$ 6500` տղամարդկային անկայունության համար
Նրբանկատ է բրազիլական արդարադատությունը. այն պատժելի է համարում նաև փոփոխամտությունը: Ռիո-դե-Ժանեյրոյի դատարանն, օրինակ, մի տղամարդու պարտավորեցրել է 6500 դոլար փոխհատուցում վճարել հարսնացուին` բարոյական վնասի և նշանադրության հանդիսության բոլոր ծախսերի դիմաց:
Բարոյական վնասը հարսանիքը մի քանի օրով հետաձգելն է: Եվ արդարադատությունը այդ «հանցանքը» դիտարկել է որպես տղամարդկային փոփոխամտություն:
Ամուսնական դաշինք կնքելուց օրեր առաջ Մարսելո Ֆերնանդեսն անսպասելիորեն փոշմանել է և խզել հարաբերությունները Քրիստինա դե Անդրադեի հետ: Փեսացուի այդ քայլը հուսահատեցրել, հոգեկան մեծ ցավ է պատճառել աղջկան:
- Չի կարելի անտեսել այն տառապանքները, ցավը և նվաստացումները, որոնց ենթարկվել է տուժող կողմը,- նշված է դատարանի վճռում:
Վնասի փոխհատուցումը հաշվարկվել է հարսանեկան արարողության նախապատրաստված ծախսերի, հոգեվերլուծաբանի ծառայությունից օգտվելու վճարի ընդհանուր գումարով:
Հետաքրքրական է, որ Բրազիլիայում սա առաջին դեպքը չէ, երբ պատժում են վախկոտ, անկայուն փեսացուներին` հարսանիքի օրը երկարաձգելու կամ չեղյալ հայտարարելու համար: