Արձագանքեք, տուժողնե´ր


 

Վերջին շրջանում մեր թերթը բազմիցս անդրադառնալով խարդախության ամենատարբեր դրսևորումներին, մասնավորապես զգուշացրել էր նորահայտ «մասնագետի» այն տեսակի մասին, որը կոչվում է հարց լուծող: Այդպիսիների համար էական նշանակություն ունի հերթական դյուրահավատի մոտ հույժ կարևոր մարդու տպավորություն գործելը: Իսկ դրա համար երբեմն առանձնակի ջանք չի պահանջվում` հարդարված աշխատասենյակ, կոստյում, փողկապ, դեմքի լուրջ արտահայտություն... Վերջերս նման մի «հարց լուծողի» որոգայթում էր հայտնվել նաև մեր համաքաղաքացիներից մեկը:

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ ոմն Լևոն Ոսկանյան, ներկայանալով իբրև պաշտոնատար անձ` Ազգային անվտանգության ծառայության աշխատակից, Հայաստանի բանկերից մեկում 30 հազար դոլարի հիպոթեքային վարկ ձևակերպելու նպատակով մի քաղաքացուց պահանջել է երեք հազար դոլար` ինչը պետք է փոխանցեր բանկի կառավարչին` որպես կաշառք:

Եվ ինչպես լինում է նման դեպքերում` այդ «հույժ պաշտոնատար անձը» նույնպես չի կատարել խոստումը և յուրացրել է գումարը:

Ոստիկանության ծառայողների միքանիօրյա որոնումները հաջողությամբ պսակվեցին և Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 28 շենքի բնակիչ, 1954 թ. ծնված Լևոն Ոսկանյանը բերման ենթարկվեց բաժին:

Չի բացառվում, որ սա Լևոն Ոսկանյանի նմանատիպ միակ արարքը չի: Նրա գործողություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին: