Ողբերգություններ մեր շրջապատում, մեր կողքին


 

Վերջերս, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ջրահեղձ վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Խաչատրյանի դիակը:ջ

Ոստիկանները պարզել են, որ տղան Մրգաշատ գյուղի տարածքում գտնվող ոռոգման ջրերի կուտակման համար նախատեսված ջրամբարում լողալիս` ջրահեղձ է եղել:

Նույն օրը, երեխայի հայրը, գտնվելով հոգեկան հուզմունքի վիճակում, հիվանդանոցի ընդունարանում գոտկատեղից հանել է թմբուկավոր ատրճանակը` լիցքավորված 4 փամփուշտով և փորձել է ինքնասպանություն գործել: Սակայն այդ պահին ընդունարանում գտնվող ոստիկանության ծառայողը նրա ձեռքից վերցրել է զենքը:

Ընթերցողին ներկայացնելով այս ցավալի դեպքը, չենք կարող մեր ափսոսանքը չհայտնել կատարվածի առնչությամբ: Իրոք, մեծ ցավ և ողբերգություն է զավակ կորցնելը, այն էլ` ծաղկուն տարիքում, այն էլ` նման անհեթեթ դիպվածի պատճառով: Անփարատելի է ծնողների վիշտը: Բոթը լսելու ծանր վայրկյանին, տարաբախտ հոր համար, այլևս անիմաստ էր դարձել ապրելը... Բայց ի՞նչ, ի՞նչ անուն տաս այն հորը, որը կարող է համարձակություն ունենալ և ոտնձգություն կատարել հարազատ երեխայի կյանքի նկատմամբ, ինչպես օրեր առաջ Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած դեպքում:

Մայիսի 20-ին, ժամը 10.40-ի սահմաններում, 39-ամյա մի կին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ ամուսինը երեխայի վրա բենզին է լցրել և ցանկանում է վառել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ առավոտյան Հաղթանակ թաղամասի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել կնոջ, նրա 16-ամյա դստեր և ամուսնու միջև, որի ժամանակ ամուսինը պոլիէթիլենի շշով բենզինը լցրել է դստեր վրա և կրակայրիչով փորձել հրկիզել: Կնոջ և դստեր դիմադրության ու փախուստի պատճառով տղամարդը չի հաջողել հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի վայրի զննության ժամանակ կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը թմրամոլ է, կանեփի թփեր է աճեցնում: Նա մատնացույց է արել այգու վերջնամասում գտնվող գոմի տանիքը, որտեղ հայտնաբերվել է 2 դույլ` կանեփանման բույսերով և թփերով լցված:

Կինը ներկայացրել է նաև բենզինի դատարկ շիշ և հայտնել, որ այն ամուսնու կողմից օգտագործված շիշն է, որում եղած բենզինը լցրել է դստեր վրա: