Խորոված սաղմեր վաճառողը


 

Լկտիության աղաղակող փաստ է արձանագրվել Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում: Ոստիկանությունը ձերբակալել է մի բրիտանացու, ում մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղում փաթաթված մարդկային 6 խորոված սաղմ:

Իրավապահների ունեցած տվյալներով` ձերբակալվածը սաղմերը գնել է 6,5 հազար դոլարով` Թայվանում վաճառելու նպատակով: Իր վճարածի վեցապատիկ գումարն էլ նա վճարել էր` մաքսանենգ ապրանքը երկրից երկիր տեղափոխելու համար:

Եվ ինչերի՞ միայն չեն հավատում ու ինչե˜ր միայն չեն մոգոնում մարդ-արարածները` նորին մեծությունների հաջողության և հարստության «աչքն» իրենց վրա քաղցրացնելու համար: Չլսված, անպատկերացնելի, խղճի ու տրամաբանության տիրույթներում չտեղավորվող ամեն ինչի պատրաստ են, փաստորեն: Այս կասկածյալն, օրինակ, խոստովանել է, որ այն մարդիկ, ում ինքը պետք է վաճառեր այդ սաղմերը, հավատում են, թե դրանք հաջողություն ու հարստություն են բերելու իրենց: Ինչպես նշել է ՌԻԱ «Նովի ռեգիոն»-ը` թայլանդացիների շրջանում և չինական որոշ համայնքներում հավատալիք կա, որ մարդկային սաղմը երջանկաբեր է: Եվ նման` չծնված մարդկանց զմռսված դիակները հաճախ պահպանվում են տներում ու գրասենյակներում:

AFP գործակալությունն էլ փաստել է, որ լույս աշխարհ եկած մանկանց մարմինները չորացված ու պատված են եղել ոսկյա ներկով և նախատեսված էին սև մոգության ծիսակարգերի համար: Այս վարկածը, թերևս, ավելի հավատընծա է:

Ներկայումս ոստիկանությունը փորձում է պարզել այդ սաղմերի «ծագումը». առայժմ դժվար է ասել` դրանք վիժման, թե՞ աբորտի արդյունք են:

Թայվանական ծագմամբ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Չժուո Հունկունը շուտով դատական պատասխանատվության կենթարկվի: Սակայն տեղական օրենքները նման հանցանքի համար առանձնապես խիստ պատիժ չեն նախատեսում: Բրիտանացուն սպառնում է 1 տարվա ազատազրկում և ոչ մեծ տուգանք