Մարդակե՞ր, թե՞ միայն օտարակեր


 

Ստացվում է` միայն անծանոթների հետ հարաբերվելուց չէ, որ պետք է զգուշանալ: Փոխադրամիջոցում անգամ կողքիդ նստածը ոչ միայն գող կամ ինքնատիրապետումը կորցրած թմրամոլ կարող է լինել, այլ ամենաիսկական մարդակեր:

Հրեշավոր դեպք է կատարվել կանադական երթուղային մի ավտոբուսում: Ուղևորներից մեկը բոլորի աչքերի առջև կտրել է իր կողքին նստածի գլուխն ու կերել նրա ներքին օրգանները: Հետո իր արարքը գնահատել է որպես բարի գործ. ինքը օտար եկվորներին վերացնելու առաքելություն է կատարել (տեղեկացրել է DΖily MΖil-ը):

Ինքը` օտարակեր Վինս Լին, չինաստանցի ներգաղթյալ է, իսկ նրա զոհը 22-ամյա Տիմ Մակլին` տեղացի: Վերջինս Լիի կողքին նստած` ականջակալներով երաժշտություն էր լսում: Աչքերը փակած` նա չի հասցրել նկատել, թե ինչպես հարևանը գրպանից հանկարծ հանել է դանակն ու անխնա հարվածներ հասցրել իրեն: Գլխի կտրվելն, իհարկե, Տիմն արդեն չէր կարող զգալ:

Վարորդը կանգնեցրել է ավտոբուսը, և սարսափահար ուղևորները գլխապատառ փախել են: Իսկ Վինսը հանգիստ կտրել ու կերել է զոհի մարմնի մի մասը, ապա ավտոբուսի մոտ խռնված մարդկանց հպարտորեն ցուցադրել է նրա գլուխը:

Միջադեպը կատարվել է ավելի վաղուց, բայց մանրամասներն հիմա են ի հայտ գալիս` երբ ավարտվել է գործի քննությունը: Վինս Լիին բժիշկներն անմեղսունակ են ճանաչել: «Եկվորների որսորդը» մինչև կյանքի վերջը կմնա հոգեբուժարանում. երբեմն միայն նրան կթույլատրվի հեռանալ կլինիկայից` բժիշկների և պահապանների ուղեկցությամբ:

Բժիշկներն ասել են, թե նա զղջում է կատարածի համար և նույնիսկ գիտակցում է, որ տառապում է ծանր մտագարությամբ (շիզոֆրենիա), որը «խաբում է իր ուղեղին»: Վինսը պատմել է, որ մինչ հանցանք կատարելն ինքն անընդհատ ձայներ է լսել, որոնք իրեն հրամայել են գտնել ու ոչնչացնել օտարականներին: Նա նաև խոստովանել է, որ եթե չձերբակալվեր, ապա իր «առաքելության» զոհերը մեծ թիվ կկազմեին: