրվել է ժամանակավորապես` 13 օր, որովհետև սրտամկանի ախտահարման հետևանքով մանկիկը չէր կարող դիմանալ` մինչև իսկական սիրտ հայթայթելը:

Ամեդեոյի հավաստմամբ` այդ վիրահատությունն իր տեսակի մեջ նոր ռեկորդ կարող է համարվել` փոխպատվաստումների բնագավառում (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):